Հայաստանն իրական ՀՆԱ–ի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում առաջին տեղում է. Սաֆարյան

0
43

Վերլուծաբանն ընդգծեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդում են ինչպես Ռուսստանի քաղաքական և տնտեսական գործընթացները, այնպես էլ Հայաստանում հաստատված ռուսաստանցի ռելոկանտները:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանն իրական ՀՆԱ–ի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում առաջին տեղում է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրել է 10–րդ հոբելյանական կիսամյակային տնտեսական ուսումնասիրություն Հայաստանի տնտեսության վիճակի և 2024 թվականի հեռանկարների վերաբերյալ:

Նա հիշեցրեց, որ այս տարի նշում ենք ԵԱՏՄ–ի ստեղծման տասնամյակը: Այս տարի ԵԱՏՄ–ն նախագահում է Հայաստանի Հանրապետությունը: Սաֆարյանն այն համոզման է, որ ՀՀ տնտեսական հաջողությունների հիմնական պատճառը հենց մեր անդամակցությունն է միությանը, ինչպես նաև հայ–ռուսական առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը:

Վերլուծաբանը ներկայացրեց ՀՀ տնտեսության ընթացիկ մի քանի եզրակացություն:

«ՀՀ տնտեսությունը արձանագրել է էական առաջընթաց անցած 6 ամսվա ընթացքում` աճելով ավելի քան 9,6 %–ով: Էական առաջընթաց են արձանագրել շինարարությունը, առևտրաշրջանառությունը, ծառայությունները, գյուղատնտեսության որոշ ոլորտներ: Հայաստանը իրական ՀՆԱ–ի, ինչպես նաև իրական արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով առաջին տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ–ում»,– ընդգծեց նա:

Բացի այդ, Սաֆարյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ի դրությամբ մեր երկիրն ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԵԱՏՄ–ում, ինչպես նաև գրանցել ամենացածր գնաճը: Ըստ նրա` աճում են նաև ՀՀ արտաքին առևտրի ծավալները. արտահանման կառուցվածքում 71 %–ը զբաղեցրել են ոսկին և թանկարժեք քարերը:

«Կարևոր է ընդգծել, որ նման տպավորիչ ցուցանիշների Հայաստանը հասել է Ռուսաստանից ոսկու վերարտահանման պայմաններում: 2024 թ. առաջին եռամսյակում ռուսական ոսկու ամբողջ արտահանման մոտ 88 %–ն անցել է Հայաստանի միջով: Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որը ազդել է ՀՀ տնտեսական ցուցանիշների վրա: Ոսկին դարձել է վերարտահանման հիմնական ապրանքը»,– տեղեկացրեց Սաֆարյանը:

Նա նշեց` եթե 10 տարի առաջ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնում 220 հազար մարդ, ապա 2023 թվականին այդ թիվը եղել է 40 հազարից պակաս: 2024 թ–ի ընթացքում այդ թիվն էլ ավելի է նվազել: Վերլուծաբանի գնահատմամբ` պատճառը հայտնի քաղաքական հանգամանքներն են, ինչպես նաև ՀՀ–ում շինարարության և մասամբ էլ ծառայությունների ոլորտների էական զարգացումը:

Անդրադառնալով տրանսֆերտներին` նա ասաց, որ 2023 թվականի ավելի բարձր ցուցանիշներից հետո այս տարի մի փոքր դրանք նվազել են. 6 ամսվա կտրվածքով դրանք կազմել են 2,5 մլրդ դոլար: 2024 թ. 1–ին կիսամյակում 1,9 մլրդ. դոլարի կապիտալի արտահոսք է եղել Հայաստանից:

«Ընդհանրապես, Հայաստանի տնտեսության վրա ազդում են ինչպես Ռուսաստանի քաղաքական և տնտեսական գործընթացները, այնպես էլ Հայաստանում հաստատված ռուսաստանցի ռելոկանտները: Տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ցուցանիշների որոշ անկումն ուղղակիորեն հետևանք է ռուսաստանցի ռելոկանտների` Հայաստանից հեռանալու: Կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանի և գլոբալ Արևմուտքի միջև առճակատման և հիբրիդային պատերազմի պայմաններում ռուսաստանյան գործոնը շարունակելու է ազդել ՀՀ տնտեսական և սոցիալական իրողությունների վրա»,– ընդգծեց նա:

Սաֆարյանը նաև հետաքրքիր ցուցանիշ ներկայացրեց զբոսաշրջության մասին` նշելով` չնայած Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը 2024 թ. 1–ին կիսամյակի ընթացքում որոշ չափով նվազել է, սակայն այն 100 հազար մարդով ավելի է, քան Ադրբեջան գնացած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը:

Sputnik Armenia

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here