ՌԴ համար Երևանը պետք է լինի հասկանալի ու վստահելի գործընկեր. կլոր-սեղան

0
38

Օրերս լրացավ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկ տարին, որը մեծ փոփոխություններ բերեց ամբողջ աշխարհում: Անմասն չմնաց նաև մեր տարածաշրջանը: Թե ինչ ազդեցություն այն ունեցավ և ինչ սպասել՝ հայ քաղաքագետները ներկայացրեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր խոսքում արձանագրեց՝ շատ բարդ տարի էր թե՛ մեր տարածաշրջանի, և՛ աշխարհի համար: Բայց այսօր էլ  ՀՀ առաջ ծառացած ամենագլխավոր խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որին ավելացել է նաև Ադրբեջանի հետ բանակցություններն առաջ տանելու ու խաղաղություն հաստատելու օրակարգը: Ըստ նրա՝ սա բարդ իրագործելի է, բայց մենք պետք է փորձենք հասնել դրան:

«Ուկրաինական զարգացումների այս մեկ տարվա ընթացքում բյուրեղացավ այն մոտեցումը, որ ՀՀ-ն այս իրավիճակում պետք է կարողանա այնպիսի արտաքին քաղաքական կուրս ունենա, որը մեր երկիրը հեռու կպահի փորձություններից ու հնարավորություն կտա նվազագույն հետևանքներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է օգտագործենք ողջ գործիքակազմը այդպես պահելու համար: Բայց Արցախի ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելու համար մեզ բնական դաշնակիցներ են պետք, որոնք նշմարվում են, բայց հստակ պետք է լինի մեկ բան՝ այդ ամենը չպետք է արվի մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին, ՌԴ համար Երևանը պետք է լինի հասկանալի ու վստահելի գործընկեր»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, սա քննություն է, որից Հայաստանը պետք է պատվով դուրս գա, և Մոսկվայում պետք է իմանան, որ այս բարդ վիճակում Հայաստանը չի հեռանալու ու չի դավաճանելու:

«Երևանը պետք է զերծ մնա գայթակղություններից: Սխալ կլինի ՀՀ կողմից փորձել խաղալ ռուսների, ամերիկացիների և ֆրանսիացիների հակասությունների վրա: Եվ մեծագույն սխալ կլինի, եթե մենք կարծենք, թե կարող ենք ՌԴ-Արևմուտք առճակատումից դիվիդենտներ շահել»,— հավելեց Սաֆարյանը:

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն էլ, կիսելով նախորդ բանախոսի կարծիքը, նշեց, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր շահը, բայց այն չպետք է փնտրի գերտերությունների առճակատման մեջ: Եվ առավելապես կարևոր է, որ ՀՀ-ն չդառնա թատերաբեմ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները պարզելու համար, և շարունակի կառուցել հարաբերությունները բոլոր բևեռների հետ, բայց իր հստակ խաղի կանոններով:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մեր երկիրը պատրաստ է հարաբերությունները զարգացնել այլոց հետ՝ չվնասելով դաշնակցային հարաբերություններին և, հատկապես, ոչ այդ հարաբերությունների հաշվին: ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս ՀՀ-ն պետք է խուսափի ծայրահեղություններից և, օրինակ, հետևի, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները, որոնք ժամանում են Հայաստան, մեր դաշնակիցների դեմ ուղղված հայտարարություններ չանեն: Հայաստանը ՌԴ հետ կապված է հազարավոր թելերով և ԵՄ պաշտոնյաները դա հստակ գիտեն»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ուղերձին, որից ՀՀ իշխանություններն էլ պետք է հետևություններ անեն՝ բացվող հնարավորությունների մասով, Բալասանյանն ասաց. «Պուտինի ուղերձը լավ հնարավորություններ է բացում ՀՀ համար, բայց մենք պետք է հստակ գծենք մեր կարմիր գծերը, հասկանալի լինենք մեր գործընկերների, դաշնակիցների ու նաև թշնամիների համար, որոնց համար ընկալելի պետք է լինի, որ կան գծեր, որոնցից Հայաստանը չի կարող անցնել»:

Իսկ ահա փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն ու Մոսկվայի արձագանքին այդ հանգամանքին նշեց, որ այս փուլում Հայաստանը պետք է շատ կշռադատված քաղաքականություն վարի իր հարևանների ու դաշնակիցների նկատմամբ:
Նրա խոսքով, բրյուսելյան շատ հանդիպումներից ու քննարկումներից իր համար հասկանալի է դարձել, որ այս առաքելությունը Բրյուսելում չեն համարում որպես փոխարինող մեխանիզմ, այլ համարում են դա հավելյալ արժեք, ինչը կարևոր է ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին և Երևանը դա պետք է կարողանա հասցնել իր դաշնակցին՝ ՌԴ-ին:

«Երևանը պետք է կարողանա իր ողջ դիվանագիտական գործիքակազմը օգտագործելով այնպես անի, որ այս հավելյալ մեխանիզմը չառաջացնի խնդիր բնական դաշնակցի հետ»,- ասաց նա:

Եզրափակելով կլոր սեղանի աշխատանքը՝ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման էպիկենտրոնում, քանի որ դա հղի է մեր երկրի համար բացասական հետևանքներով.

«Մեր կազմակերպությունը կշարունակի կազմակերպել նման միջոցառումներ, ներգրավելով լավագույն փորձագետներին՝ քննարկելու այսօր Հայաստանի առջեւ ծառացած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական մարտահրավերները։ Մեզ համար կարևոր է, որ հայ երիտասարդները տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենան, այսպես ասած, հենց առաջին ձեռքից»,- ամփոփեց Կոստանյանը։

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here