Արամ Սաֆարյան
Եվրասիական փորձագիտական համակարգող,
Քաղաքական վերլուծաբան
Եվրասիական փորձագիտական ակումբի հրապարակային դասախոսությունների շարք «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով,
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ,
2023 թ. մայիսի 3, չորեքշաբթի
Հարգելի′ բարեկամներ,
Պատիվ ունեմ ներկայացնելու Եվրասիական փորձագիտական ակումբը, որն այսօր միավորում է մեր երկրի 53 առաջատար գիտնականների և փորձագետների ամենատարբեր ոլորտներից: Մեր ակումբի անդամները հայտնի տնտեսագետներ են, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արևելագետներ, փիլիսոփաներ, պաշտպանության և անվտանգության մասնագետներ, հրապարակախոսներ և լրագրողներ: Մենք բոլորս համախմբված աշխատում ենք, նպատակ ունենալով կառուցողական և դրական մասնակցություն ունենալու եվրասիական ինտեգրացիոն գործընթացի զարգացման և խորացման ասպարեզում, հաղթանակ ապահովելու համար եվրասիական ինտեգրման գաղափարին: Սկսած 2014թ-ից մենք հետազոտական, փորձագիտական աշխատանք ենք տանում, որի նպատակն է վերհանել եվրասիական ինտեգրման գործընթացի մեզ համար առաջնահերթությունները, փնտրել և գտնել մեր երկրի շահը և օգուտները այդ գործընթացին մասնակցությունից:
Մեր հետազոտությունները անցած 9 տարիների ընթացքում աներկբա վկայում են, որ Հայաստանը ճիշտ է արել, 2015թ. անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Անցած 9 տարիների ընթացքում Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ աճել է ավելի քան 10 անգամ: Մեր արտաքին առևտրի այդ ուղղությանն է այսօր բաժին ընկնում արտահանման 31% և ներկրման 41%: Ռուսաստանը Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է: Պատրաստի արտադրանքի արտահանումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կարևոր է, որ պատրաստի արտադրանքի արտահանման մեծացման գործընթացն այդ ուղղությամբ շարունակական միտում ունի:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է: Ռուսական ներդրումների ամբողջական փաթեթը անցյալ տարվա վերջի տվյալներով կազմում է 2 մլրդ. դոլար: Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն տնտեսավարողն է: Ռուսական ուղիղ տրանսֆերտները մեծագույն մասն են կազմում Հայաստան ուղղված բոլոր տրանֆերտների: Ռուսաստանյան Դաշնությունը հայ միգրանտների համար շարունակում է մնալ ամենագրավիչ աշխատանքային շուկան և այս միտումը նույնպես տեսանելի հեռանկարում պահպանվելու է:
Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են Հայաստան եկող արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը: Զբոսաշրջությունը գնալով ավելի մեծ տեղ է զբաղեցնում մեր տնտեսական և սոցիալական իրողություններում: Այս ամենը գալիս է ընդգծելու այն ճշմարտությունը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական զարգացման համար, ինչպես նաև մեր երկրի անվտանգության և կայունության ամրապնդման տեսանկյունից: Իր հերթին սրանից բխում է, որ Հայաստանում պետք է իշխի այն գիտակցությունը, որ չպետք է արվեն քայլեր, որոնք կվտանգեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմնարար բնույթը: Հայաստանը պետք է ելնի այն դրույթից, որ մեր երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային գործընացները պետք է վարվեն այնպես, որ դրանք չվնասեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, այլ փոխլրացման սկզբունքով հավասարակշռեն և բալանսավորեն մեր պետական քաղաքականությունը, դրանով նպաստելով մեր փխրուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:
2022թ. աննախադեպ տնտեսական հաջողության տարի էր Հայաստանի համար: Տնտեսական ակտիվության աճի 14%-անոց մակարդակի պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12%-ով: Սա աշխարհի մաշտաբով խոշոր տնտեսական նվաճում է: 2023թ. անցյալ տարվա հաջող զարգացումների մի մասը կարող է շարունակվել, սակայն պետք է նկատի ունենալ, որ այս տարին (ըստ միջազգային խոշորագույն վարկանիշային կազմակերպությունների կանխատեսումների) կարող է լինել տնտեսական աճի էական դանդաղեցման և նույնիսկ ռեցեսիայի տարի: Էապես դանդաղելու է ԱՄՆ-ի և Եվրոպական միության տնտեսական աճը: Եվ այդ մասին մենք ձեզ այսօր մանրամասնորեն կպատմենք:
