Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին

0
361

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շատ պարտաճանաչ է մոտենում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի աշխատանքներին և մեծ հետաքրքրություն ցուցաբերում դրանց նկատմամբ՝ դիտարկելով դրանք որպես կարևոր մաս երկրի տնտեսության զարգացման հարցում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, հունվարի 20-ին «Եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների արտաքին և ներքին քաղաքականության հարցեր» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը կարևորեց նման փորձագիտական համաժողովների անցկացումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. ըստ դեսպանի, եվրասիական ինտեգրացիայի թեման մշտապես հասարակության, փորձագետների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է:

Կոպիրկինը կարծում է, որ ԵԱՏՄ-ն արդեն կայացել է որպես միություն: Դրա մասին վկայում են այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրել են ԵԱՏՄ անդամ պետությունները վերջին տարիներին՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը:

«Եվրասիական տնտեսական միությունը բոլորիս է պետք, այդ թվում՝ Հայաստանին: Հայաստանը շատ ակտիվ մասնակցություն է ունենում ինտեգրացիոն գործընթացներում` միությունը զարգացնելու և կատարելագործելու խնդրով»,- ասաց Կոպիրկինը:

Նա նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում որպես նախագահող երկիր շատ արդյունավետ անցկացրեց Եվրասիական միջկառավարական և  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնց ընթացքում ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքվեցին Իրանի և Սինգապուրի հետ:

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Գրոմիկոյի (ԽՍՀՄ արտաքին գործերի նախկին նախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը) խոսքով` ԵԱՏՄ-ն հինգ տարվա գոյության ընթացքում ավելի շատ ճանապարհ է անցել, քան Եվրամիությունը ստեղծման հինգ տարիներին:

«Մենք ավելի արագ ենք զարգանում, որովհետև ունենք փորձ, հաշվի ենք առնում  ձեռքբերումները և սխալները, որոնք թույլ են տվել այլ միությունները: Եվրասիական տնտեսական միությունում են մի շարք հարցեր կան: Դրանցից է ընդհանուր թվային հարթակների ստեղծումը: Հայաստանը, որպես նախագահող երկիր, շատ մեծ ներդրում է ունեցել այս գործում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առջև ծառացած այս հարցը առաջնային է»,- ասաց Գրոմիկոն:

Խոսելով համաժողովի մասին՝ քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ասաց, որ վաղուց սերտ համագործակցում են ԵԱՏՄ-ը անդամ պետությունների դեսպանությունների հետ  և նրանց մասնակից են դարձնում քննարկումներին:

«Եվրասիական տարածքում շատ կարևոր է փորձագիտական գնահատականներով հանդես գալ, ներկայացնել այն առաջնահերթություններն ու խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրների առջև: Այս վերլուծական նյութերը հնարավորություն են տալիս քաղաքական իշխանություններին ճիշտ, կշռադատված որոշումներ կայացնել: Սրանում է մեր համաժողովների նպատակը»,- ընդգծեց Սաֆարյանը:

Համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիան:

Համաժողովին մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here