Բարեկամ Չինաստանը նշում է իր ազգային տոնը տպավորիչ ծրագրերով և նոր հաջողություններով. Արամ Սաֆարյանի հոդվածը

0
109

Արամ Սաֆարյան 

Երևանի պետական համալսարանի 

Միջազգային հարաբերությունների և 

դիվանագիտության ամբիոնի դոցենտ, 

բանասիրական գիտությունների թեկնածու,

քաղաքագիտության դոցենտ

 

Հոկտեմբերի 1-ին Չինաստանը նշում է իր ազգային տոնը` Չինական Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-ամյակը: Չինական այս գլխավոր տոնը մի առիթ է հայ հասարակությանը ներկայացնելու մեր բարեկամ մեծ ու հզոր երկրի աշխույժ առօրյան, զարգացման տպավորիչ ծրագրերը և մեր երկու երկրների հարաբերությունների խճանկարը:

ՉԺՀ կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի երրորդ պլենումը նախանշել է մոտակա 10-ամյակի զարգացման հիմնական ուղղությունները

Չինաստանում այս տարվա կարևորագույն իրադարձությունը իշխող Կոմունիստական կուսակցության 20-րդ գումարման Կենտկոմի երրորդ պլենումն էր, որը գումարվեց Պեկինում հուլիսի 15-ից 18-ը: Այն գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը և արժանացավ միջազգային հնչեղ արձագանքի: Պլենումը, որտեղ նախագահում էր Կենտկոմի Քաղբյուրոն, լսեց Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի ծրագրային ելույթը: Ընդունվեց որոշում բարեփոխումների բազմակողմանի հետագա խորացման մասին, չինական մոդեռնիզացման առաջմղման նպատակով: Այս պլենումը շատ կարևոր էր աշխարհի երկրորդ տնտեսություն համարվող երկրի վրա ունեցած հասկանալի ազդեցության պատճառով: Ամբողջ աշխարհի համար այդ քաղաքական միջոցառումը կարևոր պատուհան էր դեպի արտաքին աշխարհ, որը թույլ էր տալիս ճանաչել Չինաստանը, հասկանալ նրա բարձրորակ զարգացումը և բացությունը արտաքին աշխարհի հանդեպ:

Երրորդ պլենումը նվիրված էր բարեփոխումների հետագա համակողմանի խորացմանը և չինական մոդեռնիզացիայի առաջխաղացմանը: Պլենումի ընդունած կոմյունիկեն տվեց հստակ հանձնարարականներ Չինաստանին բարեփոխումների հետագա նոր ուղիների  վերաբերյալ: Այդ փաստաթուղթը նաև Չինաստանի զարգացման ուղին դարձնում է շատ որոշիչ, հետևողական և անընդմեջ: Այսպիսի մոտեցումը մեր օրերում հազվագյուտ է աշխարհի խոշորագույն տերությունների միջավայրում և համաշխարհային մակարդակով կայունացնող դեր ունի: Բարեփոխումների շարունակությունը նախանշվել է իբրև պատասխան առկա հիմնախնդիրներին և ցույց է տալիս, որ այդ լուծումները կրում են անընդհատ բնույթ: Արագացվող էվոլյուցիայի պայմաններում, որոնք աննախադեպ էին աշխարհում ընթացող փոխակերպումների վերջին հարյուրամյակում, չինական մոդեռնիզացիայի առաջմղումը բախվում է նաև նոր իրականության և նոր խնդիրների հետ: Պլենումի կարևորությունն այն է, որ ազդարարում է պատմական նոր ժամանակաշրջանի սկիզբը Չինաստանի բարեփոխումների քաղաքականության և բացության տեսանկյունից: Պլենումը ցույց տվեց նաև, որ Չինաստանը լի է վճռականությամբ հաղթահարելու դժվարությունը և ջանքեր գործադրելու ավելի հասցեական քաղաքականության իրականացման գործում և նպաստելու երկրի համակողմանի զարգացմանը և բացությանը արտաքին աշխարհին: Ծանոթանալով պլենումի ընդունած կոմյունիկեին, դժվար չէ եզրահանգումներ անել այն մասին, որ բարեփոխումներն ու բացությունը դարձել են չինական հասարակության անխախտ հավատամքը: Չինաստանը շարունակում է հավատարիմ մնալ մարքսիզմ-լենինիզմի գաղափարներին, երկրի և կուսակցության հիմադիր առաջնորդ Մաո Ցզեդունի և չինական բարեփոխումների ճարտարապետ Դեն Սյաոպինի պատգամներին,  քաղաքական ու տեսական ժառանգությանը: Առաջնորդվելով նոր դարաշրջանում չինական առանձնահատկություններով սոցիալիզմի Սի Ցզինպինի գաղափարով ՝ Չինաստանը կշարունակի առաջ մղել չինական ոճի արդիականացումը:

Կարելի է եզրակացնել, որ հզոր քաղաքական կարգի տված երաշխիքների պայմաններում չինական հասարակությունը շարժվելու է գիտակցության հետագա ազատագրման, սոցիալական արդյունավետության զարգացման և ազատագրման, սոցիալական կենսական ուժերի ազատագրման ու բարձրացման ուղիով, դրանով նպաստելով սոցիական արդարությանը և ամրապնդելով ժողովրդական բարեկեցությունը:

Ութ ամիս շարունակ Չինաստանի քաղաքական ղեկավարությունը նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ պատրաստվում էր մեծամասշտաբ բարեփոխումների ներկայացված ծրագիրը, որը կընդգրկեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Չինաստանով զբաղվող բոլոր լուրջ փորձագետները տարբեր երկրներում համամիտ են, որ տեսանելի հեռանկարում մենք ականատեսն ենք լինելու Չինաստանի պետական քաղաքականության, ամենատարբեր ուղղություններում էական փոփոխությունների:

