Հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ տեսականորեն դեռ հնարավոր է. Սաֆարյան

0
291

«Ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո հայ հասարակությունը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, չնայած ձևականորեն երկու առանձին գործընթացից է բաղկացած, սակայն իրականում նրանք շատ ամուր կապված են իրար միջև և դրանք անհրաժեշտ է դիտարկել և ուսումնասիրել այդ ներքին միասնության ըմբռնումով:

Այս մասին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» շրջանակում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը չի ուզում հակամարտություն Թուրքիայի հետ և բարձր է գնահատում այն, որ պաշտոնական Անկարան չի հետևել հավաքական Արևմուտքի այլ երկրներին արգելամիջոցներ հայտարարելու խնդրում:

“Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Մեծ Եվրասիայի տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերում հանդիսանում են միաժամանակ և’ մրցակցային, և’ համագործակցային, և’ ներկայանում են իբրև առճակատում: Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հարաբերությունները սինքրոնացնելու նպատակով ստեղծվել է նաև նոր` «3+3» ձևաչափ՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, ինչն իրենից ներկայացնում է դեռևս 2006-2007թթ. թուրքական արված առաջարկության զարգացում: Այդ ձևաչափը նույնիսկ այն բանից հետո, երբ նրանում չի ուզում մասնակցել Վրաստանը, ներկայանում է շատ կենսունակ քաղաքական և տնտեսական հարցերը դիտարկելու և առաջ մղելու տեսանկյունից: Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ողջունում են և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը: Չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված հրադադարը խախտվում է արյունահեղ զինված բախումներով հայ-ադրբեջանական սահմանի ամենատարբեր կետերում, միջազգային շրջանակներում ասում են, որ բանակցությունները շարունակվում են և դրված ամսաթվերը դիրքորոշումները մերձեցնելու և խաղաղ առաջ մղելու համար դեռևս պահպանվում են»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանն ընդգծեց՝ Ռուսաստանն ունի ցանկացած այլ ուժային կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ հնարավորություններ, ռեսուրս և փորձառություն միջնորդելու Ադրբեջանի և Հայաստանի միջև:

«Արևմուտքի հետ առճակատման սրացման մթնոլորտում Ռուսաստանը հայտարարում է իր ցանկության մասին զարգացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Ռուսաստանյան խաղարարար զորախումբը այսօր պաշտպանում է Արցախի բնակչության անվտանգությունը”,- հիշեցրեց նա:

Սաֆարյանը հավելեց, որ խաղաղ գործընթացը առաջ է մղվում անվստահության, ատելության և թշնամանքի մթնոլորտում, չնայած տարբեր երկրների բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ և փորձագետներ պնդում են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի միջև տեսականորեն դեռևս հնարավոր է:

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here