Տարեկան մեկ միլիարդ դոլար Հայաստանից գնում է օֆշորներ, բայց ռուսական եւ եվրոպական ներդրումների ենք սպասում (Տեսանյութ)

0
310

2018-19 թվականները ԵԱՏՄ-ի համար կարող են թռիչքաձեւ զարգացման տարիներ լինել: Այս մասին այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում հետազոտական-վերլուծական կենտրոնի» նախագահ Արամ Սաֆարյանը:

Բանախոսը հիշեցնում է`Եվրասիական փորձագիտական ակումբը եւ իր ղեկավարած կազմակերպությունն առաջինն էին, որ սեպտեմբեր ամսին, ամփոփելով անցնող ութ ամիսների տվյալները, հայտարարեցին`տարին կարող ենք փակել չորս տոկոս տնտեսական աճով. «Այսօր մոտ ենք այդ թվին»:

Առհասարակ, Արամ Սաֆարյանը փաստում է`ԵԱՏՄ-ի համար տարին լավն էր: Դա են ասում նաեւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները, ԵԱՏՄ-ի ղեկավարությունը: Բանախոսը վկայակոչում է Տիգրան Սարգսյանի օրերս արած այն հայտարարությունը, որ 2017-ին հնարավոր եղավ կասեցնել անկումը, ինչը թույլ է տալիս հայտարարել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ի աճ կլինի:

Արամ Սաֆարյանը հիշեցնում է նաեւ, որ օրերս ՀՀ նախագահը խոսեց 7 տոկոս տնտեսական աճի մասին: Ինքը կարծում է, որ դա միանգամայն իրատեսական սպասելիք է: Ասում է` զարգացում ապահովելու համար առնվազն մի քանի տարի պետք է 7 տոկոս աճ ունենանք:

Այլ մանրամասները` տեսանյութում


Արամ Սաֆարյանը կարծում է, որ առաջիկայի համար Հայաստանում պատկան մարմինները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն պատրաստի ապրանքի արտահանման ծավալների մեծացման, վերամշակող ապրանքների արտադրության, սննդի արդյունաբերության եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա: «Այս ոլորտները կարող են ներդրումների հոսքեր ապահովել»,- ասաց նա:

Ինքը կարծում է, որ զարգացման գրավական է նաեւ երկրի քաղաքական կայունությունը, քաղաքացիական համերաշխության մթնոլորտը: Դա չի նշանակում միակարծություն, բայց, ասում է` կարեւոր է, որ երկրում լինի այնպիսի մթնոլորտ, որը ներդրողների համար վստահելի լինի: «Մենք տնտեսական վերելքի ճանապարհին ենք եւ ժամանակն է կոմպետենտ տնտեսական բանավեճեր վարել ու դրանք ծառայեցնել երկրի տնտեսական զարգացմանը»,- հայտարարեց բանախոսը:

Aravot.am-ի հարցին`ԵԱՏՄ-ին անդամակցելիս շատ էր խոսվում ռուսական մեծածավալ ներդրումների մասին, որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չեն դառնում, Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Ներդրումներ կան, դրանք մեծ չեն: Սպասելիքների շեմին ենք, քննարկումները դեռ ընթանում են: Թե ի՞նչ ծավալների կլինեն ներդրումները` կախված է նաեւ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունից: Տարեկան Հայաստանից մեկ միլիարդ դոլար ենք փախցնում եւ ներդնում օֆշորային գոտիներում, բայց սպասում ենք մի քանի հարյուր միլիոնի ներդրումներ ՌԴ-ից, 160 միլիոնի էլ ԵՄ-ից: Մեր գործարարները պետք է այս հարցի պատասխանը կարողանան տալ»: Ամեն դեպքում, ինքը հույս ունի, որ 2017-ին տված ներդրումների խոստումները մեր ռուսաստանցի գործընկերները կկատարեն 2018-ին:

2018-ն ասում է Հայաստանի համար կարեւոր է` Առաջին հանրապետության հարյուր տարին է լրանում, Երեւանը դառնում է 2800 տարեկան, Արեւելյան Հայաստանը Ռուսական կայսրությանը միանալու 190 տարին է: Ասում է`բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք պետք է քննարկվեն, առողջ բանավեճեր ընթանան, հետեւություններ եւ եզրահանգումներ լինեն, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here