Արամ Սաֆարյան
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող,
քաղաքական վերլուծաբան
Ելույթ Եվրասիական փորձագիտական ակումբի
տասներորդ ամենամյա ժողովում
Գիտաժողով «Հայաստանը ԵԱՏՄ—ում: եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները»
14 մայիսի 2024թ., երեքշաբթի
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ
Հարգելի համախոհներ
Ինչպես բոլորս լավ հիշում ենք, ուղիղ տասը տարի առաջ ստեղծեցինք եզակի, ոչ ֆորմալ փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը: Այն ժամանակ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը թափ էր հավաքում և մենք դարձանք ահռելի եվրասիական ինտեգրացիոն տարածքի առաջին նման հարթակը, որտեղ պատշաճ և արժանավայել գիտափորձագիտական մակարդակով վերլուծվում էին ծավալվող տնտեսական և դրան հարող սոցիալական և մշակութային հումանիտար ոլորտները:
Անցած տասը տարում մեր ակումբի անդամ են դարձել Հայաստանի առաջատար 55 մասնագետներ՝ տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արևելագետներ, փիլիսոփաներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի մասնագետներ, հրապարակախոսներ և լրագրողներ:
Այն ժամանակ, 2014թ. մայիսին Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովի նախօրեին մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է դրական լիցք հաղորդել Հայաստանի, Ռուսաստանի և մեր ընդհանուր ինտեգրացիոն տարածքի մյուս բոլոր երկրների տնտեսական համագործակցությանը: Այստեղ կուզենայի ջերմ խոսքեր ասել մեր ընկերոջ, տաղանդավոր և ինքնատիպ ռուս մտածող Վլադիմիր Լեպեխինի հասցեին: Նրա ղեկավարած ԵԱՏՄ ինստիտուտը նախկին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ միասին (տնօրեն՝ Գագիկ Հարությունյան) դարձան մեր ակումբի համահիմնադիրներ, բարձրացնելով շատ բարձր մակարդակի մեր ընդհանուր գիտահետազոտական, փորձագիտական գործունեությունը:
Անցած տասը տարիների ընթացքում մեր առաջատար մասնագետները մասնակցել են Մոսկվայում, Մինսկում, Աստանայում, Ալմաթիում, Բիշկեկում և այլ երկրների խոշոր գիտական կենտրոններում անցած համաժողովների և հարստացրել են մեր հաջողությունների ընդհանուր գանձանակը: Այսօր մեր մասնագետներին լավ ճանաչում են տնտեսական ինտեգրացիոն տարածքի երկրների գործընկերները և ես, կցանկանայի հատուկ նշել, որ միջին սերնդի և երիտասարդ մեր անդամները շատ պահանջված են այդ երկրների գիտական և հասարակական հաստատությունների կողմից:
Վերջին մի քանի տարիներին մենք նոր տարրեր մտցրեցինք մեր փորձագիտական գործունեության մեջ: Բոլորը լավ գիտեն, որ Եվրասիական փորձագիտական ակումբը տարին երկու անգամ, օգոստոսին և փետրվարին հանդես է գալիս հրապարակային զեկույցներով հատուկ մամուլի ասուլիսներում, որտեղ ամփոփվում են կիսամյակի և տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները: Մանսավորապես, այս տարվա օգոստոսին մենք ծրագրում ենք նման արդեն 11-րդ զեկույցով ԵԱՏՄ անդամության համատեքստում խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Իսկ վերջին երեք տարիների նորությունն այն էր, որ տնտեսական ակտիվության աճի գործակցի և ՀՆԱ-ի վերաբերյալ մեր կանխատեսումները շնորհիվ անկախ և որակյալ վերլուծության իրականություն են դարձել: Դա հանգեցրել է հայկական և ռուսական ԶԼՄ-ների կողմից հետաքրքրության աճին և մեր հետազոտությունների նյութերը իրենց կանխատեսումներով դարձել են սպասված երևույթ մեր գիտափորձագիտական իրականության մեջ:
Այսօր մենք գիտենք, թե ինչպես է զարգանու ԵԱՏՄ մինչև 2045թ: Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման այդ հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ դա կդառնա հիմք ոչ միայն տնտեսական, այլև լուրջ սոցիալական զարգացման համար: Ճիշտ է, եվրասիական տնտեսական ինտեգրման պարագայում մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունները թույլ են տեղեկացված և քիչ են հետաքրքրված ընթացող գործընթացներով: Նույն մտահոգությունն ունեն նաև մեր գործընկերները Ռուսաստանում և այլ երկրներում: Հայաստանի հաջողությունները ԵԱՏՄ-ին մասնակցության գործընթացում ընկալվում են մեզանում իբրև ինքնստինքյան հասկանալի իրողություն: Չնայած, պետք է ընդունել նաև, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ են հետաքրքրվում եվրասիական ինտեգրման մանրամասներով և հեռանկարներով: Մեր հրատարակությունները միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով շատ արագ են տարածվում ընթերցողների միջավայրում: Այս ամենը թույլ է տալիս մեզ պնդել, որ Եվրասիական փորձագիտական ակումբը մտնում է իր գոյության երկրորդ տասնամյակը լուրջ հաջողություններով վերլուծության և փորձագիտական ոլորտներում և մենք պատրաստ ենք լուծելու ավելի բարդ խնդիրներ, այդ թվում այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով:
Վերջում կցանկանայի շնորհավորել բոլորիս այս հիանալի հոբելյանի կապակցությամբ, մաղթել Եվրասիական փորձագիտական ակումբի բոլոր անդամներին քաջառողջություն, լավ տրամադրություն և նոր տպավորիչ հաջողություններ: