Մեր բարեկամները դրսում այդքան շատ չեն, որ առատորեն հրաժարվենք նրանցից

0
240

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկվեց հրապարակել այն մարդկանց ցանկը, որոնք պերսոնա նոն գրատա են հայտարարված, այսինքն՝ ում մուտքն արգելված է Հայաստան։ Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ, եւ ինչու է նրանց մուտքն արգելվել։ Այդ մարդիկ էլ պետք է տեղյակ լինեն, որ տոմս չգնեն՝ գան հասնեն Հայաստան եւ օդանավակայանում տեղեկանան, որ սահմանը հատել չեն կարող։ Ի վերջո, դա մարդու իրավունքների ոտնահարում է։

Հնչեց պատասխան, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ»։ Այսինքն՝ պետության եւ իր հանդեպ հարգանքը նույնացվում է։ Փաշինյանի խոսքով` Հայաստանն իրավունք ունի ինքնիշխան պետություններին բնորոշ այս գործիքակազմը կիրառել՝ իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար: Վարչապետն այդպես էլ չասաց, թե որոնք են այդ ոտնձգությունները, եւ ինչում է արտահայտվել անհարգալից վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանում ճանաչվել է անցանկալի անձ: Դրան հաջորդեցին լուրերն առ այն, որ ռուսաստանաբնակ խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Քեոսայանը եւս «Նոր Հայաստանում» անցանկալի անձ են ճանաչվել: Օրերս էլ Հայաստան ժամանած Արամ Գաբրիելյանովին թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից՝ միանգամից ճանապարհեցին հետ։ Անցանկալի անձանց շարքը կարող է ավելի մեծ լինել, քանզի շատ անուններ են շրջանառվում, բայց ցանկը չի հրապարակվում: Նկատենք, որ նրանցից եւ ոչ մեկը չի քննադատել Հայաստանն ու հայ ժողովրդին, բոլորի քննադատությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Մենք զրուցել ենք քաղաքական վերլուծաբան, նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանի հետ:

— Հայաստանի վարչապետը պնդում է, որ պերսոնա նոն գրատա են հայտարարվել նրանք, ովքեր հարգանք չեն դրսեւորել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կոնստանտին Զատուլինն ինչպե՞ս պետք է արտահայտեր իր հարգանքը: Ինչո՞ւ է նա անցանկալի անձ համարվել Հայաստանում:

— Կոնստանտին Զատուլինն իմ ընկերն է: Նրա հետ բարեկամությունն ինձ համար շատ թանկ է: 2005 թվականին հիմնել եմ Զատուլինի անվան ինստիտուտի հայկական մասնաճյուղը` Երեւանում: 2006 թվականին այդ մասնաճյուղը փոխանցել եմ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովին, ով մինչ օրս այդ մասնաճյուղի տնօրենն է: Զատուլինն իմ մեծ բարեկամն է, ես վստահում եմ նրան, գնահատում եմ նրա հարգանքը, որն ինձ համար շատ կարեւոր է: Ես նրան շատ հարգում եմ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մեծ ավանդ ու ներդրում ունեցած մարդու եւ հույս ունեմ, որ նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվելու է, քանզի Հայաստանի ներքաղաքական պայքարը կարող է ընդունել ամենատարբեր վայրիվերումները, սակայն մեր բարեկամները դրսում այդքան էլ շատ չեն, որ առատորեն հրաժարվենք նրանցից: Հույս ունեմ, որ Հայաստանում ստեղծվելու է մի այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել այնպիսի օգտակար մարդկանց, ինչպիսին Կոնստանտին Զատուլինն է: Մնացած անցանկալի անձանց չեմ ճանաչում եւ չեմ կարող մեկնաբանել:

— Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը խոսում են դեմոկրատիայից, սակայն անցանկալի անձ են համարում գործիչների, որոնք քննադատում են իրենց: Ինչպե՞ս է ստացվում այսպես:

— Դուք փորձում եք սրել մեր զրույցը, սակայն ինձ համար սուր հարցեր գոյություն չունեն: Մենք այսօր գտնվում ենք ներքաղաքական պայքարի մի իրավիճակում, որն արդյունավետ չէ եւ չի ծնում բարեբեր պտուղներ՝ հետագա պայքարի ու հաջողությունների համար: Կոչ եմ անում Հայաստանի քաղաքական կյանքի բոլոր դերակատարներին՝ ավելի պատասխանատու մոտենալ մեր աշխարհաքաղաքական վիճակին՝ լեզու գտնելով, ընդհանուր հայտարարի գալով մեր բարեկամների հետ, որպեսզի դիմակայենք արտաքին հարվածներին: Հայաստանում պետք է ձեւավորվի նման քաղաքական մթնոլորտ….

— Ի՞նչ ասել է՝ ակնկալել հարգանք: Ստացվում է, որ Փաշինյանն ակնարկում է, թե նույն Զատուլինը չի հարգում Հայաստանը:

— Հայաստանի վարչապետը քաղաքական գործիչ է եւ վարում է քաղաքական պայքարն այնպես, ինչպես ինքը համարում է ճշմարիտ: Նույնքան ճշմարիտ էլ իրենց համարում են նրա քաղաքական հակառակորդները: Այդ պայքարի վատ պտուղներն ամեն օր մենք ճաշակում ենք: Հայաստանում քաղաքական ուժերը պետք է գործեն ավելի օգտավետ` Հայաստանի իմիջի համար: Ես կարծել եւ կարծում եմ, որ Զատուլինը խիստ պետքական գործիչ է հայ ժողովրդի համար, ունի ներդրում հայկական քաղաքական մշակույթի դաշտում:

— Զատուլինն ի՞նչ է արել Հայաստանի համար: Կան տեսակետներ, որ նա ոչինչ էլ չի արել մեզ համար:

— Հայաստանի քարոզչությամբ է զբաղվել: Հայաստանի եւ Արցախի ժողովրդի պայքարին է նվիրել իր վերջին 20 տարին: Ես նրա ակտիվ քաղաքական դիրքորոշումից լավ տեղյակ եմ: Նրա արածն անուրանալի է:

Hraparak.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here