Անսխալ որոշել մեր տեղը կոորդինատների նոր համակարգում

0
152

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը (որ նաեւ Հայաստանի հետ կապերի համակարգողն է) վերջերս մի ծրագրային հարցազրույց է տվել ռուսաստանյան քաջատեղյակ «Էքսպերտ» հրատարակչությանը: Այստեղ նա առաջին անգամ տնտեսագետի աչքով ձեւակերպել է Ռուսաստանի պատկերացումը համաշխարհային աշխարհատնտեսական եւ դրանից բխող աշխարհաքաղաքական նոր իրողությունների վերաբերյալ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ տեսլականը տալիս է խոսակցության նյութ բոլոր գործընկերների համար զարգացման հեռանկարները ձեւակերպելու հարցում, նաեւ այն պատճառով, որ այդտեղ, իբրեւ ամենադիպուկ օրինակ մի քանի անգամ շեշտվել է Հայաստանը, հարկ ենք համարում այս վերլուծականում միանալ այն բազմաթիվ երկրներից արվող բազում վերլուծությունների շարքին եւ հրավիրել մեր հասարակությանը մտածելու Օվերչուկի ասածի մասին:

Տնտեսական կենտրոնը տեղափոխվում է Արեւմուտքից Արեւելք

Հենց այսպես է Ալեքսեյ Օվերչուկը վերնագրել իր վերոհիշյալ հարցազրույցը: Ըստ նրա, համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գլոբալ փոխակերպումների արդյունքում վերջին երկու-երեք տարիներին ուրվագծվել են նոր տնտեսական ու քաղաքական իրողություններ, որոնք անտեսելն ուղղակի անհնար է: Առաջին. Ռուսաստանի տնտեսական զարգացումը (ՀՆԱ-ի աճը 3,5%) 2023թ. արդյունքով ստիպում է մտածել այն մասին, որ գլոբալ տնտեսական համագործակցությունը տեղափոխելով Եվրասիայի տարածք, Ռուսաստանը ճիշտ է վարվել: Եվրոպական միության ՀՆԱ-ի աճը անցյալ տարվա արդյունքում կազմել է 0,5%: Իսկ Գերմանիայում, Լատվիայում, Լիտվայում ՀՆԱ-ն նույնիսկ անկում է ապրել: ԵԱՏՄ երկրները դուրս են եկել զարգացման մեծ ուղի, եւ Հայաստանն արձանագրել է ամենաբարձր տնտեսական զարգացման մակարդակը: Ա.Օվերչուկի գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ-ն 2023թ. աճել է 8,5%: Մեր՝ Եվրասիական փորձագիտական ակումբի գնահատմամբ՝ այն լինելու է էլ ավելի բարձր: Պետք է սպասել վիճպետ վարչության պաշտոնական տեղեկություններին: Բայց արդեն այժմ պարզ է, որ գլոբալ զարգացումներից Հայաստանն օգտվել է հնարավոր ամենամեծ չափով: Այս մասին մենք դեռ կխոսենք:

Երկրորդ. Ռուսաստանը համոզված է, որ եկող՝ 2024թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 2,5%:Կաճեն նաեւ ԵԱՏՄ անդամ-երկրների տնտեսական ցուցանիշները: Հնարավոր է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակի ամենաբարձր տեմպով զարգանալ: Այս մասին միջազգաին վարկանիշային կազմակերպությունները, ինչպես նաեւ մեր Եվրասիական փորձագիտական ակումբը կանխատեսումներ կարող են անել մոտակա մեկ-երկու ամիսներին: Մենք ուրախ ենք, որ մեր ակումբի առաջատար տնտեսագետների վերջին երկու տարիների կանխատեսումները ճշգրտորեն իրականացել են: Եվ սա մեզ իրավունք է տալիս շարունակելու մեր ընթացիկ տնտեսագիտական եւ քաղաքագիտական հետազոտությունները:

Ա. Օվերչուկը իր հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ վերջին տարիների տնտեսական իրողությունները թույլ են տալիս համոզված ասել, որ ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն (Ռուսաստանը եւ իր մերձավոր գործընկերները ետխորհրդային տարածքում) ձեւավորում են ինքնաբավ համաշխարհային տնտեսական կենտրոն, որն ունի զարգացման եւ սեփական քաղաքացիների բարեկեցությունն ու բարգավաճումը ապահովելու բոլոր հնարավորությունները:

