ՌԴ-ն այլոց համեմատ ավելի մեծ հնարավորություններ ումի միջնորդելու Ադրբեջանի և ՀՀ միջև

0
343

Այս մասին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Հիշեցնելով Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, սկսած 1988թ. փետրվարից, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը և ղեկավարությունը որոշում ընդունեցին դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից և միավորվել Հայկական ԽՍՀ-ի հետ, ինչը հանգեցրեց արյունահեղ պատերազմի, Սաֆարյանը նկատեց, որ այս ողջ ընթացքում Թուրքիան փորձել է մասնակից լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ փորձելով դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործուն անդամ և նույնիսկ համանախագահներից մեկը: Սակայն Հայաստանը մշտապես առարկել է այդ հարցում, իր դիրքորոշումները հիմնավորելով այն պատճառաբանությամբ, որ Թուրքիան միակողմանի պաշտպանում է Ադրբեջանին և ունի կողմնապահ դիրքորոշում այս հակամարտության խնդրում:

“Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը արմատապես փոխվեց: Ադրբեջանը վերադարձրեց 90-ականների սկզբին կորցրած տարածքները և նույնիսկ նվաճեց նախկին ԼՂԻՄ-ի բուն տարածքի մեկ քառորդը: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից, երեք երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններ սկսվեցին, որտեղ կողմերի պատվիրակությունների ղեկավարներն են երեք կառավարությունների փոխվարչապետերը: Բանակցությունները, մասնավորապես, ենթադրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնում և քաղաքական հարաբերությունների կարգավորում միջազգային իրրավունքի հիմնարար սկզբունքի պաշտպանության հիման վրա: Այդ բանակցությունները առաջ են մղվում շատ մեծ դժվարությամբ, սակայն կողմերի ներկայացուցիչների վկայությամբ, քայլ առ քայլ, այնուամենայնիվ, տեղից շարժվում են”,- ասաց նա:

Սաֆարյանը հիշեցրեց, որ նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեց Հայաստանի անկախությունը ետխորհրդային նորանկախ հանրապետությունների թվում: Սակայն նա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց: Այն ժամանակ չնայած թվում էր, որ այդ հարաբերությունները ուր-որ է կհաստատվեն և դա կդառնա հարաբերությունների ամբողջ համալիրի կարգավորման սկիզբ, սակայն այն բանից հետո, եբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկվեցին խոշորամասշտաբ ռազմական գործողություններ հայտնի արդյունքով, 1993թ. մայիսին թուրքական կառավարությունը Հայաստանի հանդեպ էմբարգո հայտարարեց և փակեց ցամաքային սահմանները:

“Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծավալման ողջ ընթացքում Թուրքիան հետևողականորեն և գնալով ավելի ու ավելի մեծ չափով աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին: Թուրքական օգնությունը ներառել է քաղաքական, ռազմական, առևտրատնտեսական և բոլոր այլ ոլորտները: Ադրբեջանը հռչակեց «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքը և հետևողականորեն կենսագործել ու կենսագործում է Թուրքիայի հետ ինտեգրման ուղեգիծը: 2008թ. Թուրքիան և Հայաստանը գործընթաց սկսեցին հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Այս գործընթացի հովանավորն էր ԱՄՆ-ն, որը համոզեց Ֆրանսիային և Ռուսաստանին նույնպես մասնակցելու միջնորդական ջանքերին: Կարգավորման գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, քանի որ Թուրքիայի նախագահը եկավ Երևան և դիտեց երկու երկրների հավաքական թիմերի միջև ֆուտբոլային խաղը, իսկ այնուհետև Հայաստանի նախագահը եղավ Թուրքիայում և արեց նույն բանը: Սակայն այս գործընթացը ևս տապալվեց Թուրքիայի կողմից”,- հիշեցրեց նա:

