Հայաստանը գրավել են 2018-ին՝ գունավոր հեղափոխության տեխնոլոգիայով. Հարությունյան

0
296

Ինչու այսօր չի հաջողվում իրականացնել այն, ինչ 1988-92 թթ.-երին, ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ ունեինք խիստ զարգացած հասարակություն եւ կապեր Սփյուռքի հետ, դրա համար էլ կարողացանք հաղթել Ադրբեջանին: Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ: Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Երբ խոսում ենք հայաստանյան խնդիրների մասին, միշտ պետք է անդրադառնանք համահայկական խնդիրներին: 1988 թվականից մինչեւ այսօր Հայաստանում, այսպես ասած, գիտակրթական, ինտելեկտուալ, հոգեւոր մակարդակն իջել է ավելի քան 12 անգամ: Արցախյան առաջին պատերազմում կռվում էին Լեոնիդ Ազգալդյանը, Սեյրան Օհանյանը, որը չտեսնված կարեւոր դերակատարում ունեցավ՝ այդ տարիներին լինելով Արցախում, իսկ այսօր մենք զրկված ենք այդ հնարավորություններից: Եվ խնդիրը միայն չի վերաբերում գիտնականներին եւ գիտաշխատողներին: Մենք չունենք  ոչ միայն լավ գիտնականներ, այլ նաեւ լավ զոդողներ եւ այլ արհեստավորներ: Ես ներողություն եմ խնդրում գիտնականներից, պատիվ եմ ունեցել շփվել շատերի հետ՝ Նոբելյան մրցանակակիրների, ակադեմիկոսների, բայց մենք այսօր չունենք այն, ինչ ունեինք: Մեզ մոտ գնացել է ահավոր դեգրադացիա: Դեռեւս 8 տարի առաջ ասել էի, որ «Արաբական գարունից» հետո՝ Հայաստանում լինելու է գունավոր հեղափոխություն, որովհետեւ նույն աշխարհաքաղաքական նախագիծն է իրագործվում:

Իսկ այսօր արդեն ունենք օկուպացված երկիր: Հայաստանն այսօր գրավյալ երկրների ցուցակում է, որովհետեւ այն գունավոր հեղափոխության տեխնոլոգիաների միջոցով գրավել են 2018 թվականից: «Իդեալական շպիոնին» համապատասխանող կերպարը բոլոր պունկտերով կատարում է իրեն հրամայված գործողությունները: Ւսկ թե ինչ է լինելու հետո, ցավոք, շատ քիչ են լավատեսական սցենարները: Այսօր, առանց չափազանցության, աշխարհում ընթանում է համաշխարհային պատերազմ, որը վարվում է հիբրիդային մեթոդներով: Այս ամենը կարող է վերջանալ համաշխարհային կատակլիզմով եւ ապոկալիպսիսի դրվագներով, ինչը ռեալ սցենար է: Եթե այդ սցենարը կյանքի կոչվի, ապա Եվրոպայի կեսի եւ Եվրասիայի եվրոպական մասի վրա կարող ենք խաչ քաշել 100 տարով», — ասաց Գ. Հարությունյանը:

Նշենք, որ «ուղեղային գրոհ»-ին ներկա էին քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here