Անհրաժեշտ է զարգացնել միջտարածաշրջանային համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում․ փորձագետ

0
183

Ճիշտ է, ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, սակայն չի նշանակում, թե չի կարող օգտվել անդրսահմանային համագործակցության ընձեռած հնարավորություններից։ Նման կարծիք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով Եվրասիական փորձագիտական ակումբի հրապարակային դասախոսությունների ժամանակ հայտնեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

«Մասնավորապես Տավուշի մարզը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և սահմանակից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների մարզերի միջև։ Քանի որ հասկանալի պատճառներով ադրբեջանական սահմանակից շրջանների հետ բացակայում է որևէ համագործակցություն, շեշտը պետք է դրվի սահմանակից վրացական շրջանների հետ համագործակցության վրա։ Այստեղ ևս մեծ աշխատանք ունեն կատարելու մարզային իշխանությունները։ Հնարավորություն կա Տավուշի մարզում ստեղծել հայ-վրացական համատեղ կապիտալով ձեռնարկություններ և «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ պատրաստի արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։ Հաշվի առնելով Մառնեուլիի շրջանի հիմնականում այգեգործական ուղղվածությունը, նման համատեղ արտադրություն կարելի է կազմակերպել սահմանակից Նոյեմբերյանի շրջանում՝ օգտագործելով Այրումի պահածոների գործարանի արտադրական հնարավորութունները։ Վստահ ենք, որ այս հարցը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն վրացական կողմի մոտ, այլև հնարավորություն կտա տարածաշրջանում զարգացնել պտղաբուծությունը՝ հիմնելով նոր այգիներ, և ստեղծել նոր աշխատատեղեր Նոյեմբերյանի սահմանամերձ համայնքներում»,- պարզաբանեց բանախոսը։

Նա նաև մատնանշեց Տարածաշրջանային հետազոտությունների և համագործակցության ինստիտուտի Հայաստանի հանրապետության ազգաբնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, նկատելով, որ հարցվածների կեսից ավելին՝ 56%-ը դրական և ավելի շուտ դրական կարծիք ունեն Եվրասիական ինտեգրացիայի մասին։ «Իսկ հարցին, թե որ ուղղություններով պետք է լինի ԵԱՏՄ-ում ՀՀ հետագա ինտեգրացիան, հարցվածների 36%-ը պատասխանել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ ԵԱՏՄ-ն տալիս է այդ հնարավորությունները, մնում է դրանք ճիշտ օգտագործել»,- եզրափակեց Բալասանյանը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here