Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն տնտեսական գործընկերների շրջանում Հայաստանի վարկը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ. Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Հայաստանը իր տնտեսական գործընկերների շարքում ունի հարգանք և վստահություն: Սրանք շատ թանկ կատեգորիաներ են, որոնց հասնելու համար տարիների, նույնիսկ տասնամյակների աշխատանք է պետք: Պահպանելով ու զարգացնելով տնտեսական գործունեության ոլորտում ավանդական գործընկերների հետ կապերը, լրջագույն խնդիր է զարգացնել նոր կապեր և նոր ուղղություններ ժամանակավոր գործոններից ու պատահականություններից մեր տնտեսությունը առավելագույնս ապահովագրելու համար»,- ասաց նա:
Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՏՄ-ն կայուն զարգացման լավ օրինակ է, իսկ Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցելը շահավետ է և օգտակար։ «Այս իրողությունը Հայաստանի քաղաքական և հասարակական ուժերի շրջանում, կարծես, այլևս կասկածի տակ չի դրվում և անհարկի չի շահարկվում»,- շեշտեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը հերթական համարձակ կանխատեսումն է անում, 2024թ. արդյունքներով հնարավոր է ունենանք 8,5% տնտեսական աճ և նույնիսկ ավելի:
Արամ Սաֆարյանը նաև շեշտեց, որ ռուսաստանյան գործոնը շարունակելու է ազդել ՀՀ տնտեսական և սոցիալական իրողությունների վրա: