Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է. կոռուպցիան խեղդում է մրցակցությունը. Թաթուլ Մանասերյան

0
262

Հայաստանում կոռուպցիայի աճող մակարդակը խանգարում է 2022 թվականի արդյունքներով ֆինանսական բարձր ցուցանիշները լիարժեք օգտագործել տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է։ Տնտեսության բոլոր ճյուղերի համարժեք զարգացումն առաջին հերթին ենթադրում է մրցակցության առկայություն։ Սակայն կոռուպցիան խեղդում է մրցակցությունը»,-նկատել է փորձագետը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ կոռուպցիան միայն մեկ ընկերության մասնակցությամբ մրցույթները կամ կաշառակերությունը չեն։ Մանասերյանի խոսքով` մեր երկրում ամենուր նկատվում է մի պատկեր, երբ ազդեցիկ պաշտոնյաների հարազատներն ու մտերիմները ղեկավար են նշանակվում այն ոլորտներում, որոնցից բացարձակ չեն հասկանում։

Ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ ամենամյա տնտեսական հետազոտության արդյունքները` Մանասերյանը նշել է, որ 2022 թվականի 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն այնքան էլ ճշգրիտ չի արտացոլում երկրի տնտեսության վիճակը։

Նրա խոսքով`գյուղատնտեսության օրինակով կարելի է հստակ ասել, թե իրականում որտեղ է գտնվում մեր տնտեսությունը, ինչպիսին է իրավիճակն իրական հատվածում։ Մանասերյանը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում չնչին 0,4 տոկոս աճը պետք է մտահոգիչ լինի, քանի որ երկրի բնակչության կեսից ավելին ապրում է գյուղական համայնքներում և, համապատասխանաբար, հենց այնտեղ է կենտրոնացված աշխատուժի մեծ մասը:

«Ինչպե՞ս կարելի էր այդքան ցածր արտադրողականություն թույլ տալ: ՄԱԿ-ի կայքում կա տեղեկատվություն` հիմնված Հայաստանի կառավարության զեկույցի վրա, որում ասվում է, որ գյուղատնտեսությունը հանրապետությունում թվայնացված է: Եթե այդպես է, ուրեմն ես չինարենի լավագույն մասնագետն եմ աշխարհում»,-դժգոհում է տնտեսագետը։

Նրա կարծիքով` եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ապրանքաշրջանառության աճը և հետխորհրդային երկրներում հայկական գյուղմթերքի նկատմամբ ավանդաբար դրական վերաբերմունքը, ոչ մի 14,2 տոկոս աճի մասին խոսք լինել չէր կարող։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here