«ԵԱՏՄ-ում գործերը լավ են, եւ մենք վերընթաց զարգացման ճանապարհին ենք». Ա. Սաֆարյան

0
294

Վերջին երկու ամիսների ընթացքում եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները հետազոտություն են անցկացրել` հենվելով Հայաստանի վիճակագրական տվյալների, Ռուսաստանի համանման տվյալների, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների տնտեսական իրավիճակի, Եվրասիական զարգացման բանկի հետազոտությունների արդյունքների վրա, եւ կազմել բավական համապարփակ պատկեր` 2017 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ: Նա նախեւառաջ ընդգծեց, որ համեմատելով անցյալ տարվա վեց ամիսների հետ` այս տարի հունվար-հուլիս ամիսներին մեր տնտեսական իրավիճակը բնութագրող մի շարք ցուցանիշներ թույլ են տալիս լավատեսական եզրակացություններ անել:

«ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ` ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՃԵԼ Է 24 ՏՈԿՈՍՈՎ»

– Առաջին ամենակարեւոր եւ ամենահուսադրող ցուցանիշն այն է, որ մեր արտահանումը անցած տարվա վեց ամիսների համեմատ` այս տարի աճել է 24 տոկոսով: Երբ անցած տարի օգոստոսին խոսում էինք առաջին վեց ամիսների մասին, ասում էինք, որ մեր արտահանման ծավալները տարվա վերջում կկազմեն մոտ մեկ միլիարդ 700 մլն դոլար գումար, եւ այդպես էլ եղավ: Այնպես որ, վերոնշյալ ցուցանիշը, եթե պահպանվի, այն մեզ թույլ է տալիս ենթադրել, որ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի արտահանումը տարվա վերջում կմոտենա 2 միլիարդ դոլարի: Ընդհանրապես, մեր առեւտրատնտեսական գլխավոր գործընկերները, ուր գնում է մեր արտահանումը, Ռուսաստանն է, Եվրոպական միությունը, Իրանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վրաստանը եւ Շվեյցարիան: Այս թվում` Ռուսաստանը մեր պատրաստի արտադրանքի գլխավոր ներմուծողն է: Եվ այսօր Ռուսաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք  թույլ են տվել միջազգային վարկանիշային բանկային կազմակերպություններին վերանայել տարվա սկզբում արված իրենց կանխատեսումները: Ըստ այդ կանխատեսումների` վերջին երկու տարիների համեմատ, այս տարի ոչ միայն Ռուսաստանի տնտեսությունը չի կրճատվի, այլ նաեւ կգնա վերընթաց զարգացման ուղիով` մոտավորապես մեկ-երկու տոկոսի միջակայքում ցույց տալով զարգացման միտումներ: Սա կարեւոր է ընդգծել, որովհետեւ, ինչպես գտնում են Եվրասիական զարգացման բանկի փորձագետները, Ռուսաստանի տնտեսության այս տարվա զարգացումն ամենաբարեբեր ազդեցությունն է ունեցել Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տնտեսությունների վրա: Ընդ որում` Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ցույց է տվել նշաններ, որոնք անհամեմատելի են եվրասիական տարածքի մյուս տնտեսությունների հետ:

Պարոն Սաֆարյան, մասնավորապես` հայաստանյան արդյունաբերության աճ ո՞ր ոլորտներում են առկա:

– Անցած եւ այս տարի մեր երկրում առաջին անգամ երկար տարիների գրեթե մոռացությունից հետո արձանագրում ենք տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության աճ, ընդ որում` այդ արտադրանքի արտահանման աճ կա` 50 միլիոն դոլար ծավալով: Սա կարեւոր նորություն է հայ իրականության համար, որովհետեւ Խորհրդային Միության փլուզումից հետո գնորդները, հատկապես նախկին սովետական տարածքներում, հասցրել էին մոռանալ մեր կոշկեղենի եւ տեքստիլ արդյունաբերության մասին:

«ԿԱՐԻՔ ԿԱ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ անցած տարվա առաջն վեց ամիսների համեմատ, այս տարի մեր գյուղատնտեսական արտադրանքը, թեպետ աննշան` մեկ տոկոսից էլ պակաս, բայց կրճատվել է:

– Սա բացատրվում է նախեւառաջ նրանով, որ նվազել է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների թիվը, բայց մյուս կողմից` արդեն երկրորդ տարին է, ինչ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աճ ունենք. այն ավելացել է մեկ քառորդով: Սրանից պետք է հետեւություն անենք, որ անկախ նրանից, թե ինչքան կլինի մեր գյուղական համայնքների բնակչությունը, կարիք կա ավելացնելու գյուղմթերքի արտադրությունը: Դրա սպառողը կա, որն առաջին հերթին որակյալ գյուղմթերքի կարիք ունեցող Ռուսաստանն է: Այս առումով` կարող ենք եւ պարտավոր ենք հրավիրել ռուսաստանցի ներդրողների` ՀՀ-ում ցանքատարածությունները ավելացնելու, նոր այգիներ դնելու, ջերմոցներ կառուցելու եւ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկություններ կառուցելու համար: Մենք` որպես փոքր երկիր, անկեղծորեն պետք է շահագրգռված լինենք, որ Ռուսաստանը Արեւմուտքի հետ չգնա առճակատման քաղաքականության, բայց անկախ մեր ցանկությունից, այդ առճակատումը գոյություն ունի, հետեւաբար պարտավոր ենք ճիշտ կողմնորոշվել, եւ այս իրավիճակում լինել ՌԴ գյուղմթերքի կարիքները հոգացող երկրների շարքում: Մանավանդ, որ եթե դա մենք չանենք, անելու են մեր հարեւանները` Թուրքիան եւ Ադրբեջանը: Գյուղմթերքն իրացնելու հարցում մեր մրցակցությունը ռուսական շուկաներում նրանց հետ է, ուստի` պնդում եմ, որ մենք ի վիճակի ենք եւ պետք է ավելացնենք գյուղմթերքի արտադրությունը:

