Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ դոլար. Արամ Սաֆարյան

0
247

«Պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որը ոչ թե խանգարում կամ կաշկանդում է տնտեսական ներուժի բացահայտմանը, այլ գալիս է ամրապնդելու այդ ներուժը: Ահա, թե ինչու, մենք կարծում ենք, որ մեր անմիջական հարևանների, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական Միության և Մեծ, Միջին Արևելքի երկրների, Չինաստանի հետ մեր տնտեսական համագործակցության զարգացման տեսլականը պետք է վճռորոշ լինի արտաքին քաղաքական քայլերի և ընդունվող որոշումների ժամանակ»,- այս եզրահանգմանն են եկել Եվրասիական փորձագիտական ակումբում՝ վերլուծելով 2022 թվականի տնտեսական ցուցանիշները, համեմատելով դրանք նախորդ տարիների ցուցանիշների եւ միտումների հետ:

Այսօր, «Սպուտնիկ Արմենիի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին Եվրասիական փորձագիտական ակումբի թվով ութերորդ տնտեսագիտական հետազոտությունները՝ «Հայաստանի տնտեսությունը 2022թ.՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» թեմայով:

Ամենամյա հետազոտությունների նպատակն է, ինչպես ներկայացրեց ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, խթանել Հայաստանի հասարակության և քաղաքական դաշտի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության և եվրասիական ինտեգրման արդի գործընթացների նկատմամբ:

Տնտեսագիտության պրոֆեսորներ Աշոտ Թավադյանի եւ Թաթուլ Մանասերյանի աշխատանքային խմբերի կատարած ուսումնասիրությունների հիման վրա, Արամ Սաֆարյանը չորս կարեւոր եզրահանգում է արել:

Առաջին. Եվրասիական տնտեսական միությունը դարձել է ՀՀ գլխավոր արտաքին առևտրատնտեսական գործընկերը: Այս ուղղությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներկրման ավելի քան 31%-ը, տարեցտարի հետևողականորեն աճում է առևտուրը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ. «Սա նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն գիտնականներն ու փորձագետները, որոնք վերջին տասնամյակում համոզված պնդել են, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն ունի հսկայական ներուժ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար»:

Երկրորդ եզրահանգումն այն է, որ սրընթաց տեմպերով աճում է առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. «Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, այլև տնտեսական ոլորտում առաջատար գործընկերը: Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը հայկական տնտեսության մեջ կազմում է 2 մլրդ դոլար: Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի Ռուսաստան 2022թ. աճել է 2,9 անգամ՝ կազմելով ռեկորդային $4,1 մլրդ: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը 2015թ. առաջին տարվա համեմատությամբ աճել է մոտ 10 անգամ: Ռուսաստանը Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է, և դեպի Ռուսաստան գնացող մեր արտահանումն ունի ամենադիվերսիֆիկացված բնույթը: Ռուսաստան է ուղղված մեր պատրաստի արտադրանքը, և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի»:

Երրորդ կարեւոր արձանագրումն, ըստ բանախոսի, այն է, որ Հայաստանի արտահանումը բոլոր ուղղություններով աճում է, ինչպես և աճում է ներկրումը համարյա բոլոր ապրանքատեսակների գծով. «2022թ. ցույց է տվել զարգացման աննախադեպ միտումներ տնտեսության բոլոր ճյուղերի համար: Հնարավորություն է ընձեռնվել լրջորեն մտածելու ոչ միայն տնտեսության հեռանկարային ուղղություններին պետական աջակցության տարբեր ձևերը մեծացնելու մասին, այլև բնակչության կուտակված սոցիալական խնդիրները քայլ առ քայլ լուծելու մասին: Կարևոր է, որպեսզի գործադրվեն ջանքեր տնտեսության մեջ 2022թ. գրանցված զարգացման միտումները հնարավորինս պահպանելու ուղղությամբ»:

Չորրորդ արձանագրումը վերաբերում է տարածաշրջանային և գլոբալ միջազգային գործընթացներին, 2023 թվականին ռեցեսիայի սպառնալիքներին: ՀՀ-ի համար Համաշխարհային բանկը և մյուս վարկանիշային միջազգային կառույցները զգուշավորությամբ կանխատեսում են 4%-ից ավելի աճ: Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետները կարծում են, որ այս տարի տնտեսական աճի միտումները կնվազեն երկրորդ կիսամյակում, սակայն բարենպաստ բիզնես-մթնոլորտի և նկատված տնտեսական հաջողությունների ճիշտ շարունակման դեպքում հնարավորություն կա 2023թ. Հայաստանի տնտեսության աճը 5-7% հասցնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here