Չինական մոդեռնիզացիայի նպատակները և խնդիրները

ՉԿԿ Կենտկոմի որոշումը բաղկացած է 15 բաժիններից, որոնց նպատակը, խոշոր հաշվով, չինական մոդեռնիզացիան առաջ մղելն է: Նախատեսվում է ձևավորել բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսության համակարգ:

Խնդիր է դրված խթանել տնտեսության բարձրորակ զարգացումը, համակողմանիորեն կարգավորել մակրոտնտեսական կառավարման համակարգը և նպաստել նորարարությունների համակողմանի ներդրմանը: Կարևորագույն խնդիրներից է նաև քաղաքների և գյուղական շրջանների ինտեգրված զարգացումը, արտաքին աշխարհի հանդեպ բացության ընդլայնման կատարելագործումը բարձր մակարդակով, կատարելագործելը ժողովրդական դեմոկրատիայի ինստիտուցիոնալ համակարգը ամբողջ գործընթացի մեջ: Հռչակված նպատակներից է նաև սոցիակիստական իրավական համակարգի կատարելագործումը չինական առանձնահատկությամբ: Նպատակ է դրված խորացնել բարեփոխումները մշակույթի ասպարեզում: Ընդհանրապես, գլխավոր խնդիրների շարքում են ժողովրդի բարեկեցության բարելավման ապահովումը, բնապահպանական քաղաքակրթության համակարգի բարեփոխումների խորացումը, ինչպես նաև նպաստելը ազգային անվտանգության ու պաշտպանության համակարգերի ու ներուժի մոդեռնիզացիային: Ընդունվել է նաև որոշում կուսակցական կառավարման մակարդակը բարձրացնելու վերաբերյալ:

Ընդհանրապես դրված խնդիրները շատ տպավորիչ են իրենց ընդգրկման մասշտաբներով: Մինչև 2035թ. նախատեսվում է ամբողջովին ձևավորել բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսություն: Չինական առանձնահատկությամբ սոցիալիստական կարգերը կդառնան ավելի կատարյալ: Կիրականացվի նաև պետական կառավարման համակարգի և ներուժի մոդեռնիզացիա: Սոցիալիստական մոդեռնիզացիան հիմնականում կկավարտվի, ինչը թույլ կտա կայուն և ամուր հիմքեր ստեղծել արդեն այս դարի կեսերին մոդեռնիզացված սոցիալիստական տերության ամբողջական կառուցման համար: Կառուցվելու է «հիանալի Չինաստանը» և ավելի բարձր մակարդակի «հանգիստ Չինաստանը»: Ահա այսպիսին են երրորդ պլենումի տպավորիչ և հարգանք ներշնչող ծրագրերը:

Հայաստանը և Չինաստանը բարեկամ երկրներ են

Մեր երկրի համար չափազանց կարևոր է լավ հարաբերությունների ամրապնդումը Չինական Ժողովրդական Հանրապետության հետ: Չինական տնտեսությունը այսօր կազմում է համաշխարհային տնտեսության 18%-ը: Տնտեսական զարգացման համաշխարհային ծավալի 30%-ը բաժին է ընկնում Չինաստանի զարգացմանը: Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում իր պաշտպանական և անվտանգային ներուժի համակողմանի զարգացմանը: Այսօր չինական մոդեռնիզացիայի արդյունքները դառնում են ողջ աշխարհի սեփականությունը: Ինչպես ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը, մարդկության ապագան մեծապես կախված է Չինաստանից:

Չինաստանը Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է: Վերջին երկու տարում այդ տերությունը մտնում է Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերների եռյակի մեջ: Ընդհանրապես, Չինաստանը էական հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանի հանդեպ: Փորձագիտական և գիտական շրջանակներում արդեն տարաձայնություն չկա այն հարցում, որ նախագահ Սի Ցզինպինի հռչակած «Մեկ գոտի, մեկ ուղի» գլոբալ նախաձեռնության իրականացման ուղիներից մեկը հանդիսանում է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների լիարժեք գործարկումը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, նախանշում է ոչ միայն «Հյուսիս-Հարավ», այլև «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային հաղորդակցությունների գործարկում և զարգացում:

Հայաստանի քաղաքական, հասարակական, մշակութային և գիտական շրջանակները գնալով ավելի մեծ չափով են համագործակցում չինացի պաշտոնակիցների և գործընկերների հետ: Հաճախակի են դարձել փոխադարձ այցերը: Մշակվում են համագործակցության համատեղ ծրագրեր, որոնց ծավալը անշեղորեն մեծանում է: Հայաստանոււմ հասկանալի հետաքրքրություն կա չինարեն լեզվի և չինական մշակույթի հանդեպ: Մեր երկրում ակտիվորեն աշխատում է Կոնֆուցիոսի ինստիտուտը, որը երեխաներին, ուսանողներին, մասնագետներին առաջարկում է համագործակության զանազան ծրագրեր:

Չինաստանի նոր դեսպանության շենքը Երևանում խոսում է այն կարևորության մասին, որը այս համաշխարհային տերությունը տալիս է մեր երկրի հետ փոխհարաբերություններին:  Հայ-չինական նոր դպրոցը Երևանում աշակերտների պակաս չունի, ինչը ևս մեկ ցուցանիշ է չինական քաղաքակրթության հանդեպ մեր ժողովրդի հարգանքի և հետաքրքրության:

Հայերն ու չինացիները իրար վաղուց են ճանաչում: Նրանց շփումների պատմությունն ընդգրկում է հազարամյակներ: Առևտրական և մշակութային կապերի հսկա ժառանգությունը գալիս է հաստատելու այսօր առկա քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի փոխշահավետությունը:

 

Armenpress.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here