«3+3» ձեւաչափի աճող արդիականությունը Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության համար

0
260

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) այդպես էլ չճանաչված հանրապետության ինքնալուծարումը, արցախահայերի բռնագաղթն ու նրանց վերաբնակեցումը Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցին նոր իրավիճակ Հարավային Կովկասի տարածաշրջանային ճարտարապետության եւ անվտանգության համար: Հիմա շատ հեղինակներ են գրում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Թուրքիայի աճած դերակատարության մասին: Նախկին Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան բացառիկ հնարավորություն ստացավ այդ տարածաշրջաններում հաստատվելու եւ Մեծ Թուրանի գաղափարը գործնականում կենսագործելու համար: Ետխորհրդային իրականության նոր պայմաններում (հատկապես մեր օրերում) Անտանտի, խորհրդային դարաշրջանի եւ նույնիսկ ետխորհրդային առաջին տարիների ժամանակների դեղատոմսերը բացարձակ անօգուտ են եւ արդեն չեն արտահայտում ժամանակակից գործընթացները: Նախկին ԽՍՀՄ թյուրքական երկրները հնարավորություն են ստացել առանց միջազգային իրավունքի խախտման, առանց պատերազմների եւ ցնցումների զարգացնել քաղաքական, տնտեսական, մշակութային-քաղաքակրթական հարաբերությունները միմյանց միջեւ եւ ժամանակակից Թուրքիայի հետ: Այսպիսով, թյուրքական համախմբումը իրականում նյութականանում է եւ գնալով ավելի մեծ գործոն է դառնում տարածաշրջանային քաղաքատնտեսական գործընթացների բացատրության պարագայում:

Մինչեւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկումը Հայաստանում առանձնապես չէին մտորում այս նոր իրողությունների մասին: Այս գործընթացները համարվում էին ինչ-որ վերացականություններ, որոնք Հայաստանին չեն վերաբերում: Սակայն նոր իրադրությունը անհրաժեշտ դարձրեց Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության, ինչպես նաեւ այս տարածաշրջանում միջազգային ուժային կենտրոնների ու մեծ պետությունների դերի մասին:

Գաղտնիք չէ, որ նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը տարածեցին եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ Եվրոպական Միությունը: Ռուսաստանն արդեն չէր գերիշխում տարածաշրջանում, այլ փորձում էր վարել ակտիվ քաղաքականություն իր ազդեցության կետերը պահպանելու եւ հանուն իր կենսական շահերի պայքարի համար: 1991թ. հետո բոլոր տարիներին համաշխարհային բեւեռների մրցակցությունը ազդեցության համար մշտապես ուժեղացել է, իսկ Ուկրաինական ճգնաժամի սկզբից հետո ձեռք է բերել առճակատման եւ թշնամանքի կտրուկ բնույթ: Այսօր միավորված Արեւմուտքը չի էլ թաքցնում, որ իր հիմնական խնդիրը համարում է Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից եւ Արեւմուտք-Արեւելք առանցքի, ըստ ամենայնի, կենսագործումը: Թե ինպե՞ս էին երկար տարիներ աշխատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները, վառ կերպով ցույց է տալիս այն, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն (Ֆրանսիան) կոնսենսուս ունեին հարցերի մեծ մասում: ԵԱՀԿ Մինսկի խմբի այս եռյակը կազմաքանդվեց Ուկրաինական ճգնաժամի սկզբում, սակայն կողմերը այնուհետեւ հեռակա կերպով շարունակում էին միակարծիք լինել այս հակամարտության կարգավորման ուղիների որոշման հարցում: Մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցման հարցում Արեւմուտքի դիրքորոշման հետ համաձայն չէ Իրանը, որը ցուցադրում է իր ավանդական մոտեցումը տարածաշրջանային հիմնախնդիրները բացարձակապես տարածաշրջանի դերակատարների ուժերով լուծելու վերաբերյալ: Հետաքրքրական է, որ Իրանի հենց այդ դիրքորոշումն է նրան մերձեցնում Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ եւ ստեղծում է ընդհանուր հարթակ տարածաշրջանային գործընթացները ուսումնասիրելու, դրանք գնահատելու եւ համագործակցության ուղիները որոշելու համար:

