«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ»

0
346

Դեռ ամիսներ առաջ հայաստանյան ամենահեղինակավոր տնտեսագետներից մեկը` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, մեզ հետ ունեցած զրույցում մեզ տեղեկացրել էր, որ Եվրասիական բանկի պատվերով ձեւավորվել է մասնագիտական խումբ, որը պետք է ուսումնասիրի Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցության զուտ տնտեսական էֆեկտը: Պարոն Թավադյանը, ով այդ խմբի ղեկավարն է, մեզ հետ հերթական զրույցում տեղեկացրեց նաեւ, որ համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է: «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՆՉ ԱՅՍ ԷԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԷՐ» -Պարոն Թավադյան, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հայտնի հայտարարություններից հետո Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամագրվելու, ու դրանով հանդերձ էլ Եվրամիության հետ Ազատ առեւտրի մասին պայմանագիրը, ըստ էության, չկնքելու թեման բուռն քննարկումների մեջ է: Սակայն խնդիրը հիմնականում դիտարկվում է քաղաքական տեսանկյունից, մինչդեռ ինչպես Մաքսային միության, այնպես էլ Եվրոպայի հետ առեւտրի մասին համաձայնագրերը բացառապես տնտեսական հարթությունում են: Բայց փաստորեն տնտեսական լուրջ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ արդեն կան: Ուրեմն, որպես այդ ուսումնասիրությունների անմիջական մասնակից, զուտ տնտեսական տեսանկյունից ինչպե՞ս եք մոտենում այն հարցին, թե, ի վերջո, մեզ ո՞ր տարբերակն էր ձեռնտու: — Խումբը պետք է զուտ տնտեսական վերլուծություն կատարեր Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու, եղած վիճակում մնալու կամ ԵՄ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու ուղղություններով: Մասնավորապես, թե այդ երեք տարբերակներով Հայաստանի տնտեսական աճը փոփոխության ինչ հավանական դինամիկա կունենա, այնպես էլ, թե միգրացիայի, տրանսֆերտների եւ տարբեր այլ ուղղությունների հետ կապված խնդիրները ինպիսի լուծումներ կստանան: Այսինքն, թե այդ տարբերակներից ո՞րն էր Հայաստանին տնտեսապես ավելի ձեռնտու: Ուսումնասիրություններից հետո արդյունքները քննարկվել են նաեւ Եվրասիական բանկի մասնագետների հետ ու տրվել է դրական կարծիք: Սակայն մինչ այս ընդհանուր թեմայի տնտեսական կողմին հասնելը ես էլ կցանկանայի քաղաքական առումով նման մեկ միտք հայտնել: Այսօր, երբ կարծիք է հնչում, թե ինչու Հայաստանն այդքան ՙանսպասելի՚ որոշեց գնալ դեպի Մաքսային միություն կամ, որ դա չի համապատասխանում Եվրոպայի հետ առեւտրի համաձայնագրին, ապա մի պարզ հանգամանք հաշվի չի առնվում. Հայաստանը 2011թ. հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրել է ԱՊՀ-ի Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, որը վավերացվել է 2012թ. ՀՀ ԱԺ-ի կողմից, ընդ որում` ձայների բացահայտ մեծամասնությամբ: Այսինքն` արդեն իսկ առեւտրային միության կազմում ենք` Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ, որոնք եւս վավերացրել են արդեն պայմանագիրը: Ուրեմն, երբ ասվում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման կամ առեւտրի պայմանագրերի կնքումը բացառում է Հայաստանի անդամակցությունն այլ առեւտրային կառույցի, ապա այդ մասին խոսելն առնվազն տարօրինակ է: Ընդ որում, ԱՊՀ Ազատ առեւտրի գոտին հենց ապրանքների կամ ծառայությունների արտահանում-ներմուծում Է նախատեսում, այսինքն` ԵՄ-ի հետ առեւտրային պայմանագիրը միգուցե սրա հետ էր պետք համեմատել: Եվ հենց ԵՄ-ն պետք է հաշվի առներ ԱՊՀ-ի հետ այդ պայմանագրի գոյության փաստը, երբ առաջարկում էր իր հետ Ազատ առեւտրի կամ Ասոցացման պայմանագրեր: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա դա որոշակիորեն այլ դրույթներ էլ է նախատեսում, որոնք ԵՄ-ի հետ առեւտրային պայմանագրում կա՛մ չկան, կա՛մ շատ թուլ են արտահայտված: Օրինակ` Մաքսային եւ Եվրասիական միությունների համակարգը նախատեսում է բավականին խոր միգրացիոն խնդիրների լուծում, մինչդեռ անգամ ազատ տեղաշարժ ԵՄ-ի հետ պայմանագրով նախատեսված չէր: Մաքսային միությունն առեւտրային պայմանագրերից արդեն մեկ քայլ առաջ է: Դրա մասնակիցները դուրս են գալիս համաձայնեցված տնտեսական քաղաքականության փուլ: Ընդ որում, ԱՊՀ-ի առեւտրային պայմանագիրը հենց այդ անցումն էլ նախատեսում է: Այսինքն` Մաքսային միության պայմանագիրը Հայաստանի համար նշանակում է ոչ թե սոսկ առեւտրային որոշակի խնդիրների լուծում, այլ ներդրումային, զբաղվածության եւ նմանատիպ այլ բաների պայմանագիր է: Ուստիեւ գանք դրա տնտեսական կողմին: ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ… -Հայաստանը, օրինակ, ներդրումային առումով ի՞նչ պետք է սպասի Մաքսային միությունից: — Ներդրումներն այդ պայմանագրում ունեն համակարգաստեղծ բնույթ: Բանն այն է, որ ներդրումները նախատեսվում են այնպիսի առանցքային ուղղություններում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան եւ այլն: Այսինքն` որ այդ ներդրումները իրենց հետագա տնտեսական էֆեկտն են ունենալու բազմաթիվ այլ ոլորտների վրա: Առաջինը` դա ճանապարհների ուղղությամբ կատարվող ներդրումներն են, որոնք նախատեսված են մոտ 15 մլրդ ռուբլու կամ 500 մլն դոլարի չափով: Այն հիմնականում ուղղվելու է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը, որը մեր հաշվարկներով Հայաստանին տալու է համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի մոտավորապես 0,5 տոկոս հավելաճ: Գումարած դրան` Եվրասիական բանկը մոտ 100 մլն դոլար է հատկացնելու Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը: Հասկանալի է նաեւ, որ մասնավորապես Իրան-Հայաստան երկաթուղում ԵՄ-ն եւ ոչ մի գումար էլ չի ներդնի: Ընդ որում, տնտեսական տրանսպորտային էֆեկտը միանգամից կաճի, եթե շահագործվի նաեւ Աբխազական երկաթուղին: Այդ կերպ մեր ՀՆԱ-ի հավելաճի վրա տրանպորտային գործոնից ակնկալվող 0,5 տոկոս հավելաճը դառնում է 0,7 տոկոս: Հաջորդ խոշոր ներդրումային բլոկը էներգետիկան է: Խոսքը նախ գործող ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման եւ նոր ատոմակայանի կառուցման մասին է: Ապա այն ներդրումներն են, որոնք միանգամից ազդում են գազի գնի իջեցման վրա: Տարեկան կտրվածքով դա մոտավորապես 150 մլն դոլար է, այսինքն` 5 տարվա կտրվածքով մոտ 750 մլն դոլարի զուտ օգուտ է Հայաստանի համար: Չմոռանանք նաեւ, որ գազի գնի էժան լինելը, բնականաբար, զուտ հայաստանյան ներքին տնտեսության վրա իր լրջագույն երկրորդական էֆեկտն է առաջացնելու: Ընդ որում, այդ 750 մլն դոլարը դեռ վերջնական սահմանը չէ, քանի որ Մաքսային եւ Եվրասիական միությունների ընթացակարգերը նախատեսում են նաեւ այդ միասնական տարածքում էներգակիրների գների համարժեքություն, իհարկե, հաշվի առնելով նաեւ դրանց տեղափոխման գործոնը: Էներգետիկ էֆեկտի երրորդ կարեւորագույն գործոնն այն է, որ սպասվում է նաեւ բենզինի եւ դիզվառելիքի գների նվազեցում` հաշվի առնելով, ասենք, Ռուսաստանից Հայաստան արտահանելու դեպքում ՌԴ-ում սահմանային հարկման վերացումը: Այնուհետեւ տնտեսական էֆեկտներ պետք