ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼԸ ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ՎԶԵԲ

0
320

Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի համար կսկսեն գործել էներգակիրների այն նույն սակագները, ինչ և սահմանված է այդ կառույցի մյուս անդամ երկրների համար, հինգշաբթի լրագրողներին ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Կովկասի տարածաշրջանի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն։ «Մենք գիտենք, որ Հայաստանը կշահի գազի գների հարցում, քանի որ գազի սակագները ՄՄ անդամների համար ավելի ցածր են, քան մնացած բոլոր երկրների պարագայում է։ Դա, իհարկե, դրական արդյունք կունենա տնտեսության, և, անշուշտ, սղաճի վրա, որն այս տարի բավական մեծ ճնշման տակ է գտնվում»,- ասել է նա։ Ընթացիկ տարվա հուլիսի 7-ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամեն ամիս մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի դիմաց (հաշված ԱԱՀ-ն)՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն։ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սպառման սակագինը բնակչության համար 38 դրամ է (ԱԱՀ-ն հաշված)՝ գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը՝ 28 դրամ (հաշված ԱԱՀ-ն)՝ 25 դրամի փոխարեն։ Բալվաներան, միևնույն ժամանակ, նշել է, որ Հայաստանն առայժմ միայն հայտարարել է ՄՄ մտնելու մտադրության մասին և դեռ բանակցությունների բավական երկար գործընթաց է անցնելու։ «Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության ունենալիք արդյունքին, ապա, կարծում եմ, առայժմ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անել։ Անհրաժեշտ է սպասել մի ինչ-որ ժամանակ՝ տեսնելու համար, թե ներմուծման և արտահանման ցուցանիշների վրա ինչ ազդեցություն կգործի Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին»,- հավելել է նա։ Բալվաներան ընդգծել է նաև, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշում ընդունել այս կամ այն միությանն անդամակցելու մասին, և ՎԶԵԲ-ը հարգում է Հայաստանի՝ ՄՄ մտնելու որոշումը։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նույնպես ՎԶԵԲ անդամ է, և ՎԶԵԲ նախագծերի ընդհանուր ծավալի մոտ 30%-ն իրականացվում է Ռուսաստանում։ «Ղազախստանը և Բելառուսը նույնպես ՎԶԵԲ անդամներ են։ Մենք արդեն ՄՄ անդամ երկրների հետ աշխատելու փորձ ունենք։ Մեր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվի, մեր մոտեցումները և համագործակցության ռազմավարությունը կմնան նույնը»,- ամփոփել է նա։ http://www.regnum.ru [ http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1710136.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here