Ինչպե՞ս օգտագործել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հօգուտ մեր երկրի. Աշոտ Թավադյան

0
364
Այս տարի Հայաստանը ԵԱՏՄ-ում ստանձնել է նախագահությունը: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը կարծում է, որ այս լծակը պետք է օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսության: Մասնավորապես «Արմենպրես» մամուլի սրահում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Աշոտ Թավադյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ԵԱՏՄ-ում էներգակիրների առեւտուրն այլեւս իրականացվի ռուսական ռուբլով, նաեւ ԵԱՏՄ տարածքում գործեն միասնական բանկային կարգավորումներ, որոնց կիրառմամբ արտարժույթի տատանումները երեք տոկոսը չեն գերազանցի: Եվ որ ոչ պակաս կարեւոր է, ԵԱՏՄ-ում պայմանագրի կատարողական կարգապահությունը պետք է մեծացնել:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները նաեւ տնտեսական հետազոտություններ են իրականացրել`«Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին`ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում»: Աշոտ Թավադյանը Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար շարունակում է կարեւոր համարել արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման, ցուցանիշը:
Ըստ հետազոտության, 2018թ. Հայաստանի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ կազմել է 2,401 մլրդ դոլար՝ աճելով 9,8 %-ով: Արտահանումը Ռուսաստան ավելացել է 22,8 %-ով եւ կազմել մոտ 652 մլն դոլար: 66,2 %-ով աճել է արտահանումը Բելառուս եւ 97,8 %-ով՝ Ղազախստան: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները գտնում են, որ արտահանման աճի դրական միտումը եվրասիական ուղղությամբ կարելի է պահպանել նաեւ 2019 թվականին` չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշություններին եւ տատանումներին:
Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 1,395 մլրդ դոլարի արտադրանք եւ աճն այստեղ կազմել է 10,1 %: Հայաստանի ներկրումն ամբողջությամբ արտասահմանյան երկրներից կազմել է 4,964 մլրդ դոլար: «2018 թ. էապես աճել է տեքստիլ արտադրանքի արտահանումը՝ 65 %-ով: Մրգերի արտահանումը Ռուսաստան նույնիսկ գյուղատնտեսության ընդհանուր ծավալների անկման պայմաններում աճել է ավելի քան երկու անգամ: Ձկնարդյունաբերության աճը ավելացել է 34 %-ով՝ 17 մլն դոլարից հասնելով 23 մլն դոլարի: Այս ապրանքները գնում են ԵԱՏՄ երկրներ:
Հետաքրքրական է, որ 45 %-ով աճել է նաեւ Շվեյցարիա գնացող ժամագործական արտադրանքը: 12 %-ով աճել է Մերձավոր Արեւելք գնացող ծխախոտագործական արտադրանքը: Գունավոր մետաղների հանքանյութը, որը գնում էր Եվրոպա եւ Չինաստան, պակասել է 8 %-ով: Տրանսֆերտների եւ զբոսաշրջության տարեկան ցուցանիշները դեռեւս ամփոփված չեն: Սակայն ակնհայտ է, որ զբոսաշրջության հնարավորությունները մեր երկրում մեծապես կապված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցության հետ, որովհետեւ դրանով խթանվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքները»,- ասաց Աշոտ Թավադյանը` հավելելով` եթե ցանկանում ենք ունենալ էական տնտեսական զարգացում ՀՆԱ- արտահանում հարաբերակցությունը պետք է 50 տոկոս լինի. «Կառավարության ծրագրում 43 տոկոս է նշված, էլի լավ է, բայց միջնաժամկետ ծրագրերով քայլերը հստակ պետք է նկարագրվեն: Արտահանումը վեց միլիարդի պետք է հասցվի»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն էլ կոչ է անում ՀՀ իշխանություններին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մեկ տարվա կտրվածքով ծրագիր մշակել` ինչպե՞ս օգտագործել այդ հնարավորությունները երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների խթանման համար: Եվրասիական փորձագիտական ակումբում, օրինակ, գիտակրթական ոլորտում փորձում են Բելառուսի հետ հասարակական մակարդակում համագործակցություններ սկսել:
«2019-ին եթե Հայաստանում արվեն լուրջ քայլեր ռազմաարդյունաբերական ոլորտը ոտքի կանգնեցնելու համար, ՌԴ-ի հետ համագործակցության լայն դաշտ է բացվում: Դա հնարավորություն կտա նաեւ սոցիալական հարցեր լուծել մեր երկրում»,- ասաց Արամ Սաֆարյանը` հավելելով, որ պետք է ուշադրություն դարձնենք նաեւ արտահանվող ապրանքների որակի բարձրացմանն ու ծավալների ավելացմանը, քանզի այժմ Հայաստանից պահանջվում են ծավալներ, որոնք ներքին արտադրողները չեն կարողանում ապահովել: Ճանապարհը, ըստ ակումբի անդամների, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն է եւ ոլորտի ոտքի կանգնեցնելը հենց ռուսական ներդրումներով:
«Կան լուրջ հնարավորություններ Հայաստանում ոչ միայն պետական, այլ նաեւ մասնավոր ներդրումներ ներգրավելու»,- վստահ է Արամ Սաֆարյանը: Ժամանակին, երբ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության մասով իբրեւ խնդիր էր նշվում այն, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ, Արամ Սաֆարյանն այսօր արձանագրում է` կյանքը ցույց տվեց, որ առավել արդիական հարց է ԵԱՏՄ պայմանագրի կետերի ճշգրիտ եւ պարտաճանաչ կատարումը բոլոր երկրների կողմից, քանի որ անգամ ընդհանուր սահմաններ չունենալով Հայաստանն այդ միությունում ինտեգրման ամենալավ ցուցանիշներն է արձանագրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here