ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Մայիսի 23 եւ 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանը եւ աշխարհը. երկխոսություններ 2024: Ձգողականության ուժեր» խորագրով VIII-րդ միջազգային կոնֆերանսը: Միջոցառման կազմակերպիչն էր Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Զեկուցողի իրավունքով գիտաժողովին մասնակցում էինք տողերիս հեղինակը եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գրիգոր Բալասանյանը: Մոսկովյան այս գիտաժողովը շատ ներկայացուցչական էր: Մասնակցում էին ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտության եւ կրթության բարձրաստիճան կազմակերպիչներ Սլովակիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եւ Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ փոխարդգործնախարար Միխայիլ Գալուզինը, Պետական Դումայի եւ Դաշնության Խորհրդի ներկայացուցիչներ, Ռուսաստանում պետական եւ գիտական կարեւոր հաստատությունների ղեկավարներ:
Այս հոդվածում մենք նպատակ ենք դրել ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ երկխոսության զարգացման արդի վիճակը, ձեւակերպել այն առաջնահերթությունները, որոնք ստեղծում են կենսունակ օրակարգեր մեր արտաքին քաղաքականության այդ վեկտորը առաջ տանելու համար:
Ճանաչել Ռուսաստանը որպես բազմակենտրոն աշխարհի ձգողականության լիարժեք կենտրոն
5-րդ բաժանմունքում, որտեղ Հայաստանում Ռուսաստանի մասին ժամանակակից գիտության վիճակի մասին զեկուցում էինք մենք, ներկայացված էին վերոհիշյալ բոլոր արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները: Տեղին է ասել, որ մի քանի տարվա անդուլ ջանքերի արդյունքում, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանին երկու տարի առաջ հաջողվեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համակարգում ստեղծել Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն: Այդ արդիական նախաձեռնությունը շուտով նկատվեց եւ ԵՊՀ-ն համագործակցության պայմանագիր կնքեց Հաղորդակցությունների զարգացման հետազոտական ինստիտուտի (ՀԶՌԱԻ) հետ, խնդիր դնելով սկսել միասնական աշխատանք Ռուսաստանի մասին գիտական ու փորձագիտական գիտելիքներ ձեւավորելու եւ ուսանողության եւ գիտափորձագիտական հանրության շրջանում տարածելու նպատակով: Հայկական այս փորձը շատ արագ ընդօրինակման արժանացավ եւ մոսկովյան վերոհիշյալ ինստիտուտի հետ համատեղ նման կենտրոններ ստեղծվեցին Բելգրադում (Սերբիա), Բիշկեկում (Ղրղզստան) եւ Դուշամբեում (Տաջիկստան): Հիմա քննարկումներ են գնում նաեւ այլ երկրներում նման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: Այս համագործակցության նպատակը շատ պարզ է. խթանել Ռուսաստանի մասին ժամանակակից քաղաքագիտական գիտելիքի ստեղծումը:
Կարեւոր է նշել, որ ՀԶՌԱԻ-ն շատ հեղինակավոր եւ Ռուսաստանի սահմաններից դուրս լայնորեն ճանաչված գիտահետազոտական կենտրոն է, որը ամեն տարի միջազգային համագործակցության արդյունքում սահմանում է Ռուսաստանի հետ ետխորհրդային տարածքի պետությունների բարեկամության վարկանիշային աղյուսակը: Արդեն երեք տարի անընդմեջ այդ աղյուսակը հիմք է դառնում ռուսաստանյան բարձր պետական իշխանության մարմինների եւ հասարակական ու գիտական տարբեր հաստանությունների համար ետխորհրդային պետությունների հետ համագործակցության երկկողմ, արդիական հնչողություն ունեցող օրակարգեր ձեւակերպելու գործում: Արդեն երկրորդ տարին է, ինչ տողերիս հեղինակը եւ Հայաստանի ու Ռուսաստանի գիտույթունների ակադեմիաների ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը ներգրավված ենք այդ վարկանիշային աղյուսակի ստեղծման աշխատանքում: Արժե հիշեցնել, որ եթե 2021թ. Հայաստանը զբաղեցնում էր բարեկամների շարքում երրորդ հորիզոնականը, իսկ 2022թ. 5-րդ տեղը, ապա 2023թ. եզրափակեց բարեկամների ցուցակը, հայտնվելով 10-րդ հորիզոնականում: Մեր երկրից հետո հարաբերականորեն բարեկամ/ հարաբերականորեն ոչ բարեկամ ճանաչված Վրաստանն է: Ասվածից արդեն իսկ երեւում է, որ համագործակցության մակարդակի անկմամբ մտահոգված քաղաքական եւ հասարակական շրջանակները մտածում են այն նոր, ոչ ստանդարտ քայլերի ու մոտեցումների մասին, որոնք կկանխեին համագործակցության մակարդակի անկումը եւ թույլ չէին տա, որ Հայաստանը հայտնվեր Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների շարքում (Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ուկրաինա):
Մեր համագործակցության օրինակով մենք ցույց տվեցինք, որ Ռուսաստանի հետ կապերի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Ռուսաստանի մասին գիտական հենքով գիտելիքի տարածումը, ռուսաց լեզվի դերը Հայաստանում, երկկողմ գիտամշակութային համագործակցությունը եւ այլն, վերջին տարիներին Հայաստանում չի իջել ավելի ցածր մակարդակի: Ընդակառակը, օրինակ՝ քաղաքագետների եւ միջազգայնագետների շրջանում կայուն մեծ թիվ են կազմում բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական աշխատանքները Ռուսաստանի մասին, ուսանողական գիտական աշխատանքներում հետաքրքրությունը այդ թեմատիկայի մասին նույնիսկ մեծանում է հայտնի քաղաքական պատճառներով, իսկ ռուսաստանաբնակ ռելոկանտների ներկայությունը Հայաստանում ուղղակի դրական ազդեցություն է ունեցել ռուսաց լեզվի տարածման շրջանակների վրա:
Հայաստանը ետընթաց է ապրել այս վարկանիշային աղյուսակում միայն քաղաքական հարաբերությունների վատացման պատճառով: 44-օրյա պատերազմի եւ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթի արդյունքում հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները հայտնվել են պատմական մինիմումի մակարդակի վրա եւ փաստորեն առ այսօր շարունակում են անկում ապրել: Այս վիճակը չի կարող չանհանգստացնել հայ-ռուսական համագործակցության շարունակման եւ զարգացման կողմնակիցներին: Ակնհայտ է, որ այս հարաբերությունների լավացման ճանապարհներ եւ ուղղություններ չգտնելու դեպքում մեր երկրի անվտանգության մակարդակը Հարավային Կովկասի գերբարդ եւ աննպաստ պայմաններում շարունակելու է շատ անհանգստացնող մնալ: Այս մասին մենք քիչ ուշ կասենք մեր առաջարկությունները:
Ռուսաստանը որպես ազդեցության եւ ձգողականության կենտրոն ետխորհրդային տարածքում
Մոսկովյան VIII-րդ միջազգային այս գիտաժողովը աննախադեպ ներկայանալի էր: Ուկրաինական ճգնաժամի սրման պայմաններում Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային եւ հումանիտար համագործակցությունը այն բոլոր երկրների հետ, ում հետ որ Ռուսաստանը զարգացնում է քաղաքական եւ տնտեսական փոխշահավետ համագործակցություն: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքերը ամրապնդվում են Կենտրոնական Ասիայում: Այս երկրները նոր նախաձեռնություններով ու նոր մետեցումներով ցանկանում են խորհրդային ժամանակների էմոցիոնալ եւ քաղաքակրթական հենքի վրա զարգացնել բազմաբնույթ կապեր նոր Ռուսաստանի հետ, որովհետեւ նրա տնտեսությունը զարգացման բուռն ժամանակներ է ապրում: Գիտաժողովում շատ հետաքրքրական զեկուցումներ կային այն մասին, որ պետք է հաղթահարված համարել մի շարք կարծրատիպներ ետխորհրդային Ռուսաստանի վերաբերյալ: Օրինակ, պետք է իմանալ, որ այդ երկիրն այսօր զբաղեցնում է համաշխարհային տնտեսության 3,7% : Պետք է իմանալ, որ Ռուսաստանն արդեն գերազանցում է Գերմանիայի ՀՆԱ-ն եւ զբաղեցրել է 5-րդ տնտեսության պատվավոր տեդը աշխարհում: