Կոռուպցիա, «փակ փողեր», ՓԲԸ-ներ. Ի՞նչն է խանգարում ՀՀ-ին մասնակցել ՌԴ գնումների շուկային

0
276

Ռուսաստանի պետական գնումների ամբողջ ծավալը կազմում է 300 մլրդ դոլար: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կազմում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ներուժի 0.15 մասը, որը, եթե պրոեկտենք գնումներին հավակնելու հարցին, ապա կարող ենք տարեկան մինչև 350 մլն դոլարի ծավալներով գնումների շուկային մասնակցելուն հավակնել: Բայց չենք մասնակցում, որովհետև Հայաստանի պետական համակարգը չի համագործակցում իր մասնավոր համակարգի հետ, որպեսզի նրան պատրաստի ու տրամադրի ռուսական հայտնի չափանիշներով առաջարկություններ՝ մրցունակ առաջարկություններ ներկայացնելու համար: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Մյուս երկրները ունեն լուրջ լոբբինգի հնարավորություններ իրենց պետությունների, կառավարությունների և գործադիր իշխանության մարմինների վրա, իսկ մեզ մոտ այս համագործակցությունը, ուրիշ երկրում գնումների շուկայում մասնակցություն ունենալու համար, այդ մշակույթը, ցավոք, դեռևս չի ձևավորվել: Սա շատ լուրջ խնդիր է և Հայաստանը ժամանակ է կորցնում, որովհետև անվերջ անտեր մնալ այդ շուկան չի կարող, մենք 2-3 տարի փորձնական կարգով այն կթողնենք մյուս ընկերություններին, հետո հետ կընկնենք ու մյուսներին հասնելը շատ դժվար կլինի»,- հայտարարեց նա:

Սաֆարյանի խոսքով, այս լրջագույն խնդրի լուծումը մեկն է՝ երկրում պետք է լուրջ քաղաքականություն տարվի ներդրումային մթնոլորտը բարելավելու ուղղությամբ: Այս պայմաններում էական ներդրումներ սպասելը, նրա խոսքով, չափազանց մեծ լավատեսություն է: Ներդրումային մշակույթը Հայաստանում պետք է փոխվի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունն ու մասնավոր սեկտորը ձեռք ձեռքի տված փոխադարձ լուծումների դաշտում աշխատեն:

Ի՞նչ հարկավոր դրա համար.

«Առաջին պայմանը, որը ամենագրավիչն է ներդրումների համար, Հայաստանն ապահովել է՝ մեր երկրում կա քաղաքացիական համերաշխության մթնոլորտ, ներքաղաքական առճակատում չկա, որը մաշող պայքար է իշխանության համար ու ռիսկային ցանկացած ներդրումի համար: Հայաստանն, այս իմաստով, շատ գովելի, շատ հարմար դիրքում է, բայց մեր մյուս ոլորտներում, ինչպիսին է համագործակցությունը, ներդրումների ռիսկերի բարելավումը և այլն, մենք այդտեղ ունենք դեռ շատ անելիքներ: Եվ այս իմաստով ես կարևորում եմ 2017 թվականը, որը զարգացման նոր փուլի առաջին քայլ կարող է դիտվել, այնպիսի քայլ, որ 2018 և հաջորդ երկու տարիների համար ապահովի ներքին համախառն արդյունքի էական, շոշափելի, հասարակության համար տեսանելի աճ: Եվ դրա համար շատ աշխատել է պետք»,- ընդգծեց Արամ Սաֆարյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում լոկոմոտիվի դերը տանում է Ռուսաստանը, որն ունի ԵԱՏՄ տնտեսական ամբողջ ներուժի 80-86 տոկոսը, որն իրեն զգացնել է տալիս ամեն ինչում:

Ասուլիսի մյուս բանախոսը, տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ ավելացրեց, որ ներդրումների առումով իսկապես կան խնդիրներ, որոնք Հայաստանում լուծված չեն: Նախ, Հայաստանի գրեթե բոլոր շահութաբեր ձեռնարկությունները փակ բաժնետիրական ընկերություններ են, որտեղ ներդրումներ անելու և շահութաբերությունը գնահատելու տեսանկյունից բավականին լուրջ խոչընդոտներ կան: Բացի այդ, Հայաստանում վարվում է փակ փողեր քաղաքականությունը, այսինքն վարկային միջոցները արդյունավետ բիզնես իրականացնելու համար հարմար չեն: Եվ երրորդ լուրջ խնդիրը, որ մատնանշեց Թավադյանը, դա կոռուպցիան է.

«Մենք կարող ենք անընդհատ խոսել կոռուպցիային հակադրելու մասին, բայց Հայաստանում կոռուպցիայի մակարդակը միջազգային կազմակերպությունների կողմից բավականին բարձր է գնահատվում: Իսկ դա ռիսկային է դարձնում ներդրումները: Այս ամենը պետք է լուծել ներդրումներ կատարելու համար»,- ընդգծեց նա:

 

 

Verelq.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here