Ավանդական վեկտորները եւ Հարավային Կովկասի նոր իրողությունները

Դեռեւս մինչեւ Արցախի անկումը հայկական հասարակական-քաղաքական դիսկուրսում պայքար էր ծավալվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմնակիցների միջեւ: Արեւմտամետ քաղաքական շրջանակները իրենց խոսնակների շուրթերով ասում էին, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից եւ որ Հայաստանը պետք է մշակի նոր, ավելի ժամանակակից քաղաքական մոտեցումներ, որոնք արտահայտում են մեր օրերի իրողությունները: Չնայած Ռուսաստանի պաշտոնատար անձինք ամեն անգամ, ամեն նման հայտարարությունից հետո պնդում էին, որ Ռուսաստանը չի հեռանա Հարավային Կովկասից եւ այդ տարածաշրջանը շարունակում է մնալ իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում, արեւմտամետ շրջանակները կարծես չլսելու էին դա տալիս եւ աշխատում էին հանուն Ռուսաստանից Հայաստանի հեռացման:

Հարավային Կովկասի համար նոր պայքարում շեշտը դրվում է «հանուն մտքերի պայքարի» վրա: Պարզվում է, որ նոր Հայաստանը առանց Լեռնային Ղարաբաղի նորովի շատ գրավիչ է արեւմտյան արժեքների տարածման եւ, ընդհանուր առմամբ, Արեւմուտքին մերձենալու եւ Ռուսաստանի ու եվրասիական ինտեգրացիոն տարածքում նրա դերի վարկաբեկման համար: Ռուսաստանի ավանդական կողմնակիցները բացատրում են, որ Ռուսաստանի նահանջը անխուսափելիորեն նշանակելու է Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի սկզբում քաղաքական, իսկ հետո նաեւ տնտեսական էքսպանսիա, մոտավորապես այնպես, ինչպես դա եղել է հարեւան Վրաստանում: Դատելով մեր օրերի հասարակական տրամադրություններից, այս հեռանկարը առանձնապես չի վախեցնում արեւմտամետ ուժերին եւ ազդում է երկրի կառավարության գործունեության գնահատականի հանդեպ հանրային տրամադրությունների վրա:

Մենք բազմիցս զգուշացրել ենք եւ շարունակում ենք նախազգուշացնել մեր հասարակությանը` թույլ չտալ արեւմտամետ եւ ռուսամետ կողմնորոշումների առճակատման ծավալում: Արեւմուտքի կողմնակիցները գնալով շատանում են եւ, ինչպես վկայում են վերջին ժամանակների հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունները, Ռուսաստանի կողմնակիցները ավելի ու ավելի շատ հայտնվում են փոքրամասնության մեջ: Այս մասին ժամանակին զգուշացնում էին շատ քաղաքագետներ եւ սոցիոլոգներ, որոնք վստահ պնդում էին, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո եւ՛ Ադրբեջանը, եւ՛Հայաստանը շարժվելու են դեպի Արեւմուտք եւ ավելի ու ավելի հեռանալու են Ռուսաստանից: Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը Հարավային Կովկասի հասարակություններին նոր պայմաններում համագործակցությունը եւ փոխգործակցությունը զարգացնելու եւ խորացնելու նպատակով:

Առաջին: Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացը զարգացնելը, որը խոստանում է շատ լուրջ, ոչնչով չփոխարինվող տնտեսական օգուտներ տարածաշրջանի երկրներին, ինչի վառ վկայությունն է հենց Հայաստանը:

Երկրորդ: Տարածաշրջանի երկրների հետ քաղաքական համագործակցություն խաղաղության եւ կայունության ապահովման համար:

Երրորդ: Տարածաշրջանի երկրների բազմակողմ համագործակցություն ոչ միայն Արեւմուտք-Արեւելք, այլ նաեւ Հյուսիս-Հարավ (ինչը հատակապես արդիական է Արեւմուտքի եւ Ռուսաստանի ժամանակակից առճակատման պայմաններում) առանցքների անարգել գործառնության ապահովման նպատակով:

Բազմակողմ համագործակցությունից ակնկալվող տնտեսական օգուտները իսկապես շատ նշանակալից են, ինչի վկայությունն է Մեծ Եվրասիայի երկրների հետաքրքրության մեծացումը Ռուսաստանի տնտեսական առաջարկությունների նկատմամբ նույնիսկ գլոբալ առճակատման այս դարաշրջանում:

Այսպիսով, մենք մոտենում ենք տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման հեռանկարների գնահատականին մի իրավիճակում, երբ բազմաթիվ արգելքներ տնտեսական համագործակցության համար գնահատվում են իբրեւ հաղթահարված, իսկ նոր իրավիճակը ստիպում է փնտրել նոր լուծումներ, որոնք օգտակար են գործընթացի բոլոր մասնակիցներին:

