Տնտեսական զարգացման միտումները, մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի արագացումը 2022-2023 թթ. չի կարող վերլուծվել ինտեգրացիոն գործընթացներից մեկուսի: Նման կարծիք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի իններորդ տնտեագիտական հետազոտությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ներքո։
«Ըստ Ռուսաստանի փոխվարչապետ Ա.Օ. Օվերչուկի, Հայաստանի տնտեսական հաջողությունները կենդանի օրինակ են և ապացույց են Ռուսաստանի ղեկավարության առաջարկած ինտեգրացիոն կուրսի հավատարմությանը իր հարևանների հանդեպ։ Ի վերջո, հենց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել ներքին տնտեսական լճացումը 2013-2022 թթ. ավելի քան 10 անգամ ավելացնել ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առևտրի ծավալը. Այսօր տնտեսության զարգացման համար բարենպաստ իրավիճակը ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում է»,- նշեց վերլուծաբանը՝ բերելով մի քանի տվյալներ՝
արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում 2023 թ․ 5 ամսում աճել է գրեթե 2%-ով, Հայաստանում՝ 3%-ով,
— Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպերով,
— ԵԱՏՄ երկրներից առաջին կիսամյակի մաքսատուրքերի միջոցով Հայաստան է փոխանցվել 34,3 մլրդ դրամ,
— 2023 թ․ հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում գրանցել է շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը,
— Հայաստանը 450 մլն ռուբլի կհատկացնի Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման համար,
— ակնկալվում է Հայաստանի տնտեսության աճի ներուժի աճ՝ պայմանավորված վերաբնակիչների և արտադրողականության բարձրացմամբ,
— հունիսին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի ավելի քան 4,4 հազար գործարք՝ նախորդ տարվա հունիսի 5532-ի դիմաց, ըստ որում օտարերկրացիներից ամենաշատը ՝ ՌԴ քաղաքացիները,
— Հայաստանի միջազգային էներգետիկ կորպորացիան (ՄԷԿ) 2024-2033 թթ 140 մլն դոլարի ներդրում կկատարի Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի արդիականացման համար՝ ՌԴ հետ համագործակցությամբ,
— Հայաստանը Ռուսաստանից կսկսի բիտում գնել առանց արտահանման մաքսատուրքերի։ Համապատասխան համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թ․ հունիսի 1-ին, Մոսկվայում, հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
«Հաշվի առնելով տնտեսական զարգացման ներկա միտումները՝ մենք համարձակվում ենք 2023 թվականի համար պետական բյուջեից մի փոքր այլ կանխատեսում անել։ Հիշեցնենք, որ «2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ։ Մեր կարծիքով, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գրանցելու տնտեսական ակտիվության առնվազն 9 տոկոս, անգամ հնարավոր է, 11-12 տոկոս աճ։ Մեր կանխատեսումը տարբերվում է ոչ միայն ՀՀ Կենտրոնական բանկի հունիսյան կանխատեսումից (6,9%), այլ նաև Fitch-ի կանխատեսումներից՝ Հայաստանի տնտեսության մինչև 6,1%, Moody’s-ի կանխատեսումներից՝ մինչև 7%, չխոսելով արդեն Համաշխարհային բանկի (4,4%), ՎԶԵԲ (5%) գնահատականների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների (5,5%) մասին։ Միայն ԵԱԶԲ-ի կանխատեսումն է 7,5%-ով մոտ մեր գնահատականներին»,- նշեց նա։
Այս լավատեսական կանխատեսման հիմքում, ըստ Մանասերյանի, ընկած են մի շարք տարբեր ցուցանիշներ և միտումներ, որոնք մեծ մասամբ նախորդ տարվա միտումների օրգանական շարունակությունն են, մասնավորապես՝
— Հայաստանում 2023 թ․ հուլիսին 2022 թ․ հուլիսի համեմատ գրանցվել է 0.1%, իսկ ամսվա համար՝ 1% գնանկում։ 2023 թ․ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում, իսկ այս տարվա մայիսի համեմատ գների անկումը կազմել է 1.4%։ Հիշեցնենք, որ 12-ամսյա գնաճը պետբյուջեում կազմում է 4 տոկոս,
— պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա հուլիսին 2022 թ․ հուլիսի համեմատ նվազել են 3.9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2.8%-ով,
— Հայաստանում բենզինը 2023 թ․ հուլիսին 2022 թ․ հուլիսի համեմատ էժանացել է 14,8%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 30,6%-ով,
— Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023 թ․հունվար-հունիսին 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72,9%-ով և կազմել 8 899 731,5 հազ.,
— Հայաստանում հարկային եկամուտների և պետական տուրքերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 16,4%-ով՝ մինչև 1 տրլն 265 մլրդ դրամ։ 2023 թ․ հունվար-հուլիսին հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ,
— ՀՀ Կենտրոնական բանկը կես տարվա ընթացքում կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով, ինչը վկայում է վարկերի պահանջարկը բարձրացնելու, միկրո մակարդակում բիզնեսը խթանելու և ամբողջ երկրում տնտեսական աճն ավելացնելու նրա մտադրության մասին,
— շինարարությունն արագ տեմպերով աճում է, Հայաստանի անշարժ գույքի շուկայում անգամ գերտաքացման նախանշաններ կան,
— Fitch-ը բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը (IDR) մինչև «BB-»՝ «B+»-ից՝ կայուն կանխատեսմամբ:
«Սրան պետք է հավելել նաև երկրի կառավարության հայտարարությունն առ այն, որ 2018 թվականի մայիսից առ այսօր Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ»,- եզրափակեց Մանասերյանը։