է սպասել նաեւ Հայաստանի ներսում` արտադրության ոլորտում: Դրա գլխավոր ծրագրերից մեկն է Նաիրիտի արդիականացումը եւ վերագործարկումը, որից ակնկալվում է ՀՆԱ-ի վրա հավելյալ 0,2-0,3 տոկոս: Կարեւորագույն էֆեկտներից մեկն էլ այն է, որ հայկական ընկերությունները հնարավորություն են ունենալու մասնակցել ամբողջ Միության տարածքում պետական պատվերների մրցույթներին: Իսկ միգրացիոն տեսանկյունից, հաշվի առնենք այն փաստը, որ ՌԴ միգրացիոն ծառայություններում գրանցված մոտ 800 հազար ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց համար սահմանվում են տեղաշարժի, աշխատանքային եւ տարբեր այլ միանգամայն բարելավված կարգավիճակ: Այդ ֆոնին կանխատեսվող տրանսֆերտային աճը ենթադրում է հայաստանյան ՀՆԱ-ի եւս մոտ 0,3-0,4 տոկոս հավելաճ: Արդյունքում` ենթադրաբար, եթե 2014թ. ընթացքում վավերացվի Մաքսային միությանը մեր անդամակցության պայմանագիրը, ապա դա արդեն 2016թ. Հայաստանի տնտեսության վրա կարտացոլվի ՀՆԱ-ի մոտավորապես 4 տոկոս լրացուցիչ աճի տեսքով` չհաշված երկրորդական էֆեկտները: Ընդ որում, ռիսկային գործոնները շատ քիչ են: Ավելի կոնկրետ` հիմնական ռիսկը համարվում է Աբխազական երկաթուղու վերաբացվել-չվերաբացվելու հարցը, որից ակնկալվող օգուտը հիշյալ 4 տոկոսի մեջ հաշվարկված չէ: ԵՎ ԻՆՉ ԷՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ-Ն -Իսկ եթե փորձենք սա համեմատել ԵՄ-ի Ազատ առեւտրի հետ, ի՞նչ պատկեր ենք ստանում: — Այդ ուղղությամբ մեր ուսումնասիրությունների ցուցանիշները մոտավորապես համապատասխանում են այն նույն մասնագիտական ուսումնասիրություններին, որոնք արվել են ԵՄ-ի հանձնարարությամբ: ԵՄ-ի պայմանագիրը նախատեսում է ՀՆԱ-ի մոտ 2,3 տոկոս հավելաճ: Սակայն հենց եվրոպացի մասնագետներն են ընդգծել մի շարք ռիսկեր: Առաջինը եւ ամենաէականը Թուրքիայի երկաթուղին է: Մինչդեռ մենք մեր հաշվարկներում հաշվի ենք առել, որ այդ երկաթուղին չի բացվի: Երկրորդը` մենք Եվրոպա ենք արտահանում հիմնականում միայն հանքարդյունաբերական խթանյութներ, իսկ եվրոպացի մասնագետները նշել են, որ դրանց գների տատանման դեպքում կարող է եւ բացասական էֆեկտներ լինեն, քանի որ մեր արտահանումը դիվերսիֆիկացված չէ: Ապա` կա ուղեղների արտահանման լրացուցիչ ռիսկ եւ չորրորդ ռիսկը համարել են Հայաստանում առկա կոռուպցիան, որը, սակայն, մեր ներքին խնդիրն է: Այս ամենից զատ` ԵՄ-ի Ազատ առեւտրին Հայաստանին միանալու եւս երկու ռիսկ ես կարող եմ նշել, որոնք եվրոպացի մասնագետների մոտ չկան: Առաջինը. երբ սահմանում են ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի անարգել տեղաշարժ` առանց մարդկանց ազատ տեղաշարժի, ապա նման առեւտուրը չի կարող կարող լիարժեք լինել: Եվ երկրորդը. Մաքսային միության անդամները ուղղակիորեն հայտարարել են, որ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման պահին էական սահմանափակումներ են մտցնելու այդ միությանը անդամ չհանդիսացող երկրների համար: Դա, բնականաբար, ենթադրում է Հայաստանի տնտեսության վրա էական բացասական ազդեցություն, որը կարող է ոչ միայն զրոյացնել ԵՄ-ի պայմանագրից ակնկալվող 2,3 տոկոս ՀՆԱ-ի հավելաճը, այլ նույնիսկ այն դարձնել բացասական: Եվ հաշվի առնելով թեկուզեւ միայն այս գործոնը` դժվար չէ ենթադրել, թե Հայաստանի տնտեսական շահը որ ուղղությունն է պահանջում: Քերոբ Սարգսյան http://iravunk.com [ http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=9724:2012-04-04-19-36-17&catid=52:tntesutyun&Itemid=116 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here