Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակի ընթացքում հարաբերությունների վատթարացման ֆոնին աշխարհում առկա համատարած հակառուսական արշավն արդեն ներթափանցում է հետխորհրդային տարածք, մասնավորապես, Հայաստան։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի շահերն ու սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից» թեմայով հրապարակային դասախոսությունների շարքի շրջանակում ներկայացրեց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Նա մատնանշեց, որ հայաստանյան սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում վերջին ժամանակներում ակնհայտորեն աճել է հակառուսական դիսկուրսը, շատ են հրապարակումները՝ ուղղված հակառուսական տրամադրությունների տարածմանը։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը չի վրիպում հայության նախանձախնդիր և կասկածելի ուշադրությունից և օգտագործվում է մեր հակառակորդների կողմից հայ-ռուսական հարաբերություններում հակամարտությունը խորացնելու նպատակով։ Մեր բնակչության մեջ հակառուսական տրամադրությունների աճի վտանգը մեծանում է: Դրանով է բացատրվում ՌԴ նկատմամբ վստահության զգալի անկումը։ Նկատելիորեն նվազել է առաջին տեղում Ռուսաստանը նշողների մասնաբաժինը այն երկրների շարքում, որոնց հետ Հայաստանը պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի։ Այս նվազումը համատեղվում է վստահության աճով՝ հարևան Իրանի (32,7%), Ֆրանսիայի (25,2%) և ԱՄՆ-ի (23,0%) նկատմամբ»,- ասաց սոցիոլոգը։
Նա հիշեցրեց, որ ՌԴ-ում ամեն տարի անցկացվող «Բարեկամության վարկանիշի» մոնիտորինգը նույնպես ցույց է տվել ռուս-հայկական հարաբերություններում որոշակի սառեցում։ Հայաստանի բարեկամական դիրքը 2021 թվականին զբաղեցրած երրորդ տեղի համեմատ՝ 2022 թվականին իջել է հինգերորդ տեղը (Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Ղազախստանից հետո):
«Մինչդեռ բոլորի համար վաղուց պարզ էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Թուրքիան է, այլ ոչ թե եվրոպական որևէ երկիր։ Աշխարհաքաղաքական ռազմավարության տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կարող են լինել կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի ազդեցության դաշտում։ Եվ, հետևաբար, ռուսական վեկտորի մերժումն ինքնաբերաբար նշանակում է անցում թուրքական ազդեցության տակ»,- շեշտեց նա:
Սոցիոլոգը վստահ է, որ ակտիվ աշխատանքը, որ տարվում է հայության հասարակական գիտակցության վերաձևավորման ուղղությամբ, արհեստական է, քանի որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ավանդաբար դրական է տրամադրված ՌԴ նկատմամբ։