Մեր ժամանակի գլխավոր իրողությունը Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատումն է իր բոլոր բացասական և խիստ մտահոգող հետևանքներով: Այս պայմաններում աշխարհի զարգացած, ինչպես նաև զարգացող տնտեսությունները էական վնասներ են կրում և ստիպված են հաղթահարելու բազմաթիվ սպառնալիքներ և մարտահրավերներ: Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք Ռուսաստանում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացները, հասկանալու համար, թե որո՞նք են լինելու Հայանստանի կողմից արվող քայլերը մի կողմից մեր անվտանգությունը հնարավորինս ամրապնդելու, և մյուս կողմից, տնտեսությունն ու սոցիալական ոլորտը զարգացնելու համար:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները գլոբալ և տարածաշրջանային գործընթացների իրականացվող մշտադիտարկման արդյունքում անում են կանխատեսումներ, որոնց համաձայն բարենպաստ քաղաքական զարգացումների արդյունքում, նույնիսկ տնտեսության համար գլոբալ անբարենպաստ իրողությունների պայմաններում, այս տարի ևս կարող են արձանագրվել տնտեսական հաջողություններ: Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, վարկանիշային այլ հեղինակավոր կազմակերպություններ կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4 կամ մի փոքր ավելի տոկոս: Մենք կարծոմ ենք, որ դա վերջնական սահման չէ և նպաստավոր միտումների շարունակականության պարագայում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է աճել 5, նույնիսկ 6%-ով: Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն վարել պետական մեքենայի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված քայլեր, ճկուն տնտեսական քաղաքականություն և ամենասերտ կերպով համագործակցել ինչպես բիզնես ոլորտի, այնպես էլ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:
Արդեն երրորդ տարին է մենք արձանագրում ենք, որ էապես աճում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի և Բելառուսի հետ մեր բազմաբնույթ տնտեսական կապերը: Սա ուրախացնող իրողություն է, որը մեր կարծիքով կարող է շարունակվել նաև մոտակա տարիներին:
Մենք ափսոսանքով ենք արձանագրում, որ Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը հայ-ռուսական համագործակցության և փոխգործակցության մեջ սպասված մակարդակը չունի: Այնինչ Ռուսաստանի հայ համայնքը կարող էր շատ ծանրակշիռ փաստարկ լինել այսօրվա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործընթացներում, նպաստելով Հայաստանի Հանրապետության հզորացմանն ու զարգացմանը:
Ելնելով տնտեսական իրողություններից, Եվրասիական ձորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին վարել քաղաքական պայքարը այնպես, որ դա բացասաբար չազդի տնտեսական համագործակցության որակի վրա: Մենք համոզված ենք, որ մոտակա տարիների տնտեսական իրողությունները թելադրելու են ամրապնդել կապերը Ռուսաստանի Դաշնության և ետխորհրդային տարածքի մյուս գործընկերների հետ: Մենք ուշադրությամբ հետևելու ենք եվրասիական ինտեգրացիոն տարածքում ընթացող զարգացումներին: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և նախկինում, այժմ և ապագայում էլ պետք է ամենակառուցողական և շահագրգռված մասնակցությունը ունենա այդ գործընթացին, նպատակ ունենալով բարելավել Հայաստանի բնակչության սոցիալական և տնտեսական վիճակը: Մենք կարծում ենք նաև, որ կարևորագույն ուղղություններից մեկը մեր երկրի բնակչության տարբեր տարիքային խմբերի աշխարհայացքի և առաջնահերթությունների միջև խզում թույլ չտալն է: Պետք է գտնվեն միջոցներ և հնարավորություններ երիտասարդ սերնդին հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ավանդույթների ոգին փոխանցելու և եվրասիական ինտեգրման գործընթացի հանդեպ մեր հասարակության, այդ թվում երիտասարդության, շահագրգիռ մասնակցությունը ապահովելու համար: Դրա համար էլ, Եվրասիական փորձագիտական ակումբը հրապարակային դասախոսությունների շարք է կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում:
Մեր առաջին հանգրվանը հյուրընկալ Իջևանն է, որի համալսարանականներին մենք հղում ենք մեր ողջույնը և բարեմաղթանքը: