Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է

0
40

Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է:

“ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Ռուսաստանի հետ առևտուրը առանցքային դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ: 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանումը կազմել է 1.41 մլրդ դոլար, ինչը 21.1%-ով պակաս է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ներմուծումն աճել է 383%-ով և հասել 6.96 մլրդ դոլարի: ԵԱՏՄ այլ երկրների հետ առևտուրն ունի հետևյալ դինամիկան. Բելառուս արտահանումն աճել է 14.8%-ով և կազմել 52.3 մլն դոլար, իսկ Ղազախստան արտահանումն ավելացել է 9.8%-ով և հասել 27.0 մլն դոլարի: Բելառուսից ներմուծումը նվազել է 34.5%-ով՝ կազմելով 33.1 մլն դոլար, իսկ Ղազախստանից ներմուծումն աճել է 13.0%-ով և կազմել 10.9 մլն դոլար”,- այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Աղասի Թավադյանը::

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի առաջին կիսամյակում ցուցաբերել է նշանակալի աճ, որը մեծապես պայմանավորված է վերաարտահանման ծավալների, հատկապես՝ ոսկու, ավելացմամբ: Սակայն այս աճն ուղեկցվում է էական կառուցվածքային փոփոխություններով և ռիսկերով: Տնտեսության ավանդական ոլորտներում և արտահանման մեջ ակտիվության նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ զարգացման երկարաժամկետ հեռանկարների վրա: Թավադյանը նշեց՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղությունների:

“Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի կախված ժամանակավոր և արհեստական գործոններից, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը: Ավանդական արտահանման մասնաբաժնի նվազումը և տնտեսության առանցքային ոլորտներում անկումը ստեղծում են ռիսկեր երկարաժամկետ կայուն զարգացման համար: Վերաարտահանման գործառնություններից կախվածությունը տնտեսությունը խոցելի է դարձնում արտաքին գործոնների և միջազգային առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների նկատմամբ: ԵՄ երկրներ և այլ ավանդական շուկաներ արտահանման նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության դիվերսիֆիկացման և արտաքին ցնցումների նկատմամբ դիմադրողականության վրա”,- հավելեց տնտեսագետը:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here