Ավելի կայուն եւ անվտանգ Հայաստան փնտրելիս

0
123

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող

Վերջին շրջանի թեժացած ու ծայրաստիճան լարված քաղաքական քննարկումները ցույց են տալիս, թե որքան փխրուն է մեր երկրի կայունութունը եւ ինչ էական ու հետեւողական ջանքեր է պետք գործադրել մեր անվտանգությունը ամրապնդելու համար: Ներքաղաքական լարված մթնոլորտը հասկանալի կերպով ստվերում է ուշադրությունը արտաքին քաղաքական անցուդարձից, չնայած պարզ է, որ այսօր չուսումնասիրել արտաքին քաղաքական վեկտորների, քաղաքական նախապատվությունների ու կողմնորոշումների հարցերը՝ հնարավոր չէ, որովհետեւ, խոշոր հաշվով, դրանցից է կախված մեր անվտանգությունը: Ստորեւ կուզենայինք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր դիտարկումները առավել զգայուն տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ:

Հայ-թուրքական կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական կարգավորումից

Այս թեզը, որ հասկանալի է դարձել դեռեւս «ֆուտբոլային դիվանագիտության» տարիներից, շարունակում է մնալ Հայաստանի եւ Սփյուռքի հայության մտահոգ ուշադրության կենտրոնում: 20-րդ դարի սկզբի պատմությունից քաջ հայտնի է, որ Թուրքիան համաձայն էր այնպիսի Հայաստան պետության գոյությանը, որը որեւէ կերպ չէր խանգարում Թուրքիա-Ադրբեջան կապերին ու փոխգործակցությանը: Դրա համար ե՛ւ 1918, ե՛ւ 1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել էր ճանապարհ տալ թուրքերին եւ ադրբեջանցիներին անարգել հաղորդակցվելու համար: Խորհրդային կարգերի հաստատումից եւ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրումից հետո Զանգեզուրը եւ Բորչալուի գավառը միացվեցին Հայաստանին եւ մեր երկրի տարածքը մեծացավ երեք անգամ: Անմիջապես էլ որոշվեց, որ Նախիջեւանը Ադրբեջանի հետ կապ է ստանալու Մեղրիի ավտոճանապարհով ու երկաթգծով, եւ Խորհրդային Միության բոլոր տարիներին Մեղրիի ճանապարհահատվածը (ինչպես եւ ամբողջ Նախիջեւանի հարեւանության սահմանամերձ ճանապարհները) հսկվում էին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ զորքերի ուժերով: Միանգամից ասենք, որ հենց այդ խորհրդային նախադեպը նկատի ունի Ռուսաստանը, երբ պնդում է, որ Մեղրիով անցնող ճանապարհով ադրբեջանական եւ թուրքական տրանսպորտային միջոցների երեւթեւեկության վերահսկումը իրականացնեն ռուս սահմանապահները: Ինչպես հայտնի է, այս գաղափարին Ադրբեջանը դեմ չէ: Մնում է Հայաստանի որոշումը, որն առայժմ դրա դեմ առարկություններ ունի:
Հարկ է հիշեցնել, որ քայլերի կուռ տրամաբանությունը թելադրում է իմանալ, որ ռուս սահմանապահներն են այսօր իրականացնում հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունը: Նրանցից պահանջելով հեռանալ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ կետերից, Հայաստանը շարունակում է համաձայնել, որ նրանք պահպանեն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները: Հետեւաբար, այստեղ դեռ բանակցելու տեղ կա եւ այդ հարցը ավելի կպարզվի, երբ հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը ավարտվեն: Դրանից հետո մյուս հարցերը հասկանալի կերպով ավելի արագ են լուծվելու: Այդ թվում վերջնական պարզություն կմտնի նաեւ այն հարցում, թե ինչպես են անարգել հաղորդակցվելու Նախիջեւանը (նաեւ Թուրքիան) Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով:

Իրանի դիրքորոշումը շատ կարեւոր է

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հարցում շատ հստակ ու անփոփոխ է: Իրանը ցանկանում է բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ: Իրանը պնդում է, որ այս պետությունների (նախ եւ առաջ Հայաստանի) սահմանները անխախտ լինեն եւ տարածաշրջանային խաղաղությունը պահպանվի: Ադրբեջանին հետաքրքրում է, թե որքանո՞վ է հետեւողական Իրանն այս դիրքորոշումն արտահայտելիս եւ ի՞նչ կարող է անել, եթե ինքն ուզենա ուժային, ագրեսիվ գործողություններով, օրինակ, զավթել Հայաստանի հարավային շրջանները: Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հերթական անգամ Թուրքիայի արտգործնախարարին հստակ շարադրել է պաշտոնական Թեհրանի տվյալ դիրքորոշումը եւ ցույց է տվել, որ հնարավոր ագրեսիայի դեպքում ինքն անտարբեր չի մնա: Սակայն պետք է հասկանալ, որ Իրանի վրա հույս դնելուց առաջ Հայաստանը պետք է իր սեփական հետեւողական քայլերն անի անվտանգությունն ամրապնդելու եւ ինքնիշխան սահմանները պաշտպանելու համար: Դրա համար աշխույժ միջազգային, այդ թվում Արեւմուտքի հետ բանակցություններն ու զանազան շփումները շարունակվում են, եւ դրանց հռչակված նպատակը հայ-ադրբեջանական արժանապատիվ եւ արդար խաղաղության հաստատումն է: Արժե ասել, որ եւ՛ Թուրքիան, եւ՛ Իրանը սպասում են, որ Հայաստանը Ադրբեջանին կապող տրանսպորտային բոլոր ուղիները շուտափույթ բացվեն եւ Հարավային Կովկասը վերածվի աշխույժ ու կայուն աշխատող տրանսպորտային հանգույցի: Սա է ցանկանում նաեւ Ռուսաստանը: Նպատակը մեկն է. բոլորը սպասում են Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի ամբողջական գործարկմանը: Ոչ ոք չի կարող ասել, թե դեռ որքան կտեւի Ուկրաինական ճգնաժամը: Նույնիսկ ամենահամարձակ արեւմտյան դիտորդները, որոնք սկսել են խոսել խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին, շատ են դժվարանում կանխատեսել, թե երբ կավարտվի ռազմական առճակատումը: Հենց դրա համար էլ Հարավային Կովկասով, Կասպից ծովով, մասամբ նաեւ Կենտրոնական Ասիայով անցնող տրանսպորտային մայրուղիները ձեռք են բերել բացառիկ կարեւոր նշանակություն:

ԲՐԻՔՍ-ի շրջանակներում ողջույնի արժանացած այս ծրագիրը, որով Հնդկաստանը իրանական նավահանգիստների միջոցով կապվում է Ռուսաստանի հետ, առաջին հերթին, իհարկե, վերաբերում է Ադրբեջանին, հետո նոր միայն Վրաստանին ու մեր երկրին: Իրանական գործընկերների հետ քննարկումներից հետո, Ռուսաստանի փոպվարչապետը անցյալ շաբաթ հայտարարեց, որ լուրջ ներդրումներ են կատարվելու Իրան-Ադրբեջան երկաթուղային ճանապարհը գործարկելու եւ Ադրբեջանի առափնյա մայրուղիներով Իրանը Ռուսաստանին կապելու նպատակով:

Համոզված կարող ենք ասել, որ Իրանի ցանկությունը՝ Հայաստանի հետ նույնպես զարգացնելու տրանսպորտային համագործակցություն, հաստատուն է եւ ունենալու է գործնական շարունակություն: Սկսած այն հարցից, որ Իրանը կուզենար երկրորդ, ավելի բանուկ կամուրջը ունենալ Արաքսի վրայով Հայաստանի սահմանին, վերջացրած Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շուտափույթ ավարտը, խոսում է Իրանի լուրջ սպասելիքի մասին:

Ընդհանրապես, հայկական գիտափորձագիտական հանրության շրջանում արժե մի բանիմաց քննարկում ծավալել այն մասին, թե ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը անկեղծորեն ցանկանո՞ւմ է արդյոք ըստ ամենայնի խորացնել համագործակցությունը Իրանի հետ: Կարեւոր է հասկանալ նաեւ, թե մենք ԵԱՏՄ-ի կողմից լիազորված ենք եղել բանակցելու հարեւան Իրանի հետ ազատ առեւտրի գոտին կյանքի կոչելու համար եւ այժմ անկեղծորեն մտադի՞ր ենք այսօր զարկ տալ խորացված համագործակցությանը: Հասկանալի է, որ բոլորի հայացքներն ուղղված են Արեւմուտքի արգելամիջոցներին եւ դրանք խախտելու ճանապարհով ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն գնալու: Բայց առեւտրատնտեսական համագործակցության նոր, ոչ ստանդարտ, ճարպիկ միջոցներ գտնելն ուղղակի պարտադիր է, եթե մենք ցանկանում ենք լիարժեքորեն կյանքի կոչել այն ահռելի ներուժը, որ ունի մեր համագործակցությունը հարեւան Իրանի եւ նրա տարածքով՝ Հնդկաստանի հետ:

Չինաստանը ամրապնդվում է Հարավային Կովկասում

Չինաստանը Հարավային Կովկասում սկսել է վարել աշխույժ քաղաքականություն: Հայաստան ժամանած չինացի քաղաքագետները մի քանի ամիս առաջ ցանկանում էին պարզել, թե ի՞նչ խորության հարաբերություններ է պատրաստ զարգացնել Հայաստանը իրենց երկրի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ աշխուժորեն քննարկվում է նաեւ այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՉԺՀ-ն որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Հայաստանի հարցում հանդես գալ որպես անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավոր:

Մասնագետների համար առաջին հայացքից զարմանալի թվացող նման հարցադրումը Հայաստանում գոյության իրավունք ունի, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե էքստրեմալ իրավիճակներում ո՞վ է երաշխավորելու մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Չինաստանը Ռուսաստանի հետ զարգացնում է ռազմավարական գործընկերային հարաբերություններ եւ ԵԱՏՄ-ն ներառել է «Մեկ գոտի, մեկ ուղի» հայտնի նախաձեռնության մեջ: Գրեթե վստահ կարելի է ասել, որ Հայաստանի հետ Չինաստանը զարգացնելու է այնպիսի հարաբերություններ, որոնք կտեղավորեն Չինաստան-Ռուսաստան մեծ համագործակցության ծրագրում: Թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում Չինաստանն իրականացնում է շատ ավելի պատկառելի տնտեսական ծրագրեր: Բացարձակապես Հայաստանի պատասխանատուներից է կախված, թե ինչ զարգացում կունենան Հայաստան-Չինաստան հարաբերությունները: Երբ մենք խոսում ենք Արեւմուտք-Արեւելք տրանսպորտային միջանցքի զարգացման մասին, մենք հասկանում ենք, որ Հարավային Կովկասով Թուրքիան Կենտրոնական Ասիային այս ճանապարհը այսօր արդեն շատ ավելի նվազ առարկություններ ունի Ռուսաստանի կողմից, քան, ասենք, տասը կամ քսան տարի առաջ: Ռուսական պատասխանատուները հիմա բացիեբաց ասում են, որ հավասարապես շահագրգռված են Կովկաում Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք միջանցքների շուտափույթ գործարկմամբ:

Հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են

Այս հանգամանքը չի կարող չմտահոգել Հայաստանի անվտանգության եւ կայունության խնդիրներին տեղյակ մասնագետներին: Առայժմ երկկողմ պաշտոնական հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են վատթարանալ: Այս մասին զգուշացնում են ռուս փորձագետները, որոնք փորձում են նույնիսկ կանխատեսումներ անել, թե կգնա՞ արդյոք Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները կրճատելու ճանապարհով: Առայժմ Մոսկվայում գերիշխում է այն կարծիքը, թե պաշտոնական հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ մի բան են, իսկ համագործակցության միլիոնավոր թելերը երկու ժողովուրդների միջեւ՝ այլ բան: Ռուսաստանի պաշտոնյաները վստահելի զրույցներում ասում են, որ ստեղծված իրավիճակում Մոսկվան ցանկանում է առաջ մղել գիտական, մշակութային հումանիտար, քաղաքակրթական կապերը Հայաստանի հետ, փորձելով դրանով լցնել առաջացած տհաճ վակուումը: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների բարելավմանը սպասում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավոր է միայն այդ կապերը գնալով ավելի մեծ թափով զարգացնելով: Թե՛ Ադրբեջանը եւ թե՛ նույնիսկ Վրաստանը ունեն ավելի ակտիվ հարաբերություններ այսօրվա Ռուսաստանի հետ, քան Հայաստանի արեւմտամետ իշխանությունները: Կրկնում ենք, Հայաստանը պետք է մտածի բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու մասին, ո՛չ երբեք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Այս թեման շատ մոտ ապագայում լուրջ տեղ է գտնելու մեր հասարակական-քաղաքական խոսույթում: Դա է թելադրում քաղաքականության տրամաբանությունը:

Azg.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here