Հանրաքվեներ, որոնք հավակնում են են «ժողովրդավարացնել» Հայաստանը

0
56

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Իշխանական «վերեւներում» խոսում են  Հայաստանում  հանրաքվեների  կազմակերպման մասին, որոնք, մասամբ, կպատասխանեն հանրությանը հուզող մի շարք արդիական հարցերի: Ներքաղաքական լարվածությունը անջրպետ է դրել քաղաքական մի ամբողջ շարք գործընթացների հանդեպ եւ այդ գործընթացները չխափանելու համար պարզություն է հարկավոր: Մի քանի կարեւոր հարցերում, կարծես, ուրվագծվել է հանրաքվե անցկացնելու գաղափարը, բայց դա ծնում է նոր հարցեր եւ անհարմարություններ: Մեր այս հոդվածում կփորձենք վերլուծել այն մի քանի ուղղությունները, որոնցում հասարակական լուրջ տարաձայնություններ են ուրվագծվել, որոնք, թվում է, կարելի է հաղթահարել միայն հանրաքվեների միջոցով:

Հանրաքվե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով

Թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, որ Ադրբեջանի հետ խաղաղության եւ փոխադարձ ճանաչման վերաբերյալ բանակցությունները ուղղակի այլընտրանք չունեն: Սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ավարտից հետո պարզորեն կկանգնի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Կարող էր թվալ, թե այստեղ ամեն ինչ պարզ է: Իրականում, Հայաստանի բնակչության մեծ մասը նոր պատերազմ չի ուզում: Բոլորը հասկանում են, որ 2020թ. հետո հայկական բանակը պատրաստ չէ որեւէ լուրջ պատերազմի: Պարզ չէ, թե երբ պատրաստ կլինի: Բազմահազարանոց հանրահավաքները բողոքում էին անարդար սահմանագծման դեմ: Բայց գործընթացը կասեցնել չկարողացան: Հայաստանի իշխանությունը հետ չի կանգնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մտքից մի շարք, արդեն հայտնի արտաքին ու ներքին պատճառներով: Այդ պայմանագրի կնքման ողջ պատասխանատվությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վրա: Իշխանությունը տեսնում է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի մասնակցել բողոքի հանրահավաքներին ու գործողոթյուններին, իսկ դա կարող է նաեւ նշանակել, որ լուռ մեծամասնությունը պաշտպանում է իշխանության քայլերը: Բայց բոլորն են հասկանում, որ դա միանշանակորեն այդպես գնահատելը ճիշտ չէ: Մեծամասնության լռությունը կարող է նշանակել ոչ միայն աջակցություն, այլեւ ապատիա, լուռ դժգոհություն եւ ինքնամեկուսացում: Պետք է քաջ հայտնի լինի, որ այսօրվա լուռ մեծամասնությունը վաղը կարող է ընդունել ընդդիմադիր կեցվածք եւ նրա այսօրվա դիրքորոշման վրա հենվելը ուղղակի ճիշտ չի լինի: Կասկածից վեր է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը սկզբունքորեն պոպուլիստական է եւ դա նշանակում է, որ նա իր բոլոր վճռական քայլերում հենվում է հասարակական ակտիվ մեծամասնությունից ստացվող ազդանշանների վրա: Ասում են, որ հաճախ կազմակերպվող հասարակական կարծիքի փակ եւ բաց հարցումները վճռական դեր ունեն իշխանությունների քաղաքական հայտարարությունների եւ դիրքորոշումների համար:

Ահա այս ելակետային պայմաններում իշխանությունը երեւի կուզենար ստանալ միանշանակ եւ պարզ հասարակական աջակցություն անխուսափելի թվացող այնպիսի գործընթացում, ինչպիսին են հայ-ադրբեջանական եւ, այնուհետեւ, հայ-թուրքական բանակցությունները: Եթե իշխանությունները հասարակության քննարկմանն են ներկայացնում այս հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը, ապա պետք է հասկանալի լինի, որ միայն հասարակական կարծիքի հարցումներով նրանք առաջնորդվել չեն ցանկանում կամ այլեւս չեն կարող:
Մեր հոդվածներում դեռ երկու տարի առաջ մենք առաջ ենք քաշել այս զգայուն հարցերի կապակցությամբ հանրաքվե անցկացնելու խնդիրը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հանրաքվեն պետք է ազատի իշխանության ձեռքերը խաղաղ գործընթացը փոխադարձ ընդունելիության սկզբունքով առաջ մղելու համար: Հայաստանի զիջումները թվում են անխուսափելի, եթե երկրի ներսում վճռական դիմադրության մթնոլորտ չլինի: Հարց է. ընդդիմադիր վերջին շարժումները նշանակո՞ւմ են արդյոք, որ նման մթնոլորտ կա: Սա բարդ հարց է, որի կապակցությամբ նույնպես բանավեճ կարող է ծավալվել: Այսպիսով, հանրաքվեն կարող է միաժամանակ պարզություն մտցնել այն հարցում, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ստորագրելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Պարզ է, որ այդ ստորագրումից հետո արագորեն առաջ կգնա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանները բացելու գործընթացը: Հանրաքվեն երեւի թե մի քանի տարվա ապահովության բարձիկ կարող է ստեղծել իշխանության համար, եթե նա իր ուզած ձեւով կազմակերպի եւ հաջողությամբ ավարտի հանրաքվեի գործընթացը:

Հանրաքվե Եվրոպական միությանը անդամակցելու հարցում

Արեւմտամետ քաղաքական գործիչները առաջ են մղում այս հարցով հանրաքվե կազմակերպելու գաղափարը: Պարզ է, որ հակառուսական տրամադրությունների աննախադեպ բորբոքման համապատկերում մարդկանց սիմպատիաները կարող են ուղղված լինել հիմա էլ դեպի Արեւմուտք: Սա պազից էլ պարզ է, բայց այստեղ եւս հասարակական կարծիքի հարցումների արդյունքներին ապավինելը առանձնապես հեռանկարային չի թվում: Տեղին է հիշեցնել, որ ընդամենը վեց տարի առաջ հայկական հասարակության 86% աջակցում էր Ռուսաստանին: Այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ այդ թիվը իջել է մինչեւ 30%-ից ցածր: Նկատի ունենալով, որ հասարակական տրամադրությունները սկսել են արագորեն փոխվել, կարելի է մտածել նաեւ, որ դրանք այսուհետեւ էլի են փոխվելու: Ուրեմն հիմա է արեւմտամետ իշխանության եւ նրան սատարող քաղաքական վերնախավերի կարծիքով հասունացել պահը, երբ պետք է ստանալ հասարակական աջակցություն դեպի Արեւմուտք շարժվելու համար: Հետաքրքրական է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցության տրամադրություններ են տարածվում այն ժամանակ, երբ Վրաստանում առաջընթաց չեն տեսնում իրենց անդամակցության հարցում եւ փորձում են ավելի կենսունակ դիրքորոշումներ մշակել տարածաշրջանային գործընթացներում խաղաղորեն տեղավորվելու համար: Հայաստանի արեւմտամետները շտապում են, որովհետեւ զգում են, որ հասարակական տրամադրությունները, ինչպես որ փոխվել են իրենց օգտին ընդամենը 2-3 տարում (ինչը սոցիոլոգները չէին կարող կանխատեսել) կարող են էլի փոխվել եւ մի քանի տարի հետո վերադառնալ նախկին ցուցիչներին: Դա կախված է այն բանից, թե ե՞րբ եւ ինչպե՞ս Ռուսաստանը կավարտի ուկրայինական ճգնաժամը, եւ դրանից հետո ի՞նչ կխոստանա ետխորհրդային տարածքի երկրներին: Ուրեմն հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ամբողջ շրջանում բանավեճ է լինելու արեւմտամետների եւ եվրասիական գաղափարի կողմնակիցների միջեւ: Ըստ ամենայնի հասարակության ակտիվ մասում իշխանությունը «կողմ» ստանալու դժվարություն չունի: Բայց շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կպահի իրեն լուռ մեծամասնությունը: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի բնակչության մեծամասնությունը, լավ հասկանալով քայլի հետեւանքները, իր վրա վերցնել պատասխանատվությունը արեւմտամետ իշխանության եւ արեւմտամետ քաղաքական ուժերի գործողությունների համար: Տարածաշրջանի երկրները (եւ ոչ միայն Ռուսաստանը) ուշադրությամբ հետեւելու են այս հանրաքվեի գաղափարի առաջխաղացմանը եւ փորձելու են ազդել դրա վրա: Ամեն մեկը յուրովի:

Հանրաքվե սահմանադրական բարեփոխման վերաբերյալ

Արդեն երկու-երեք տարի է, ինչ նույն «վերեւներում» խոսում են սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին: Այդ փոփոխությունների անհրաժեշտությունը շատ ակնառու է դարձել: Սահմանադրության ոգու եւ տառի նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, որ կա՛մ սահմանադրական բոլոր նորմերն անխտիր պետք է կատարվեն, կա՛մ դրանցում փոփոխություն է անհրաժեշտ: Սակայն հասկանալի է դարձել, որ այդ փոփոխությունները շատ արագ չեն լինելու: Իրար գլխի հավաքված այն հարցերը, որոնց պարզաբանման համար իշխանություններին հարկավոր է հանրաքվեի միջոցով ստանալ հասարակության մեծամասնության աջակցությունը, շատ են, եւ անպայմանորեն առաջ է գալիս հարց, թե ինչպե՞ս է տեխնիկապես այդ ամենը կատարվելու:

