Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան

0
223

Ռուսական ռուբլու արժեզրկումը 2023թ․ կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը կնվազի, այսինքն, ռուսաստանաբնակները նույն գումարով կկարողանան ավելի քիչ ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել։ Բնականաբար, այդ դեպքում կունենանք Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատում, իսկ ռուբլու արժեզրկման պատճառով հայկական արտադրանքը կդառնա անմրցունակ ռուսական շուկայում։ Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ Իր հերթին, Մանասերյանի խոսքով, անհնար է խոսել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում ժամանակակից իրողությունների մասին՝ առանց Արեւմուտքի կոմից կիրառվող պատժամիջոցները հաշվի առնելու եւ գնահատելու։ Միաժամանակ, կարելի է կանխատեսել, որ պատժամիջոցների արդյունքում կորուստներ կլինեն ինչպես տնտեսության մեջ ընդհանուր առմամբ, այնպես էլ ֆինանսական հատվածում։ Մասնավորապես, կնվազեն ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալը, իսկ շուկայի վճարունակության նվազումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների նվազմանը։

«Ռուսական կապիտալի մասնակցությունը մեր տնտեսության մեջ բավականին մեծ է։ Իսկ նման իրավիճակում ներդրումները նույնպես կնվազեն, քանի որպատժամիջոցների դեպքում Ռուսաստանը չի կարող նույն տեմպերով ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում։ Ռուսական կապիտալը մեծ մասնաբաժին ունի բանկային համակարգում, ուստի այստեղ կարող են նաեւ խնդիրներ առաջանալ: Եթե պատժամիջոցները երկար պահպանվեն, ապա խնդիրները կարող են մեծանալ: Բայց պետք է հուսալ, որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն։ Իհարկե, Ռուսաստանը այն երկիրը չէ, որտեղ պատժամիջոցները միակողմանի բացասական ազդեցություն կունենան։ Արեւմուտքը նույնպես տուժում է՝ ամերիկյան եւ եվրոպական շատ երկրների շատ ընկերություններ բավականին մեծ շահութաբերությամբ են գործել ռուսական շուկայում։ Այսինքն՝ կորուստները միակողմանի չեն։

Մեր կարծիքով, 2022 թվականի որոշ միտումներ կարող են շարունակվել նաեւ 2023 թվականին։ Վստահ կարելի է կանխատեսել գործարար ակտիվության հետագա աճ, որն այս անգամ կարող է լինել 9 տոկոսից ցածր, եթե չլինեն արտաքին նպաստող գործոններ եւ նախադրյալներ: Մեր կանխատեսումները թվերով որոշակիորեն տարբերվում են միջազգային ազդեցիկ կազմակերպությունների կանխատեսումներից, սակայն դրանք համընկնում են դրական միտումների կանխատեսումների հետ։ Այսպես, ՎԶԵԲ-ն անցած տարվա սեպտեմբերին կանխատեսել էր Հայաստանի տնտեսության 8 տոկոս աճ 2022 թվականին, իսկ 2023 թվականին՝ տեմպերի դանդաղում մինչեւ 4 տոկոս։ Այս փուլում նշված կանխատեսումը մնում է անփոփոխ՝ 4 տոկոսի մակարդակում։ Առեւտրի եւ ծառայությունների աճը երկնիշ է. Ռուսաստանից զգալի թվով մարդկանց եւ բիզնեսների ներհոսքը մեծացրել է ծառայությունների պահանջարկը՝ զուգորդված տրանսֆերտների ներհոսքի զգալի աճով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների 2022 թվականին հանրապետության ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 14 տոկոս։ Պետական ​​բյուջեով նախատեսված էր 7 տոկոս աճի ցուցանիշ, ինչպես նաեւ գնաճի 4 տոկոս աճ (± 1,5 տոկոս): Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել է 11 տոկոս, Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ մինչեւ 7 տոկոս, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ 8 տոկոս, իսկ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ 12,5 տոկոս (1 դոլար-395,88 դրամ փոխարժեքի դեպքում)»,-նշել է նա։

News.am       

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here