Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի բարձր ավելացված արժեքով արդյունաբերություն՝ արտահանման հեռանկարով․ փորձագետ

0
156

Հայաստանը պետք է ակտիվորեն զարգացնի բարձր ավելացված արժեքով արդյունաբերություն՝ արտահանման հեռանկարով։ Նման կարծիք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի իններորդ տնտեագիտական հետազոտությունը Հայաստանի տնտեսությունը 2023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում, հայտնեց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի անդամ Աղասի Թավադյանը։

Ըստ նրա՝ դրա անհրաժեշտության մասին վկայում են ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ խոշորագույն հարկատուների ցանկը։ «2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները մի փոքր նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մինչդեռ բանկային և շինարարության ոլորտների համեմատությամբ արդյունաբերությունը շատ դանդաղ է աճում, որի աճը հունվար-հունիսին կազմել է ընդամենը 1%, ինչը բավականին ցածր ցուցանիշ է տնտեսական ակտիվության ընդհանուր աճի ֆոնին։ Մինչդեռ արդյունաբերությունը տնտեսական աճի առանցքային գործոնն է»,- նշեց փորձագետը։

Այս առումով, նկատեց նա, ուշադրություն պետք է դարձնել երկրի խոշորագույն հարկատուների հնգյակին։ «Հինգ խոշոր հարկատուներից միայն մեկը՝ «Գրանդ Տոբակոն», պատրաստի արտադրանք է արտադրում։ Մնացած բոլորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գազպրոմ-Արմենիան, Ամերիաբանկը և Արդշինբանկը կա՛մ հումք են արտահանում, կա՛մ ներմուծում, կա՛մ ծառայություններ են մատուցում, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքի հետ կապված խնդիրների մասին»,- նշեց Թավադյանը։

Նա նկատեց, որ այն պայմաններում, երբ գլխավորապես գունավոր մետաղների հանքաքարն է արտահանվում, իսկ բանկերում մնում են բարձր տոկոսադրույքներ, արդյունաբերությունը շատ դժվար է զարգացնել։ «Այդ իսկ պատճառով միջնաժամկետ հեռանկարում լուրջ տնտեսական աճի համար քիչ տեղ կա»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ակտիվորեն միանա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական համագործակցության նախագծին, որը մտնում է գործնական հարթություն։ «Պատրաստի արտադրանք արտադրելու հնարավորությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանը։ Իհարկե, հայկական արտադրանքի արտահանման մեծ մասի կողմնորոշումը դեպի ռուսական շուկա որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն նման համատեղ ձեռնարկությունների ստեղծումը հնարավորություն կտա չեզոքացնել Հայաստանի դեմ արևմտյան երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 14%, սակայն փորձագիտական հանրության տվյալներով՝ այս ցուցանիշը հասնում է 20%-ի։ Պետք է նախաձեռնող լինել, որպեսզի դրամական հոսքերը գնան գործազրկության նվազմանը:  Ոչ պակաս կարևոր է գրագետ հարկաբյուջետային քաղաքականություն վարելը և դրամավարկային քաղաքականությունը , ինչը կլուծի նաև արդիականացումը»,- շեշտեց Թավադյանը:

Ներկայումս, ըստ նրա, հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի արտահանման կտրուկ աճի ֆոնին, հայկական կազմակերպությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման դեպքեր են արձանագրվել, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հստակ գնահատել իրավիճակը: «Միևնույն ժամանակ արևմտյան գործընկերներին բացատրելով ԵԱՏՄ նախագծերին Հայաստանի մասնակցության առավելությունները։ Հայաստանը հնարավորություն ունի էներգառեսուրսներ ստանալ համեմատաբար արտոնյալ գներով, բացի այդ, ԵԱՏՄ մասին պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժը, և եթե այդ ոլորտներից գոնե մեկը արգելափակված է, ապա Հայաստանը. շատ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի»,- նկատեց նա։

Իհարկե, շեշտեց Թավադյանը, ԵԱՏՄ-ն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հարցերը լուծվում են, այն էլ ամենաբարձր մակարդակով։ «Այս մեթոդը միշտ չէ, որ արդյունավետ է, բայց երբեմն այն թույլ է տալիս խուսափել ԵԱՏՄ-ի գործընկերների հետ խնդիրներից։ Սակայն ԵԱՏՄ մասին պայմանագրի արդիականացումը` հատկապես 63,64 հոդվածների, որոնք որոշում են մակրոտնտեսական ցուցանիշների ու դրամավարկային քաղաքականության համաձայնեցվածությունը, առաջնահերթ խնդիր է: Հարցը չհետաձգելով՝ անհրաժեշտ է նաև զբաղվել մարքեթինգային աշխատանքով՝ դրանով իսկ խթանելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը»,- եզրափակեց Թավադյանը։

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here