«3+3» ձեւաչափը որպես կոնսենսուս փոխադարձ զիջումների արդյունքում

Ռուսաստանը եւ Թուրքիան մտել են փոխշահավետ համագործակցության փուլ: Տեսանելի հեռանկարում Ռուսաստանը չի անելու քայլեր, որոնք կվատթարացնեն հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Հասկանալով թյուրքական երկրների ըստ ամենայնի մերձեցման գլխավոր ուղեգիծը` Ռուսաստանը միաժամանակ առաջարկում է Մեծ Եվրասիական գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցության իր տեսլականը: Ռուսաստանը չի ուզում կորցնել իր դաշնակից Հայաստանին եւ մասնակցում է նոր Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար նոր փաստարկների փնտրտուքին: Վրաստանը շարունակում է պնդել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ լինելու իր ցանկությունը, եւ չնայած այսօր, այդ սկզբունքների հռչակումից 20 տարի անց, տվյալ հեռանկարը չի մոտեցել, շարունակում է մերժել Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը:

Ադրբեջանը ձգտում է Թուրքիայի հետ համակողմանի ինտեգրման եւ բոլորովին չի շտապում դառնալ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ, չնայած շատ սերտ հարաբերություններ ունի այդ կազմակերպությունների բոլոր անդամների հետ: Հայաստանը բանակցություններ է սկսկել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որոնց ելքն ակնհայտորեն կախված է խաղաղության մասին հայ-ադրբեջանական պայմանագրից: Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիրն իր միջնորդությամբ: Այս հարցում եւս երեւում է մրցակցությունն ու առճակատումը ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի (մի կողմից) եւ Ռուսաստանի (մյուս կողմից) միջեւ: Չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները առաջ են գնում շատ դժվար եւ զուգորդվում են հակամարտ հռետորաբանությամբ, միջազգային փորձագետները հակված են կարծելու, որ տեսանելի ապագայում այդ պայմանագիրն, այնուամենայնիվ, կստորագրվի: Մերօրյա Հայաստանում ուրվագծված է այն համակարծությունը, որ բոլոր տրանսպորտային երակները, որոնք միացնում են Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը, պետք է ապաշրջափակվեն եւ տրանսպորտային հաղորդակցությունը՝ ամբողջ ծավալով վերականգնվի: Հայաստանի ինքնամեկուսացման կողմնակիցները շատ փոքրաթիվ են եւ, չնայած բնակչության մեծամասնությունը չի ուզում սահմանները բացել Թուրքիայի հետ, սակայն դա չի ազդում պաշտոնական քաղաքական ուղեգծի առաջ մղման վրա:

«3+3»  ձեւաչափն, ինչպես հայտնի է, նախատեսում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի, միաժամանակ տարածաշրջանի հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ապացուցել են իրենց դիրքորոշումների համաձայնեցման արդյունավետությունը Սիրիական հակամարտության օրինակով: Ռուսաստանը եւ Իրանը կանգնած են ԵԱՏՄ շրջանակներում ազատ առեւտրի մասին երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման նախաշեմին: Հարավային Կովկասը կարող է դառնալ մի տարածաշրջան, որտեղ կհամադրվեն Հյուսիսից Հարավ եւ Արեւմուտքից Արեւելք տրանսպորտային ուղիները: Այսուհանդերձ, անկեղծ ասած, այս վեց երկրներում դեռ ոչ ոք չի կարողացել կոնկրետ (թվերով) հաշվարկել տվյալ համագործակցության զարգացումից սպասվող տնտեսական արդյունավետությունը: Ակնհայտ է դառնում, որ «3+3» ձեւաչափը հանդիսանում է ամենաօպտիմալ հարթակը բազմակողմ համագործակցության քաղաքական եւ տնտեսական հարցերը համաձայնեցնելու համար, իսկ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի (հեռակա կարգով) ներկայությունն այդ հարթակում կապահովեն Թուրքիան եւ Հարավային Կովկասի երկրները, որոնք հետեւողականորեն զարգացնում են տարբեր մակարդակների համագործակցությունը ժամանակակից աշխարհի այս կարեւոր բեւեռների հետ: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն այսօր հասկանում են տարծաշրջանը առեւտրական եւ քաղաքակրթական խաչմերուկ դարձնելու հնարավորությունը:

Այս նոր իրավիճակում մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը չփչացնել հարաբերությունները մեր դաշնակից եւ ձեռնտու տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, մեծացնել նրա հետ տնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության ծավալները, մեր ավանդը ներդնել ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության եւ զարգացման գործում եւ, միաժամանակ, փնտրել ուղիներ «3+3» ձեւաչափի բոլոր երկրների հետ հարաբերությունները բարելավելու եւ դրանով Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ամրապնդմանը մասնակցելու համար:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here