Հայաստանը պետք է բացատրի իր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին եվրասիական տնտեսական ուղղության կարևորությունը իր համար․ փորձագետ

0
79

Եվրասիական փորձագիտական ակումբը իր իններորդ հետազոտության արդյունքում, որը վերաբերում է Հայաստանի տնտեսական իրավիճակին Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համատեքստում ֆիքսում է, որ ՀՀ տնտեսությունն ամբողջությամբ կորոնավիրուսի համավարակից հետո տպավորիչ վերականգնողական աճ է արձանագրում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,4%: Բուռն զարգացում են ապրել առևտուրը (23,6% աճ), շինարարությունը (17% աճ) և ծառայությունների ոլորտը (16,8% աճ): Կիսամյակի արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 1% աճ, իսկ գյուղատնտեսական ոլորտը՝ 2 % աճ: Էներգահամալիրը արձանագրել է 2,7% անկում:

«Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքով ԵԱՏՄ-ն գլխավորում է Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների ցանկը: ԵԱՏՄ ուղղությամբ է գնում Հայաստանի արտահանման արդեն 53,6%: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ապրանքների արտահանման գլխավոր շուկան: Այդ ուղղությամբ է գնում ամենադիվերսիֆիկացված ապրանքային հոսքը: Միևնույն ժամանակ Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 11,7%-ով և կիսամյակի տվյալներով Եվրոպական Միությանը բաժին է ընկնում մեր արտահանման 11,5%»,- նկատեց նա:

Սաֆարյանը գոհունակությամբ արձանագրեց, որ եթե նախկինում և ավանդաբար ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման գլխավոր ապրանքատեսակը հայկական կոնյակն էր, ապա այժմ այդ ուղղությամբ արտահանվում են հեռախոսներ, ավտոմեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոսարքավորումներ: «Կարևոր է ընդգծել, որ չնայած վերոհիշյալ և մի քանի այլ ապրանքատեսակների արտահանումը աճել է 10 անգամ, այն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի երկնիշ տնտեսական զարգացման համատեքստում»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ քանի որ վերոհիշյալ ապրանքների մեծ մասը վերաարտահանում է, հարկ է, որ կառավարությունը օգտվի ստեղծված բարենպաստ իրավիճակից և լուրջ ու հետևողական քայլեր ձեռնարկի ազգային արդյունաբերության որակական զարգացման և ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի խթանման համար:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Այս կապակցությամբ Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, շահագրգիռ հասարակական դաշտը, բիզնես հանրությունը և փորձագիտական ներուժը պետք է ծառայցնել Արևմուտքում Հայաստանի բարեկամներին բացատրելուն, թե Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար որքան մեծ նշանակություն ունի առևտրատնտեսական համագործակցության եվրասիական վեկտորը: Ոչ թե փախչել քննարկումներից ու բացատրություններից, այլ ակտիվորեն և նախաձեռնաբար բացատրել աշխարհում մեր գործընկերներին միության անդամների հետ մեր տնտեսական համագործակցության կարևորությունը»,- շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ անընդհատ աճող առևրտրատնտեսական համագործակցությունը, որի արտահայտություններն են ռուս զբոսաշրջիկների հոսքի շեշտակի աճը, ռուսաստացի ռելոկանտների մասնակցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքին և այլ երևույթներ, ստիպում է մտածել հայ-ռուսական քաղաքական կապերը շարունակաբար ամրապնդելու և Ռուսաստանի հետաքրքրությունը եռակողմ խաղաղ բանակցությունների ընթացքի հաջողությանը ծառայեցնելու մասին:

«Վերջին մեկ և կես տարվա իրողությունները ցույց են տալիս, որ ռուսական բիզնեսը կարող է շարունակել աճող տեմպերով ներդրումներ անել Հայաստանում: Պետք է մտածել այն մասին, որ ուկրայինական ճգնաժամի ավարտից հետո Հայաստանի տնտեսությունը ունենա այնպիսի գրավչություն, որ ռուս տնտեսավարողների մի մասի հեռանալուց հետո էլ այն շարունակի հետաքրքիր լինել ռուսաստանյան բիզնեսի համար»,- նկատեց Սաֆարյանը:

Այսպիսով՝ Եվրասիական փորձագիտական ակումբը հավաստում է, որ տարվա արդյունքով Հայաստանի տնտեսությունը կարող է աճել 7%-ից ավել: «Այս համարձակ կանխատեսման համար հիմք են հանդիսանում ոչ միայն վերջին տարիների աշխարհի տարբեր հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների ու կենտրոնների վերլուծությունները, այլև վերջին երկու տարվա մեր կանխատեսումների իրականություն դառնալը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին տնտեսական հաջողությունները ծառայեցնել ոչ միայն տնտեսության հեռանկարային ճյուղերի հետագա զարգացմանը, այլև երկրի առջև ծառացած սոցիալական հիմնախնդիրների լուծմանը: Կարծում ենք, որ եկել է ժամանակը լուրջ ծրագրերով նվազեցնել գործազրկության ծավալները, օգնել ցածր վարձատրվող աշխատողներին բարելավվելու իրենց վիճակը: Մենք կարծում ենք, որ եթե չլինեն անսպասելի ֆորսմաժորներ, այս տարին փակվելու է նույնպես տնտեսական տպավորիչ աճով և համախառն ներքին արդյունքի բարձր ցուցանիշով»,- եզրափակեց Սաֆարյանը:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here