Հայաստանը և Թուրքիան հաշտեցնելու ամերիկյան փորձը հաջողություն չունեցավ և այդ հարցին Թուրքիայում և Հայաստանում այլևս չվերադարձան մինչև 2022 թ. 44-օրյա պատերազմը: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը արմատապես փոխվեց, այն հնարավոր դարձրեց Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հաղորդակցության միջոցները վերաբացելու նպատակով: Հայ և թուրք դիվանագետները կրկին հաստատում են, որ ընթանում է բանակցային գործընթաց առանց նախապայմանների: Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է իր պատրաստակամությունը դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

“Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման սրումից և հիբրիդային պատերազմների ծավալումից հետո ռուսաստանյան ԱԳՆ-ն հայտարարեց այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել: ԵՄ ներկայացուցիչները ԱՄՆ աջակցությամբ դիվանագիտական աշխուժություն են դրսևորել և նույնպես միջնորդում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը առաջ մղելու նպատակով: Այսպիսով, Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև որոշակի մրցակցություն նկատվեց Արցախյան հարցում: Չնայած հարկ է նշել, որ նրանց միջև այս հակամարտությունը կարգավորելու, ապագայի և տեսլականի ու բովանդակության հարցում տարբերություն գործնականում չկա: Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ռուսաստանը ունի ցանկացած այլ ուժային կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրս և փորձառություն միջնորդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև: Արևմուտքի հետ առճակատման սրացման մթնոլորտում Ռուսաստնը հայտարարում է իր ցանկության մասին զարգացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Ռուսաստանյան խաղարարար զորախումբը այսօր պաշտպանում է Արցախի բնակչության անվտանգությունը”,- ընդգծեց Արամ Սաֆարյանը:

Ու չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը, բոլոր համանախագահները հայտարարում են այս հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործում իրենց միջնորդությունը շարունակելու ցանկության մասին: Բրյուսելում ԵՄ ղեկավարի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույնիսկ մշակել են կողմերի բարձր ներկայացուցիչների միջև հանդիպումների օրացույց, որի նպատակն էր ձևավորել կարգավորման կոնկրետ միջոցառումներ:

“Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, չնայած ձևականորեն երկու առանձին գործընթացից է բաղկացած, սակայն իրականում նրանք շատ ամուր կապված են իրար միջև և դրանք անհրաժեշտ է դիտարկել և ուսումնասիրել այդ ներքին միասնության ըմբռնումով: Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ և բարձր է գնահատում այն, որ պաշտոնական Անկարան չի հետևել հավաքական Արևմուտքի այլ երկրներին արգելամիջոցներ հայտարարելու խնդրում: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Մեծ Եվրասիայի տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերում հանդիսանում են միաժամանակ և մրցակցային, և համագործակցային, և ներկայանում են իբրև առճակատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հարաբերությունները սինքրոնացնելու նպատակով ստեղծվել է նաև նոր «3+3» ձևաչափ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, ինչն իրենից ներկայացնում է դեռևս 2006-2007թթ. թուրքական արված առաջարկության զարգացում: Այդ ձևաչափը նույնիսկ այն բանից հետո, երբ նրանում չի ուզում մասնակցել Վրաստանը, ներկայանում է շատ կենսունակ քաղաքական և տնտեսական հարցերը դիտարկելու և առաջ մղելու տեսանկյունից: Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ողջունում են և Ռուսաստանը, և Թուրքիան և Իրանը: Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարը խախտվում է արյունահեղ զինված բախումներով հայ-ադրբեջանական սահմանի ամենատարբեր կետերում, միջազգային շրջանակներում ասում են, որ բանակցությունները շարունակվում են և դրված ամսաթվերը դիրքորոշումները մերձեցնելու և խաղաղ առաջ մղելու համար դեռևս պահպանվում են:,- ասաց նա ու հավելեց, որ խաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում, չնայած տարբեր երկրների բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ և փորձագետներ պնդում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև տեսականորեն դեռևս հնարավոր է:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here