Հայաստանի տնտեսությունը և ԵԱՏՄ-ն. 8 տարի՝ թռիչքը նորմալ է

0
340

Եվրասիական փորձագիտական ​​ակումբը ութերորդ տարին անընդմեջ ներկայացնում է տարեկան տնտեսական ուսումնասիրություն՝ «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում»։ Ակումբի փորձագետները ավանդաբար ուսումնասիրում են Հայաստանի տնտեսության ներկա վիճակը՝ հիմնվելով ՀՀ ​​վիճակագրական կոմիտեի տվյալների վրա, համեմատելով դրանք համաշխարհային և տարածաշրջանային առաջատար ֆինանսական կառույցների տվյալների և դրանց կանխատեսումների հետ։

Հետազոտությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ներկայացրեց այն հիմնական ասպեկտներն ու շեշտադրումները, որոնք փորձագետներն առաջ են քաշել իրենց աշխատանքի ընթացքում։ Սաֆարյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց չորս կարևոր ասպեկտների վրա:

«Եվրասիական տնտեսական միությունը դարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի առաջատար գործընկերը, այս ուղղությունը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը: Սա ավելին է, քան ցանկացած այլ ուղղություն: Տարեցտարի հետևողականորեն աճում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ առևտուրը, ինչը նշանակում է, որ ճիշտ էին բոլոր այն գիտնականներն ու փորձագետները, ովքեր վերջին տասնամյակի ընթացքում վստահորեն պնդում էին, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը հսկայական ներուժ ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար», — ասել է Սաֆարյանը։

Նա նշել է նաև, որ արագ տեմպերով զարգանում է առևտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որը ոչ միայն Հայաստանի հիմնական ռազմական և քաղաքական դաշնակիցն է, այլ նաև առաջատար գործընկերը տնտեսության ոլորտում։ Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն արդեն 2 մլրդ դոլար է կազմում։

«Հայաստանի Հանրապետության արտահանումը ՌԴ 2022 թ. աճել է 2,9 անգամ՝ կազմելով ռեկորդային 4,1 մլրդ դոլար: ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումը առաջին տարվա՝ 2015թ.-ի համեմատ ավելացել է մինչև 10 անգամ։ Ռուսաստանը Հայաստանի ամենահեռանկարային գործընկերն է, և մեր արտահանումները դեպի Ռուսաստան ամենադիվերսիֆիկացվածն են։ Մեր պատրաստի արտադրանքի արտահանումն ուղղված է դեպի Ռուսաստան, և այդ միտումը շարունակական աճի բնույթ ունի», — թվարկել է նա։

Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգողը նշել է, որ 2022 թվականը ցույց տվեց զարգացման աննախադեպ միտումներ տնտեսության բոլոր ոլորտներում։ Իսկ դա նշանակում է, որ մեզ հնարավորություն է տրվել լրջորեն մտածել ոչ միայն տնտեսության հեռանկարային ոլորտներին տարբեր պետական ​​աջակցության ձևերի ավելացման, այլև բնակչության կուտակված սոցիալական խնդիրների աստիճանական, փուլային լուծման մասին։

Արամ Սաֆարյան

«Կարևոր է, որ ջանքեր գործադրվեն 2022 թվականին գրանցված աճի միտումները հնարավորինս պահպանելու համար», — ասել է նա։

Եվ չորրորդը, որ մատնանշել է վերլուծաբանը, այն է, որ շատ կարևոր է ուշադիր հետևել տարածաշրջանային և գլոբալ միջազգային տնտեսական գործընթացներին, հատկապես առաջատար ֆինանսական կառույցների նախազգուշացումների ֆոնին այն մասին, որ 2023 թվականին նոր ռեցեսիայի սպառնալիքը իրական է:

«Սա նշանակում է, որ պատմության մեջ առաջին անգամ նույն տասնամյակում երկու ռեցեսիա է լինելու։ Կանխատեսումների մեծ մասի համաձայն՝ Ռուսաստանը կկարողանա նվազագույնի հասցնել նկատվող տնտեսական անկումը։ Հայաստանի համար Համաշխարհային բանկը և այլ վարկանիշային միջազգային կառույցները զգուշորեն կանխատեսում են 4%-ից ավելի աճ (4,5% գնաճի պայմաններում)։ Մեր տնտեսագետները կարծում են, որ այս տարվա տնտեսական աճի միտումները երկրորդ կիսամյակում կնվազեն։ Սակայն բարենպաստ բիզնես միջավայրում, ինչպես նաև 2022թվականի տնտեսական ձեռքբերումների շարունակականության համատեքստում  2023 թվականին Հայաստանի տնտեսության աճի հնարավորություններ կան մինչև 5-7 տոկոսի չափով»,- ընդգծել է Սաֆարյանը։

Եվ որ ամենակարևորն է, Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս կառուցողական մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիայի զարգացման ու խորացման հնարավորությունների ուսումնասիրման գործում, եզրափակել է Սաֆարյանը։

