Տարեվերջին Հայաստանի տնտեսությունը կարող է աճել ավելի քան 7 տոկոսով։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ եկել է ժամանակը լուրջ ծրագրերով նվազեցնելու գործազրկությունը, օգնելու ցածր վարձատրվող աշխատողներին բարելավել իրենց վիճակը։ «Մենք կարծում ենք, որ եթե չլինի անսպասելի ֆորս-մաժոր, այս տարին կփակվի տպավորիչ տնտեսական աճով և համախառն ներքին արդյունքի ուժեղ աճով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակից հետո Հայաստանի տնտեսությունը վերականգնման տպավորիչ աճ է գրանցում։ Սաֆարյանը հիշեցրեց, որ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 11,4%, արագ զարգացում են գրանցել առևտուրը (23,6%), շինարարությունը (17%) և սպասարկման ոլորտը (16,8%)։ «Առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ-ն գլխավորում է Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների ցանկը։ Հայաստանի արտահանման արդեն 53,6%-ը գնում է ԵԱՏՄ ուղղությամբ։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկան։ Հենց այս ուղղությամբ է գնում ամենադիվերսիֆիկացված ապրանքահոսքը»,- նշեց փորձագետը։
Նա պարզաբանեց, որ եթե նախկինում ԵԱՏՄ հիմնականում հայկական կոնյակ էր արտահանվում, ապա այժմ այս ուղղությամբ արտահանվում են հեռախոսներ, մեքենաներ, բժշկական սարքեր, ռադիոսարքավորումներ։
Քաղաքագետն ընդգծեց, որ վերոնշյալ և մի շարք այլ ապրանքատեսակների արտահանումը վերջին տարիներին աճել է 10 անգամ, ինչը շատ կարևոր դեր է խաղում երկնիշ տնտեսական աճ ապահովելու գործում։
«Քանի որ վերոնշյալ ապրանքների մեծ մասը վերաարտահանվում է, երկրի կառավարությունը պետք է օգտվի ստեղծված բարենպաստ իրավիճակից և լուրջ քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ-ում ազգային արդյունաբերության և արդյունաբերական համագործակցության որակական զարգացման համար։ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության շարունակական աճը, որը դրսևորվում է նաև ռուս զբոսաշրջիկների հոսքի կտրուկ աճով և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին ռուսաստանցի վերաբնակիչների մասնակցությամբ, ստիպում է մտածել հայ-ռուսական քաղաքական կապերի շարունակական զարգացման մասին»,- հավելել է նա։