Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն Վարդումյան

0
257

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամկառավարման փորձագետ ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ կարծիքով՝ քանի դեռ մեր երկրում մի իշխանություն է, որն առաջնորդվում է միայն իշխանության մնալու քաղաքական շահով, մնացած բոլոր շահերը պետք է ենթարկվեն գիտակցաբար, միտումնավոր, ծրագրված այդ նպատակին:  Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ:  Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Հանձին իշխանությունների՝ ներկայումս ունենք սեւ արկղ, որ երբեք չգիտես, թե մեջն ինչ կա, ինչ է նախատեսվում, վաղն ինչ «կբլթա» եւ ճակատագրական ինչ տեղի կունենա, ինչպես վերջին երկու տարում անընդհատ տեղի է ունենում: Այդքան ասում են, թե նրանք ծրագիր չունեն, հոգնել եմ ասել, որ շատ հստակ ծրագրիր ունեն՝ ինչքան էլ փորձում են ձեւացնել, թե չունեն եւ իրավիճակային կառավարում են իրականացնում,  որքան կարողանում են: Այդպես չէ՛, նրանք հստակ ծրագիր են իրականացնում եւ շարունակ անում են քայլեր, որոնք մեր ժողովրդի պետական, ազգային շահերին դեմ է» , — ասաց Վարդումյանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային միջազգայնորեն ճանաչված 29 800 քառ. կմ տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, կառավարման փորձագետն ընդգծեց. «Ուղղակի ամաչում եմ ոչ միայն նրա թոթովական անգլերենի, այլ նրա համար, որ նույնիսկ ղեկավար կոչեցյալը չգիտի հստակ իմ երկրի տարածքը, թե ինչքան է: Գլուխն է գցել 29 800 քառ. կմ-ը, մինչդեռ այդպիսի թիվ չկա: Ցանկացած երեխա կարող է բացել Վիքիպեդիան եւ կարդալ: Առավել եւս հիմա՝ այս վերջին կորուստներից հետո, այդ թիվը չեմ ցանկանում բարձրաձայնել, որպեսզի դեպրեսիայի պատճառ չդառնա»:

Եզրափակելով խոսքը՝ բանախոսը շեշտեց. «Կարծում եմ՝ չափազանց զգույշ եւ շրջահայաց պետք է լինենք: Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել, բայց գոնե իշխանության դեռ չեկած ավանտյուրիստներից կարողանանք զգույշ լինել: Բառիս բուն իմաստով, կարծես, նույն սանրով քաշած լինեն, բոլորը մտածում են իրենց մասին: Ընդամենն օրեր առաջ այդքան զոհ ենք տվել, բայց տպավորություն է, որ ոչինչ չի եղել, այդպես էլ պետք է լիներ: Ասում են՝ Ալիեւն ու Էրդողանը չար են, իսկ ինչո՞ւ պետք է բարի լինեն: Այդ մարդիկ իրենց նպատակն ունեն, որը շատ հավանական է, որ մեր իշխանության հետ համընկնում է: Պետք է այս ամենին ռեալ նայել, ինչքա՞ն պետք է մեզ խաբենք, թե սրանք անփորձ են: Այդպես չէ՛, սրանց պես փորձված, պրոֆեսիոնալ, լեզուներ իմացող, զարգացած գեներացիա կամ դեգեներացիա չի եղել մեր իշխանությունում: Մյուսները մանուկներ էին սրանց համեմատ: Իսկ թե դեպի ուր են մեզ տանում, ոչ ոք չգիտի՝ թունելի վերջում լույս կա, թե՝ ոչ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here