Առայժմ Հայաստանի ակտիվ գործող իշխանական եւ իշխանամետ քաղաքական ուժերն ու գործիչները զբաղված են հաշվարկելով, թե ի՞նչ է տալու այս եւ մյուս հարցերում հանրաքվեների կազմակերպումը: Ուզում ենք կրկին հիշեցնել, որ դեռեւս 2021թ. մենք «Ազգ» թերթում առաջարկել ենք լրջորեն օգտվել խորհրդատվական հանրաքվեների ընձեռած հնարավորություններից: Ժողովրդավարական պետություններում նույնիսկ 2%-ի տարբերությամբ հանրաքվեները հիմք են քաղաքական որոշումներ ընդունելու համար: Հիմա հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանում մի քանի տոկոսի տարբերությամբ ընդունված համազգային որոշումները կարո՞ղ են բավարար լինել հասարակական համերաշխություն ձեւավորելու եւ առկա ատելության ու առճակատման մթնոլորտը թուլացնելու համար: Ավելի պարզ ասած՝ կարելի՞ է արդյոք վստահ լինել, որ յուրաքանչյուր հանրաքվեից հետո բողոքի ալիքներ եւ բախումներ չեն լինի:

Հայաստանը տարածաշրջանի ամենափոքր երկիրն է եւ չի կարողանում, դժբախտաբար, մինչեւ հիմա բուժել իր պարտությունից ստացած վերքերը: Տարածաշրջանի հարեւանները ուշիուշով հետեւում են մեր երկրում ծավալվող քաղաքական գործընթացներին, փորձելով հասկանալ, թե ե՞րբ Հայաստանը ուշքի կգա:

Եթե վերոհիշյալ եւ այլ հարցերով հանրաքվեների գաղափարները միս ու արյուն ստանան եւ սկսվի դրանց կազմակերպման իրական աշխատանքը, պետք կլինի պարզորեն հասկանալ, թե դրանից Հայաստանը ավելի անվտանգ, կայուն եւ համախմբված կարո՞ղ է արդյոք դուրս գալ:
Հասարակական տրամադրությունների փոփոխության հարցը

Իսկապես որ, սոցիոլոգները պնդում են, որ կողմնորոշումների հարցում արագ տրամադրությունների փոփոխություն սպասել պետք չէ: Բայդ նրանք սխալվել են: Հայաստանում հասարակական տրամադրությունները սկսել են արագ փոփոխվել իշխանության քաղաքական գծի եւ երկրի ներսում քաղաքական քարոզչության ազդեցությամբ: Եթե հանրաքվեները կարողանան բաց հասարակական քննարկման ճանապարհ բացել աշխարհաքաղաքական նախապատվությունների կողմնակիցների միջեւ, հնարավոր է, որ Հայաստանը գա որեւէ կառուցողական եզրահանգման: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ, օրինակ, եվրասիական հայացքների կողմնակիցներին տեղ տրվի պետական եւ արեւմտամետ առաջատար լրատվամիջոցներում ազատորեն արտահայտվելու համար: Պետք է, որ տարբեր գաղափարների կողմնակիցները ոչ թե կռվեն կամ ատելություն սերմանեն միմյանց նկատմամբ, այլ ձեւավորեն կառուցողական փնտրտուքի մթնոլորտ հանուն կայունության եւ անվտանգության:

Հայաստանը չունի հանրաքվեների անցկացման մշակույթ: Հայաստանը չունի ներքին խաղաղ երկխոսության մշակույթ: Երկխոսության եւ բանավեճի իմիտացիան, որը մեզանում առկա է, չի թուլացնում առկա ատելության մթնոլորտը: Կառավարությունն է պատասխանատու այդ մթնոլորտի ձեւավորման համար: Քաղաքական իշխանությունն է պարտավոր ժողովրդավարական հիմքեր ստեղծել հասարակության ազատ կամարտահայտման համար: Իշխանությունը չի կարող ընդդիմության կամ բողոքող զանգվածի վրա գցել ժողովրդավարության դեֆիցիտի մեղքը: Այս պարզ դատողությունները գալիս են հաստատելու, որ իշխանությունը եւ ընդդիմությունը հասարակական բաց բանավեճի արդյունքում պետք է մի հասկանալի հայտարարի գան այն հարցում, որ հանրաքվեները մի քանի տարով հիմք են ստեղծելու քաղաքական գործընթացների համար: Ասում ենք մի քանի տարով, որովհետեւ հասնակում ենք, որ այդ տրամադրությունները դեռ էլի արմատապես կարող են փոխվել: Բայց խաղաղությունը, որը կստեղծի մի քանի տարվա հիմք, նույնպես կարեւոր է քաղաքական արդիական գործընթացերը ծավալելու համար: Ուրեմն ասելը, թե մենք ուզում ենք հանրաքվե, ուրեմն մենք ժողովրդավար ենք, շատ քիչ է: Մենք պարտավոր ենք մտածել այն մասին, թե ի՞նչ բովանդակություն են ունենալու հանրաքվեների գործընթացները եւ ի՞նչ արդյունքի են հասցնելու հասարակական համերաշխության առումով:

Խմբ. կողմից հիշեցնենք, որ մերինի նման ավտորիտար եւ բռնապետական երկրներում կանխորոշված են որեւէ հանրաքվեի կամ ընտրության արդյունքները:

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here