Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի առումով կպահպանի առաջատարությունը. փորձագետ

0
262

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի տեմպերով 2023 թվականին կպահպանի իր առաջատարությունը։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա հավելեց, որ արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում 2023 թվականի 5 ամսում աճել է գրեթե 2%-ով, Հայաստանում՝ 3%-ով։

Մանասերյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է, առաջին կիսամյակի մաքսատուրքերի միջոցով նրան փոխանցվել է 34,3 մլրդ դրամ։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսության աճի ներուժը կավելանա Ռուսաստանից ներգաղթյալների և արտադրողականության բարձրացման հաշվին։ «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գրանցելու տնտեսական ակտիվության առնվազն 9 տոկոս, հնարավոր է, 11-12 տոկոս աճ։ Արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հունիսին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72,9%-ով։ Հայաստանում հարկային եկամուտների և պետական ​​տուրքերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 16,4 տոկոսով»,- հավելեց փորձագետը։

Նա մեջբերեց Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ 2023 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվությունը 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ կազմել է 11,4 տոկոս։ «Այս տարվա վեց ամիսների արդյունքներով աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ՝ էլեկտրաէներգիայի արդյունաբերության և արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի։ Առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 1%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 տոկոսով»,- ընդգծեց նա։

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ 2023 թվականի վեց ամիսներին, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ, շինարարության ծավալն աճել է 17 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 23,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի ծավալը՝ (առանց առևտրի) 16,8 %-ով, իսկ միջին աշխատավարձը՝ 13,7%-ով։

Նրա խոսքով, արտաքին քաղաքական գործոնները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։

«Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանն ասաց, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի՝ հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն թողնող գործընթացների պատճառով։ Այս գործոնը նվազեցնում է Հայաստանի արդյունաբերության տնտեսական ակտիվության աճը։ Հայաստանում 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23,3%-ով»,- եզրափակեց տնտեսագետը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here