«Երբ Հայաստանը մտնում է մեծ ռուսական տարածք, բարգավաճում է, երբ դուրս է գալիս այդ տարածքից՝ հայտնվում է գոյապաշտպանական ռիսկերի դաշտում». Սամվել Մանուկյան

0
417

Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած՝ «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ ՌԴ դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ սոցիոլոգ Սամվել Մանուկյանը հայտարարեց, որ ուկրաինական թնջուկի հարթությունում Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու համար Հայաստանը խամուխոպան է՝ չհերկված դաշտ:

Ըստ Մանուկյանի հրապարակած տվյալների, միջնակարգ կրթությամբ երիտասարդների 20 տոկոսը չի լսել Ղրիմի խնդրի, 35 տոկոսը՝ Դոնբասի խնդրի մասին: Բարձրագույն կրթությամբ երիտասարդների 11 տոկոսն է անտեղյակ Ղրիմի խնդրից, 33 տոկոսը՝ Դոնբասի խնդրից: Եթե 2015-ին Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնելուն դրական էր վերաբերվում հայաստանցիների 73 տոկոսը, ապա՝ Դոնբասի միավորվելուն՝ 40 տոկոսը: Բանախոսը վստահ է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մեծ ներուժ ունի դառնալու Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու տեղեկատվական պատերազմի դաշտ:

Սոցիոլոգը վստահ է, որ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների կարգավորումը արմատական փոփոխությունների կբերի ողջ աշխարհում: «Պատմությունը ցույց է տալիս, երբ Հայաստանը մտնում է մեծ ռուսական տարածք, բարգավաճում է, երբ դուրս է գալիս այդ տարածքից, հայտնվում է գոյապաշտպանական ռիսկերի դաշտում»,- ասաց Սամվել Մանուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here