Եվրասիական տնտեսական միությունն իր տասնամյա գործունեության ընթացքում, չնայած դրսից եկող բոլոր խոչընդոտներին և պատժամիջոցներին, ապացուցել է իր կայացվածությունն ու կայունությունը: Այդ մասին են վկայում միության տասնամյա գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած “Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները” խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով ՝ ԵԱՏՄ-ի ներսում բոլոր հաշվարկների 90 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթներով։ Տնտեսական տվյալների համաձայն՝ միության երկրների շարքում տնտեսական տվյալներով առաջատարներն են Հայաստանն ու Ղրղզստանը: “Դա արդեն խոսում է այն մասին, թե ինչ օգուտ են ստանում այդ երկրները ԵԱՏՄ անդամակցությունից։ Իսկ մասնակից երկրների շարքում ԵԱՏՄ-ի անդամության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը 10 տարվա ընթացքում 14 անգամ ավելացրել է իր ապրանքաշրջանառության ծավալները։ Հենց ԵԱՏՄ ներսում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը”, — ընդգծել է դեսպանը։

Դիվանագետը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամակցության հիմքում ընկած է անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և Ռուսաստանն այսուհետ ևս մտադիր է անդամ երկրների հետ բազմապլանային համագործակցություն զարգացնել ինչպես կազմակերպության ձևաչափով, այնպես էլ երկկողմ մակարդակով:

Ամփոփելով իր խոսքը՝ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին ՝ նկատելով, որ Ակումբը, Ինչպես և Միությունը, այս տարի նշում են 10-ամյա հոբելյանը: Դեսպանի խոսքով ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը կարևոր դեր է խաղում ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ի ներսում համագործակցության զարգացման գործում:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կանյուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն մեծ դեր է խաղացել անդամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: “Դա երևում է նույնիսկ տնտեսական տվյալների վերլուծության ժամանակ։ Այսպես, տասը տարվա ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է չորս անգամ ՝ 50 մլն-ից հասնելով 220 մլն — ի, և դա Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ֆոնին”, — ընդգծել Է դիվանագետը։

Իհարկե, նշել է նա, Միության քաղաքական ընդդիմախոսները փորձում են ամեն տեսակի խոչընդոտներ ստեղծել նրա գործունեության ճանապարհին, կազմակերպության ներսում նույնպես կան խնդրահարույց հարցեր։ Սակայն դիվանագետը կարծում է, որ այդ բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, և ԵԱՏՄ-ն կշարունակի մեծացնել իր արդյունավետությունը և ընդլայնել աշխարհագրությունը դեպի Ասիա և Արևելք:

Բարձր գնահատելով Եվրասիական փորձագիտական ակումբի դերը ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության խորացման գործում ՝ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ևս ընդգծել է ԵԱՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների համար ԵԱՏՄ-ում մասնակցության արդյունավետությունը: Նա տվյալներ է ներկայացրել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Ղազախստանի տնտեսական զարգացման վերաբերյալ։ “Հաշվի առնելով այդ կազմակերպության հսկայական ներուժը ՝ մենք բոլորս մեծ աշխատանք ունենք անելու դրա արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ”, — նշել է դեսպանը: Նա հաջողություն է մաղթել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը ՝ վստահություն հայտնելով, որ նրա նախաձեռնությունները կխթանեն կազմակերպության հետագա զարգացումը:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here