Ռուսաստանը խնդիր է դրել 2030թ. գերազանցել նաեւ Ճապոնիային եւ դառնալ աշխարհի 4-րդ տնտեսությունը: Տնտեսության տարբեր ճյուղերի հետեւողականորեն զարգացումը, ռազմավարական ճյուղերում ինքնաբավության ապահովումը եւ ներկրմանը փոխարինող արտադրությունների ստեղծումը Ռուսաստանը դարձնում են հարգանք ներշնչող կենտրոն ժամանակակից բազմակենտրոն աշխարհում: Այս իրավիճակից փորձում են օգուտներ քաղել շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելի համեստ ցուցանիշներ ունեցող նրա հարեւաններն իրենց տնտեսությունների զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու միջոցով:
Հարավային Կովկասից այս գիտաժողովին մասնակցում էին միայն հայ պատվիրակներ: Վրաստանից եւ Ադրբեջանից ներկայացուցիչներ չկային: Գիտաժողովի կուլուարներում տիրող տրամադրությունն այն էր, որպեսզի գտնվեն նոր միջոցներ, նոր հնարավորություններ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու եւ հարաբերությունների ընդհանուր մակարդակը բարելավելու համար: Եթե հարկավոր է, ապա մեր Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը կարող է դառնալ պատշաճ գիտափորձագիտական հարթակ կլոր սեղաններ եւ սեմինարներ կազմակերպելու համար, որտեղ մեր գիտնականներն ու հետազոտողները կկարողանան միասին մտածել հայ-ռուսական հարաբերություններին նոր մակարդակ ու բովանդակություն հաղորդելու մասին:
Մեր տպավորությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելը ոչ թե միակ գլխավոր նպատակն է լինելու, այլ աշխատանքի կարեւոր ուղղություններից մեկը: Պետք է հասկանալ, որ հարկավոր է միաժամանակ զարգացնել նաեւ հարաբերությունները բարեկամ Իրանի հետ եւ սա օրակարգային անհետաձգելի խնդիր է: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության եզրեր սահմանելը նույնպես շատ կարեւոր խնդիր է: Կարճ ասած՝ «3+3» խորհրդատվական ձեւաչափի բոլոր մասնակիցների հետ պետք է բարելավել քաղաքական հարաբերությունները: Ճիշտ է, որ Ռուսաստանը միայնակ չի ազդելու այլեւս Հարավային Կովկասի վրա: Բայց սխալ է նաեւ մտածել, որ Ռուսաստանը առանց պայքարի հեռանալու է Հարավային Կովկասից: Սա մոլորություն է: Հետեւաբար, Թուրքիայի առաջխաղացումը Հարավային Կովկասում ստիպելու է Ռուսաստանին համագործակցային քաղաքականություն վարել այդ երկրի հետ սեփական դիրքերը պաշտպանելու համար: Մեկ այլ առիթով մենք կխոսենք այն մասին, թե ի՞նչ է պետք անել, որպեսզի Հայաստանը հերթական անգամ բութ գործիք չդառնա ռուս-թուրքական մրցակցության մեջ, այլ կարողանա ներդաշնակել այդ վեկտորների ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա: Շատ կարեւոր է նոր բովանդակություն հաղորդել մերօրյա հայ-ռուսական հարաբերություններին: Շատ կարեւոր է մտածել (եթե անհրաժեշտ է) նոր պայմաններին հարմար նոր համագործակցությանը նոր ինստիտուցիոնալ հիմքեր հաղորդելու մասին: Սա լուծվող հարցերի շարք է, եթե չարամտորեն եւ Հայաստանը քայքայելու նպատակով չարվեն քայլեր, որոնք ակնհայտորեն զգացնել են տալիս իրենց մասին:
Քաղաքական այդ գործընթացին նպաստող հասարակական երկխոսությանը եւ հանրային դիվանագիտությանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնել: Մեր գիտափորձագիտական հանրությունն ունի բավարար ներուժ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացած մթնոլորտը բարեփոխելու գործին մասնակցելու: Ոչ ոք չի ասում, թե պետք է բարելավել այդ հարաբերությունները Արեւմուտքի կամ Չինաստանի հետ մեր հարաբերությունների հաշվին: Ոչ ոք: Պարզապես ակնհայտ է, որ այդ հարաբերություններն ունեն իրենց կարեւորագույն տեղը մեր անվտանգության ապահովման գործում, եւ սա ուրանալ արդեն չի ստացվի: