Տնտեսագետն այն համոզմանն է, որ զբոսաշրջիկների հոսքի աճը և գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանները կարող են ՀՀ տնտեսությունը դուրս բերել անկումային միջավայրից։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ տնտեսական աճին մեծապես նպաստել է ԵԱՏՄ անդամակցությունը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Նախքան տնտեսական վելուծություններն ու կոնկրետ ցուցանիշները ներկայացնելը նա անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշմանը` նշելով, որ նրանք խնդիր են դրել դիվերսիֆիկացնել երկրի արտաքին տնտեսական հարաբերությունները՝ առևտրաշրջանառության մեջ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մասնաբաժինը նվազեցնելու և արդյունաբերության տարբեր ճյուղերի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:
Նա ընդգծեց, որ նույնիսկ արդյունաբերական աճի ավելի չափավոր տեմպերով Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ–ում՝ ՀՆԱ–ի և արդյունաբերական արտադրության աճով։
Նա նշեց, որ 2024 թ. 1–ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում իրական ՀՆԱ–ի աճի տեմպը կազմել են 10,4 %, մինչդեռ միության անդամ մյուս երկրներում աճը բավականին ցածր է։ Օրինակ` ՀՆԱ–ի աճի տեմպերը Բելառուսում կազմել է 5 %, Ղազախստանում` 3,3 %, Ղրղզստանում` 8,1 %, Ռուսաստանում` 4 %, 7 %, Տաջիկստանում` 8,2 %։
Միաժամանակ, ըստ նրա` այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ՀՀ–ում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 0,8 %, մինչդեռ Բելառուսում այն կազմել է 5,8 %, Ղազախստանում՝ 8,4 %, Ղրղզստանում՝ 4,5 %, Ռուսաստանում՝ 8,6 %, Տաջիկստանում՝ 3,5 %։
Մանասերյանը նշեց, որ ՀՀ տնտեսական աճին էապես նպաստում են նաև ԵԱՏՄ ֆինանսական կառույցները։ Օրինակ, ըստ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD), 2024 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է շուրջ 26 գործարք, որոնք ապահովել են 527 մլն դոլարի սուվերեն ֆինանսավորման ծավալ։
Անդրադառնալով ՀՀ տնտեսական աճին` տնտեսագետը հիշեցրեց, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7 %, Կենտրոնական բանկն ակնկալում է 6,1–6,8 %, Համաշխարհային բանկը` 5,5 %։ Եվրասիական փորձագիտական ակումբը 2024 թ. տարեվերջին կանխատեսում է 8,5 %–ոց տնտեսական աճ։
«Մասնավորապես, աճին կնպաստեն շինարարության աճի բարձր տեմպերը, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների մեծ հոսքը, որը միայն առաջին կիսամյակում կազմել է 2,5 մլրդ դոլար և արհեստականորեն կավելացնի բնակչության գնողունակությունը»,– ընդգծեց Մանասերյանը։
Նա այն համոզմանն է, որ զբոսաշրջիկների հոսքի աճը և գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանները կարող են ՀՀ տնտեսությունը դուրս բերել անկումային միջավայրից և զգալիորեն կնպաստեն տնտեսության աշխուժացմանը։