Հայաստանը պետք է ձեւակերպի կարեւոր խնդիրներ ԵՏՄ շրջանակում ներուժն իրացնելու համար. Թավադյան

0
106

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում, հատկապես միգրացիոն հոսքերի համակարգման համար Հայաստանի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա համապատասխան ընթացակարգերի ձեւավորման գործում, որոնք թույլ կտան օրենսդրորեն լուծել միգրացիայի հիմնախնդիրները, կազմակերպությունների ձեւավորումն ու գործազրկության մակարդակի նվազեցումը։ Այս մասին հայտարարել է  Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։

Նրա խոսքով՝ կառավարության համակարգումն ու աջակցությունն անհրաժեշտ է միգրացիոն հոսքերը համակարգելու համար, որոնք ազդում են տնտեսական աճի վրա։ Հայաստանը պետք է ձեւակերպի այն կարեւորագույն խնդիրները, առանց որոնց դժվար կլինի ԵՏՄ շրջանակում ինտեգրացիոն համաձայնագրի ներուժը լիովին իրացնելը։

«Ինտեգրման գործընթացում ամենակարեւոր մեկնարկային դիրքը բնակչության եկամուտների մակարդակն է այն երկրների համեմատ, որոնք կազմում են ինտեգրացիոն խումբը: Հայաստանն ունի մեկ շնչի հաշվով միջինից ցածր եկամուտ։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտով Հայաստանը ԵՏՄ-ում զբաղեցնում է 4-րդ տեղը։  Հայաստանի աշխատաշուկայի կարեւոր բնութագիրը շարունակում է մնալ իրական գործազրկության բարձր մակարդակը, որը շարունակում է մնալ երկնիշ։ Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ տնտեսապես ակտիվ մարդկանցից մեկը գործազուրկ է։ Սա, իհարկե, չի նպաստում հայրենադարձության ռեսուրսի աճին»,-ասել է նա։

Հայաստանը, տնտեսագետի խոսքով, աշխատուժ արտահանող երկիր է, եւ առանց ակտիվ միգրացիոն քաղաքականության իրավիճակը չի կարող էապես փոխվել։ Առայժմ դրամական փոխանցումները եւ միգրանտները ընդլայնում են սպառողական շուկան, շինարարությունը եւ ծառայությունների արտադրությունը։ Մինչդեռ աշխատանքային ռեսուրսների պետական ​​քաղաքականությունը պետք է խթանի հայրենադարձության աճը։

«Հայաստանի կառավարությունը պետք է, մասնավորապես, խորացնի համագործակցությունը ԵՏՄ անդամ երկրների հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Մեղրիի ազատ առեւտրի գոտում միության երկրների հնարավորություններն իրացնելու համար, ակտիվացնի համագործակցությունը տարածաշրջանի գործընկեր երկրների հետ՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ հայկական արտադրանքն այդ երկրներ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է շարունակի աշխատանքը միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավական դաշտի ստեղծման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման եւ ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկի դեպի ծով ելք չունեցող երկրների հետ համագործակցության ուղղությամբ»,-թվարկել է Թավադյանը։

Հատկապես գյուղական շրջաններում, շարունակել է տնտեսագետը, կայուն աշխատավարձից եւ մշտական աշխաատատեղերից ժամանակավոր եւ ոչ այնքան պաշտոնական աշխատատեղերի ու ինքնուրուն զբաղվածության անցնելու միտման մակարդակը չի իջնում։ Բացի այդ, նման իրավիճակի առաջացման հիմնական պատճառը այլընտրանքային զբաղվածության բացակայությունն է։ Ոչ ֆորմալ լինելը մեկ այլ խնդիր է Հայաստանի աշխատաշուկայի համար. ոչ ֆորմալ հատվածում զբաղվածությունը հիմնականում կրում է պատահական բնույթ եւ հիմնված է անձնական եւ սոցիալական կապերի, այլ ոչ թե պայմանավորվածությունների վրա։ Ոչ ֆորմալ զբաղվածությունը, սովորաբար, քիչ է վարձատրվում, անկայուն է եւ խնդիրներ է ստեղծում ապագայում։ Այս հատվածում զբաղված մարդկանց սոցիալական նպաստներ չեն տրվում։

«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ Հայաստանում աշխատուժի արտագաղթին փաստորեն հաճախ վերաբերվում են որպես աշխատանքի ներքին շուկայում լարվածությունը մեղմելու եւ սփյուռքից ֆինանսական միջոցների ներհոսքի ավելացման միջոցի։ Այստեղ առաջանում է գլոբալ խնդիր՝ պայմանավորված տարբեր երկրների եւ տարածաշրջանների միջեւ ծնելիության եւ բնակչության եկամուտների մակարդակներում խզման խորացմամբ։ Վերաարտագաղթի գլխավոր պայմանը ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծումն է՝ աշխատանքի արժանի վարձատրմամբ, այլեւ հասարակության շերտատման մեղմումը, անարդարության, կոռուպցիայի վերացումը, իրավական եւ սոցիալական հանրության ստեղծումը։ Բաց տնտեսությունում, ինչպիսին Հայաստանն է, ազգային արտադրողների արտադրության ծավալների ավելացումը հնարավոր է, եթե նրանք կարողանան մրցակցել արտասահմանյան արտադրողների հետ։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել արդի տեխնոլոգիաները, սարքավորումները եւ նյութերը։ Պետք է խթանել նաեւ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքը տնտեսության մեջ։ Տեխնոլոգիաների կատարելագործման խթանման լրացուցիչ ուղի է պատրաստի արտադրանքի արտահանման աճը։ Տնտեսության արդիականացումը սերտորեն կապված է արտաքին առեւտրի վիճակի հետ»,- փաստել է Աշոտ Թավադյանը։

News.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here