«ԱՌԱՋԻՆ ՎԵՑ ԱՄՍՈՒՄ ՇՈՒՐՋ 600 ՀԱԶԱՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

Անդրադառնանք նաեւ այս տարվա առաջին վեց ամսվա տուրիզմի ոլորտում առկա արդյունքներին…

– Դեռեւս չընդգրկելով տուրիզմի համար ամենանպատակահարմար հուլիս, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսները` արձանագրում ենք, որ առաջին վեց ամիսների ընթացքում 600 հազարից ավել արտասահմանցի զբոսաշրջիկ է եղել Հայաստանում: Այդ զբոսաշրջիկներից 240 հազարը եղել է ՌԴ անձնագրերով, 151 հազարը` Վրաստանի անձնագրերով, իսկ 89 հազարը` ԻԻՀ անձնագրերով: Նաեւ ընդգծենք, որ  շնորհիվ նրանց` Հայաստանում ավելացել է ներքին առեւտրաշրջանառությունը, որն անկման միտումներ ուներ անցյալ տարվա դրությամբ` կապված բնակչության որոշ թվաքանակի նվազման հետ կապած: Այսինքն` զբոսաշրջիկները դարձան մեր առեւտուրը բարձր պահող լրացուցիչ դրական ազդակ: Եթե այս միտումը շարունակվի, վստահ կարող ենք  ասել, որ այս տարի ՀՀ-ում կունենանք մեկ միլիոնից ավել զբոսաշրջիկ ՀՀ-ում: Իսկ սա նշանակում է, որ 2003-2004 թթ.-ին մեր տնտեսության այս  ոլորտի առջեւ դրված խնդիրը այժմ կդառնա իրականություն:

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆ ՆՈՐ, ԼՈՒՐՋ ԵՎ ԴԵՌԵՎՍ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 

Դուք նշեցիք ԵԱՏՄ անդամ Հայաստանի տնտեսական դրական միտումների մասին, բայց ի հակադրություն այս ցուցանիշների, ԱԺ «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Դեմ եմ երիտասարդ ընդդիմադիրներին քարկոծելուն, որովհետեւ երիտասարդ քաղաքական ուժ են եւ ասպարեզ գալով` ուզում են էական հարցադրումներով ամրապնդել իրենց դիրքերը քաղաքական դաշտում: Բայց նաեւ գտնում եմ, որ անխուսափելի է անկեղծ, ճշմարիտ երկխոսությունն ու բանավեճը այդ քաղաքական ուժի եւ նրան աջակցող արեւմտամետ ուժերի հետ: Ըստ իս, «Ելք»-ը երբեք չէր դնի այս հարցը, եթե համոզված չլիներ, որ քաղաքական դաշտում կա արեւմտամետ ստվար գործիչների զանգված, որը կանգնած է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնելու, ՌԴ-ի նկատմամբ` բացասական վերաբերմունք ձեւավորելու դաշտի վրա: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե նրանք հաջողելու են եւ դժվարանում եմ նույնիսկ բառեր գտնել, թե ինչ կարող էր լինել, եթե հանկարծ «Ելք» դաշինքի գործիչների նման մարդիկ ստանձնեին ՀՀ իշխանությունն այս գաղափարներով: Պատկերացնո՞ւմ եք, եթե առանց այն էլ տանջված, չարչարված, բազում խնդիրներ ունեցող մեր փոքրիկ երկրից մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը սպառնալիք զգար: Այ սրա պատասխանատվությունն իրենք պետք է հասկանան, թե ինչ կարող էր լինել այդ դեպքում: Օրինակ, եթե գազը չստանայինք այսքան արտոնյալ գնով, եթե ռուսական շուկան բաց չլիներ Հայաստանի պատրաստի արտադրանքի համար, եթե մեր երկիրը չբացեինք ռուսական ներդրումների համար, քաղաքական առումով` չլինեինք ՀԱՊԿ անվտանգության գոտու հարավային թեւը` դրանից բխող մեր բոլոր պարտավորություններով եւ միջուկային անձրեւանոցի տակ գտնվելու մեր արտոնյալ վիճակով, որն ունենք այսօր, ի՞նչ կլիներ Հայաստանի վիճակը… Այս դատողությունները թողնում եմ ամեն մեկի խղճին եւ յուրաքանչյուրի բանականությանը: Բայց այսօր ԵԱՏՄ-ի անդամ լինել-չլինելու հարցը բարձրացնել, երբ ԵԱՏՄ-ում մեր գործերը լավ են եւ վերընթաց զարգացման ճանապարհին ենք, ինչը  խոստանում է մեր տնտեսության համար զարգացման նոր, լուրջ եւ դեռեւս չօգտագործված հնարավորություններ, պարզապես, կարճատեսություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here