Եվ երրորդ. Արեւմուտքից Արեւելք տնտեսական կենտրոնի աստիճանական տեղափախումը նշանակում է, որ զարգացման ավելի բարձր տեմպեր փնտրող երկրները պետք է իրենց հայացքն ուղղեն դեպի Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք եւ այս տարածաշրջանի այլ ձեւավորվող կենտրոններ: Հայաստանի արտաքին առեւտրատնտեսական կապերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր երկրի գլխավոր գործընկերները այս տարի Ռուսաստանն էր, ԱՄԷ-ն, Վրաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն: Եվրոպական Միությունը առաջատար հնգյակ չի մտել: Մեզ կարող են առարկել, թե մեկ տարվա արդյունքով նման դատողություններ հնարավոր չէ անել: Մենք կպատասխանենք. ճիշտ է, բայց միտումն իմանալը ու փորձել հասկանալը պարտադիր է:

Կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանի փոխվարչապետի գնահատմամբ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի եւ գլոբալ Արեւմուտքի հարաբերություններում էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանը իր տնտեսությունը ավելի ժամանակակից եւ զարգացման պահանջներին համապատասխան դարձնելու համար ունի եւս երկու-երեք տարի եւ այդ ժամանակը պետք է խելամտորեն օգտագործել:

Անհրաժեշտ է համազգային քննարկում մեր նոր տեղը աշխարհում ճշտելու համար
Եթե Ռուսաստանի քաղաքական վերնախավը ճշտել է, որ Ռուսաստանի մերձավոր գործընկերների հետ հնարավոր է ձեւավորել միասնական տնտեսական տարածք, ապա հարկ է, որ մենք էլ մտածենք, տեսնո՞ւմ ենք արդյոք մեզ այդ տարածքում հարաբերականորեն երկար ժամանակ: Հայաստանի  2022 եւ 2023 թթ. տնտեսական արդյունքները ամենապերճախոս ապացույցն են հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու օգտին: Այդ հարաբերությունները չեն կարող ածանցյալ լինել Հայաստան-Եվրոպական Միություն կամ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններից եւ որոշվել այդ հարթակներում: Ռուսաստանի համար դա անընդունելի է: Հայաստանում պետք է կոմպետենտ քննարկում կազմակերպել, ներգրավելով քաղաքական փորձառու գործիչներին, գիտնականներին եւ փորձագետներին, հասկանալու համար՝ ի՞նչն է առաջնային եւ ի՞նչն է երկրորդական Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Իսկական բազմավեկտոր քաղաքականությունը, որը կարող է Հայաստանին պահել հարաբերականորեն անվտանգ եւ հուսալի գործընկեր, թելադրում է առաջ տանել մեր կապերը բոլոր ուղղություններով: Մեր վերնախավերը հայացքն ուղղել են դեպի Վրաստան, փորձելով գնալ այդ ուղղությամբ: Հայաստանում սպասում են, որ Վրաստանը վերջապես դառնա Եվրոմիության անդամության թեկնածու: Եվ դա տեսականորեն կարող է մի փոքրիկ, բայց հույս տվող քայլ լինել, որ ԵՄ-ի հետ անդամության թեկնածու Թուրքիայի եւ Վրաստանի հետ Հայաստանն էլ կարող է ինչ-որ մի օր գնալ այդ ճանապարհով: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ Վրաստանի քաղաքական առաջնորդ Բ. Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին, հատուկ ընդգծելով, որ դա անում է «գայթակղություններին չտրվելու համար»: Դա շատերն ընդունել են որպես նախազգուշացում վրացական հասարակությանը՝ չանել քայլեր, որոնք կվնասեին վրաց-ռուսական առանց այդ էլ բարդ եւ ոչ միանշանակ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին:

Մենք կարծում ենք, որ հարկ է զարգացնել եւ խորացնել մեր պատկերացումները Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի տեղի եւ դերի վերաբերյալ: Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին մենք կգրենք մեր հաջորդ հոդվածում, վերլուծելով դրա ուժեղ եւ թույլ կողմերը եւ ցույց տալով, թե ի՞նչն է այդտեղ Հայաստանից կախված եւ ինչը ոչ: Արեւմուտք-Արեւելք տրասպորտային միջանցքը Հարավային Կովկասով աշխատեցնելու համար պետք է իմանալ, որ, օրինակ, Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին աշխատում է վնասով: Եվ պետք է դեռ հաշվարկել, թե Կարս-Գյումրի-Մեղրի-Բաքու երկաթուղին բացի քաղաքական եւ ռազմական նպատակներ հետապնդելուց, տնտեսական նպատակահարմարություն ունենալո՞ւ է, թե՝ոչ: Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, ապա փոխվարչապետ Օվերչուկը ընդգծում է Իրանը Ադրբեջանին կապող Ռաշտ-Աստարա երկաթուղու ռազմավարական նշանակությունը եւ այն ավարտելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Սա նշանակում է, որ մենք Հայաստանում պետք է լրացուցիչ բանակցային ջանքեր գործադրենք Մոսկվայի եւ Թեհրանի հետ, որպեսզի ապահովենք մեր երկրով անցնող նորակառույց ճանապարհների լիարժեք բեռնվածությունը:

Քաղաքական քննարկումներ տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է մի տրամաբանությամբ, քաղաքականությունը՝ մեկ այլ: Ակնհայտ է, որ Արցախի հայության բռնագաղթից հետո մեր քաղաքական միտքը ճգնաժամ է ապրում: Թվում է, թե ասելիք չկա: Քաղաքական խոշորագույն բուրգերը հաշտության տրամադրված չեն, բայց նրանց միջեւ մինչեւ այժմ ընտրված պայքարի ձեւերը Հայաստանի բնակչության մեծ մասին այլեւս ակնհայտորեն չեն բավարարում: Ինչ-որ մի քաղաքական ուժեղ ազդակով պետք է առաջ մղել նոր քաղաքական եւ հասարակական բանավեճ մեր քաղաքական կյանքը արդիականացնելու եւ ժամանակի պահանջներին հարմարեցնելու համար: Չի կարող լինել այնպես, որ մենք ուզենանք օգուտներ քաղել մեր տնտեսական իրողություններից, բայց քաղաքական համագործակցությունն ու երկխոսությունը զարգացնենք գլխավորապես այլ ուղղությամբ: Եթե մենք արդեն գիտակցել ենք, որ Հարավային Կովկասում ձեւավորվել են նոր իրողություններ եւ գործում են բազմակողմ ազդեցություններ, ապա պետք է ի վիճակի լինենք արձագանքելու բոլոր այդ ազդակներին:

Ամերիկյան պրոֆեսորներից մեկը վերջերս սոցիալական ցանցերում պնդում էր, թե գլխավոր հարցն այն, թե Ռուսաստանը հեռանո՞ւմ է Հարավային Կովկասից, թե՝ ոչ: Հայաստանում արեւմտյան այս հասունացած դիսկուրսը ընկալել են այնպես, թե հաստատ է ու անվիճելի, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից՝ մասնավորապես Հայաստանից: Այն բոլոր կիրթ եւ զուսպ դատողությունները, որոնք հնչում են այս կողմից, թե Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից, այլ, ընդհակառակը, ուզում է զարգացնել ամենախորը համագործակցություն թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի հետ, հենց թեկուզ Հյուսիս-Հարավ առանցքը իր կենսական շահերին ծառայեցնելու համար, մնում են կարծես թե չլսված:

Մենք պնդում ենք, որ հայկական քաղաքագիտական եւ տնտեսագիտական միտքը ի վիճակի է հայկական քաղաքական դաշտին մատուցել էական ծառայություն, բացատրելով, թե ինչպիսին պետք է լինի մեր ռազմավարական շահերի կենսագործումը Արեւմուտքի, Չինաստանի եւ Հնդկաստանի, Մեծ Մերձավոր Արեւելքի հետ համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու համար, առանց վնասելու հայ-ռուսական հարաբերություններին:

Եվ վերջապես եւս մեկ հարց ապագա հետազոտության համար: Եթե ԵԱՏՄ-ն եւ ԱՊՀ-ն Ռուսաստանի գլխավորությամբ կրկին դառնալու են ինքնուրույն եւ ինքնաբավ տնտեսական բեւեռ (կենտրոն) նոր աշխարհակարգում, ապա պետք է նաեւ հասկանալ, զարգացնելո՞ւ ենք մենք արդյոք մշակութային, գիտակրթական եւ քաղաքակրթական համագործակցությունը այդ տարածքի գործընկերների հետ: Հնարավո՞ր է արդյոք խույս տալ այդ համագործակցությունից եւ փոխգործակցությունից: Ինչի՞ համար անել դա: Նոր սերնդին հարիր պրագմատիկ մոտեցումներով, համազգային շահերի գիտակցության մղումով մենք պետք է ի վիճակի լինենք մեր երկիրը պատրաստել նոր իրողություններին հարիր նոր հարաբերությունների համար:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here