Եվրասիական փորձագիտական ակումբը դարձավ տաս տարեկան

0
148

Եվրասիական փորձագիտական ակումբը դարձավ տաս տարեկան: Այս առիթով «Հայաստանը ԵԱՏՄ-ում եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով հրավիրված գիտաժողովի ժամանակ Ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, մասնավորապես, նշեց․ «Այն ժամանակ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը թափ էր հավաքում և մենք դարձանք ահռելի եվրասիական ինտեգրացիոն տարածքի առաջին նման հարթակը, որտեղ պատշաճ և արժանավայել գիտափորձագիտական մակարդակով վերլուծվում էին ծավալվող տնտեսական և դրան հարող սոցիալական և մշակութային հումանիտար ոլորտները»:

Ըստ նրա՝ անցած տասը տարում Ակումբի անդամ են դարձել Հայաստանի առաջատար 55 մասնագետներ՝ տնտեսագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արևելագետներ, փիլիսոփաներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի մասնագետներ, հրապարակախոսներ և լրագրողներ:

«Այն ժամանակ, 2014թ. մայիսին Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովի նախօրեին մենք հայտարարեցինք, որ մեր նպատակն է դրական լիցք հաղորդել Հայաստանի, Ռուսաստանի և մեր ընդհանուր ինտեգրացիոն տարածքի մյուս բոլոր երկրների տնտեսական համագործակցությանը»,- նկատեց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ անցած տասը տարիների ընթացքում մեր առաջատար մասնագետները մասնակցել են Մոսկվայում, Մինսկում, Աստանայում, Ալմաթիում, Բիշկեկում և այլ երկրների խոշոր գիտական կենտրոններում անցած համաժողովների և հարստացրել են մեր հաջողությունների ընդհանուր գանձանակը:

«Վերջին մի քանի տարիներին մենք նոր տարրեր մտցրեցինք մեր փորձագիտական գործունեության մեջ: Բոլորը լավ գիտեն, որ Եվրասիական փորձագիտական ակումբը տարին երկու անգամ, օգոստոսին և փետրվարին հանդես է գալիս հրապարակային զեկույցներով հատուկ մամուլի ասուլիսներում, որտեղ ամփոփվում են կիսամյակի և տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները: Մանսավորապես, այս տարվա օգոստոսին մենք ծրագրում ենք նման արդեն 11-րդ զեկույցով ԵԱՏՄ անդամության համատեքստում խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Իսկ վերջին երեք տարիների նորությունն այն էր, որ տնտեսական ակտիվության աճի գործակցի և ՀՆԱ-ի վերաբերյալ մեր կանխատեսումները շնորհիվ անկախ և որակյալ վերլուծության իրականություն են դարձել: Դա հանգեցրել է հայկական և ռուսական ԶԼՄ-ների կողմից հետաքրքրության աճին և մեր հետազոտությունների նյութերը իրենց կանխատեսումներով դարձել են սպասված երևույթ մեր գիտափորձագիտական իրականության մեջ»,- նկատեց նա:

Ըստ Սաֆարյանի՝ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի զարգացման այդ հիմնական ուղղությունները լուրջ հույս են ներշնչում, որ դա կդառնա հիմք ոչ միայն տնտեսական, այլև լուրջ սոցիալական զարգացման համար: «Ճիշտ է, եվրասիական տնտեսական ինտեգրման պարագայում մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունները թույլ են տեղեկացված և քիչ են հետաքրքրված ընթացող գործընթացներով: Նույն մտահոգությունն ունեն նաև մեր գործընկերները Ռուսաստանում և այլ երկրներում: Հայաստանի հաջողությունները ԵԱՏՄ-ին մասնակցության գործընթացում ընկալվում են մեզանում իբրև ինքնստինքյան հասկանալի իրողություն: Չնայած, պետք է ընդունել նաև, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ են հետաքրքրվում եվրասիական ինտեգրման մանրամասներով և  հեռանկարներով: Մեր հրատարակությունները միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով շատ արագ են տարածվում ընթերցողների միջավայրում: Այս ամենը թույլ է տալիս մեզ պնդել, որ Եվրասիական փորձագիտական ակումբը մտնում է իր գոյության երկրորդ տասնամյակը լուրջ հաջողություններով վերլուծության և փորձագիտական ոլորտներում և մենք պատրաստ ենք լուծելու ավելի բարդ խնդիրներ, այդ թվում այլ երկրների ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով»,- եզրափակեց փորձագետը:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here