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ

Եվրասիական տնտեսական միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ։ Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է։ Ընդ որում, Ռուսաստան է արտահանվում հիմնականում պատրաստի արտադրանք։

«Հետաքրքիր է այն փաստը, որ եթե 2017 թվականի սկզբին դեպի Ռուսաստան արտահանման կազմում գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018 թվականին, իսկ հետո՝ 2019 թ. արտահանումն ավելի է դիվերսիֆիկացվել, իսկ դիվերսիֆիկացիան ունի շարունակական բնույթ, ինչը ցույց է տալիս ԵԱՏՄ շուկայի և Հայաստանի անդամակցության կարևորությունը տարածաշրջանային տնտեսական կազմակերպությանը։ «Ոչ ստանդարտ 2022 թվականին ԵԱՏՄ արտահանման հիմնական բաժինը այլևս ոչ թե ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանքն է, այլ սարքավորումները, որոնց արտահանումը տարվա ընթացքում աճել է ավելի քան 10 անգամ։ Սա պաշտոնապես գրանցված չէ, սակայն սա պատժամիջոցների պատճառով երրորդ երկրներից վերաարտահանումն է Ռուսաստան», — ներկայացրել է Թավադյանը։

Աշոտ Թավադյան

Տնտեսագետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման համար մեծ նշանակություն ունի թեթև արդյունաբերությունը, որի մասնաբաժինը 2018թ. կազմել է 9.0%: 2021 թվականին այս ցուցանիշը նվազել է մինչև ամբողջ արտահանման 5,9%-ը, իսկ 2022թ. նվազել է մինչև 3,5%: Նրա խոսքով, վերածնված թեթև արդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճն ապահովելու լոկոմոտիվ դառնալու ներուժ ունի, և, ընդհանրապես, կան բոլոր հնարավորությունները թեթև արդյունաբերության արտահանման աճի համար.

«Դա կարևոր է, քանի որ զբաղվածության զգալի աճ է ապահովում»,- ընդգծել է նա։

2023 թվականի կանխատեսումներ

«Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2022 թվականին տնտեսական որոշ միտումներ կարող են շարունակվել նաև 2023 թվականին։ Մասնավորապես, նա կանխատեսում է գործարար ակտիվության հետագա աճ, որը կարող է լինել 9%-ից ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ և նախադրյալներ.

«Մեր կանխատեսումները թվերով որոշակիորեն տարբերվում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կանխատեսումներից, սակայն դրանք համընկնում են դրական միտումների կանխատեսումների հետ։ Այսպես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը անցյալ տարվա սեպտեմբերին կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 8% աճ 2022 թվականին, և տեմպերի դանդաղում մինչև 4% 2023 թվականին։ Այս փուլում նշված կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 4%-ի մակարդակում։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2022 թվականին հանրապետության ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 14% պետական ​​բյուջեով սահմանված 7% ցուցանիշի, ինչպես նաև 4% (±1,5%) գնաճի կանխատեսման դեպքում: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թվականին կանխատեսել է Հայաստանի տնտեսության 11% աճ, Համաշխարհային բանկը (ՀԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ մինչև 7%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 8%, իսկ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 12,5%։ $1 – 395,88 դրամ)», — թվարկել է Մանասերյանը։ Նա հիշեցրել է՝ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,1%։

Թաթուլ Մանասերյան

«Նշված բոլոր կանխատեսումները կարևոր է դիտարկել համաշխարհային տնտեսական զարգացման միտումների համատեքստում։ Մասնավորապես, 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի մինչև 1,7%, այլ ոչ թե 3%, ինչպես ակնկալվում էր կես տարի առաջ։ Կարևոր խնդիրը, մեր կարծիքով, գործարար ակտիվության աճի ձեռք բերված մակարդակի պահպանումն է։ Երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկարները բարելավելու համար կառավարությունը և մասնավոր հատվածը պետք է մեծ ուշադրություն դարձնեն միջավայրի փոփոխության նկատմամբ դիմակայունության ձևավորմանը, արդյունավետ տնտեսական դիվերսիֆիկացիայի խթանմանը և պետական ​​կառավարման արդյունավետության բարձրացմանը: Շատ փորձագետներ կարծում են, որ միջազգային կազմակերպությունները և զարգացած երկրները պետք է աջակցեն փոքր պետություններին՝ պահպանելով պաշտոնական աջակցության շրջանակներում ֆինանսական միջոցների հոսքը՝ նպաստելու միջավայրի փոփոխությանը հարմարվողականությունն ու վերականգնելու համար պարտքի տնտեսապես կայուն մակարդակը», — ասել է նա։

Մանասերյանը ամփոփել է, նշելով, որ ներդրումների աճը խթանելու ազգային քաղաքականությունը պետք է հաշվի առնի երկրում ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, սակայն ելակետը միշտ էլ բյուջետային և դրամավարկային քաղաքականության հուսալի հիմքի ձևավորումն է, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված համալիր բարեփոխումների իրականացումը։

Լինա Մակարյան

Dalma News

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here