Հայաստանում թափ է հավաքում բանավեճ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու և չանդամակցելու կողմնակիցների միջև, բայց այդ բանավեճում պետք է լսվի ոչ այնքան քաղաքական գործիչների խոսքը, որքան գիտնականների և փորձագետների խոսքը, որովհետև մեզ գիտահետազոտական եզրահանգում է պետք, որով պետք է առաջնորդվի պետությունն իր պետական քաղաքականությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականությունն առաջ մղելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, նա հիշեցրեց, որ նախքան ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ նման բանավեճ կար, սակայն անցած 10 տարիները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է Հայաստանի համար՝ նրա տնտեսական շահերն առաջ մղելու, մեր երկրի տնտեսական զարգացումը ապահովելու համար:
«Մենք ապրում ենք մի անհանգիստ ժամանակաշրջանում, երբ աշխարհում տեղի են ունենում դինամիկ աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական փոփոխություններ: Քսան տարի առաջ աշխարհի մեզ ծանոթ դեմքը արագ փոփոխվում է և պետք է ունենալ քաղաքական և մարդկային հմտություններ, որպեսզի թույլ չտանք այնպիսի ցնցումներ, որոնք կարող են կործանարար լինել մեր պետականության համար”,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Իր հերթին, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նշեց, որ 10 տարվա հեռավորությունից այսօր կարող ենք փաստել, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեծ օգուտներ է տվել մեր երկրին: Հայաստանի արտահանման ծավալները շեշտակի աճել են, և ակնհայտ է, որ ՀՀ նման փոքր երկրների համար նման խոշոր ինտեգրացիոն միավորումներին անդամակցելը միայն ու միայն հնարավորություն է, որից պետք է կարողանալ օգտվել.
«Ես վստահ եմ, որ հաջող քաղաքականության դեպքում այդ հնարավորությունները դրական ազդեցություն են թողնելու մեր տնտեսության վրա»,- ասաց նա:
Բալասանյանի խոսքով, այսօր նոր ինտեգրացիոն միավորման մասին են Հայաստանում ակտիվ քննարկում, Հայաստանի համար նոր հնարավորություն է բացվում ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից, և մոտ ապագայում ՀՀ ղեկավարը Կազանում մասնակցելու է այդ միավորման գագաթնաժողովին: Նա շեշտեց՝ ավելի քան վստահ է, որ ԲՐԻԿՍ-ին ապագայում Հայաստանի անդամակցությունը միայն և միայն բխում է ՀՀ և մեր ժողովրդի շահերից:
“Ցանկացած ինտեգրացիա իր հետ բերում է նոր հնարավորություններ, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այս տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը ցույց է տալիս, որ մեր փոքր երկիրը ոչ միայն հնարավորություն ունի ազդելու այդ միությունում կայացվող որոշումների վրա, այլև օգտվելու ընձեռնված հնարավորություններից՝ տնտեսական ակտիվություն ցույց տալու համար”,- ասաց բանախոսը:
Գրիգոր Բալասանյանի խոսքով, ԲՐԻԿՍ-ը նաև նշանակում է քաղաքական և անվտանգային նոր հնարավորություններ Հայաստանի համար, քանի որ ցանկացած տնտեսական ինտեգրացիա իր հետ բերում է նաև անվտանգային լրջագույն հնարավորություններ անդամ պետությունների համար: Որպես դրա վառ օրինակ հիշատակեց ՇՀԿ-ն:
Հետևապես, վստահ է նա, ԲՐԻԿՍ-ին անդամակցության պարագայում և հետագայում նաև Մեծ Եվրասիական համագործակցության շրջանակներում Հայաստանի ավելի ակտիվ լինելը մեծապես ազդելու է նաև Հայաստանի անվտանգության վրա, որովհետև այն գերտերությունները, որոնք ներդրումներ են անում ԲՐԻԿՍ-ում և ապագա Մեծ Եվրասիական համագործակցության մեգածրագրի շրջանակներում, շահագրգռված են լինելու, որպեսզի մեծ տարածաշրջանում լինի խաղաղություն և այն խնդիրները, որոնք առկա են և կարող են ծագել, դրանք լուծվեն շատ արագ:
«Սա Հայաստանի համար լրջագույն անվտանգային հնարավորություն է” հավելեց Բալասանյանը: