ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉՈՒՆԵՆՔ

0
307

Սակայն առկա են մոգական քառակուսիները  Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ  — Կառավարության 100 օրվա հաշվետվության փաստաթղթում տրված է մեր երկրի տնտեսության մեջ առկա «հիվանդությունների» ախտորոշումը, ինչպես նաեւ դրանց լուծման դեղատոմսերը: Ո՞րն է փաստաթղթի վերաբերյալ ձեր մասնագիտական գնահատականը: -Այո, վարչապետի 100 օրվա հաշվետվության մեջ ներկայացվում են հիմնախնդիրները եւ այն ուղղությունները, որոնցով պետք է լուծվեն այդ խնդիրները: Նկատելի է, որ կառավարությունը կատարել է մեծ աշխատանք:  Ընդհանուր առմամբ ներկայացված ծրագրում ախտորոշումները ճիշտ են ներկայացված: Կարծում եմ, հաջորդ փուլում պետք է այդ ախտորոշումներից գտնենք առանցքային հիվանդությունները: Այսինքն՝ տնտեսության առանցքային հիմնախնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման մեթոդները: — Կառավարությունը տվել է նաեւ կոռուպցիայի ախտորոշումը՝ արձանագրելով՝ «Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման համաթիվը»: Լուծման բանաձեւը, ըստ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է:   — Կոռուպցիան ունի իր գինը: Տեսեք, 167 երկրների ցանկում մենք գտնվում ենք 95-րդ տեղում, կնշանակի այնպիսի մակարդակում ենք, երբ մեր ապրանքները միջինում ունեն 10 տոկոս ավելի բարձր գին: Եվ այդ գինը վճարում է մեր ժողովուրդը:  Որոշակի աշխատանքներ կառավարության կողմից կատարվել են, փաստաթղթում նշված են այն օրենքները, որոնցում կատարվել են անհրաժեշտ լրացումներ: Բայց կոռուպցիայի դեմ պայքարում առաջին հերթին պետք է հակազդենք այդ երեւույթին: Իհարկե, օրենսդրության ճշգրտումը շատ մեծ նշանակություն ունի, բայց միայն դա բավարար չէ:  Վերջերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կարեւոր հայտարարություն արեց հարկերի թերհավաքման վերաբերյալ: Իմ հաշվարկներով՝ այն մեծ գումար կազմեց՝ մոտ կես մլրդ դոլար: Այնպես որ, կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրերով եւ վերահսկողության ուժեղացմամբ չի կարող լինել: Օրինակ, մեր տնտեսության մեջ գերակշռում են փակ բաժնետիրական ընկերություններ՝ ՓԲԸ-ներ, սրանք արդեն իսկ պարունակում են սուբյեկտիվ տարրեր: Հետեւաբար մեր օրենսդրությունը պետք է միտված լինի նրան, որ ստեղծվեն ու վերաձեւակերպվեն բաց բաժնետիրական ընկերություններ՝ ԲԲԸ-ներ, ու սկսի հստակ գործել արժեթղթերի շուկան:  Երբ ժողովուրդն այս կամ այն ընկերությունում կունենա որոշակի բաժնեմասեր, միայն այդ ժամանակ կառաջանա ժողովրդական վերահսկողության գործոնը, ինչը, ցավոք, մեզանում բացակայում է:  -Ասվածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ փաստաթղթում, այդուհանդերձ, լիարժեքորեն տրված չեն տնտեսության մեջ գոյություն ունեցող հիվանդությունների ախտորոշումները:  -Տրված են, բայց իմ մոտեցումը փոքր-ինչ այլ է: Ասելիքս պատկերավոր ներկայացնելու համար բերեմ հետեւյալ օրինակը։ Բժիշկը հիվանդին ասում է՝ դու ունես այս, այս, այս հիվանդությունները, բայց հիվանդը նրանից ակնկալում է ավելի հստակ պատասխան ու բժշկին խնդրում է՝ ինձ ավելի հստակ ասեք, ո՞րն է իմ հիմնական հիվանդությունը եւ նշանակեք ամենաարդյունավետ դեղերը: Մենք հիմա այս պատասխաններն ենք ակնկալում: Ահա թե ինչու եմ ասում՝ հաջորդ փուլում պետք է շեշտվեն առանցքային հիմնախնդիրները եւ համակարգված տեսքով տրվեն արդյունավետ լուծումներ:  -Անդրադառնանք մեր տնտեսության զարգացման հիմնական՝ արտահանման խնդրին. վարչապետի արձանագրմամբ, այստեղ մենք ունեցել ենք ռեկորդային աճ՝ շուրջ 21 տոկոս: Ինչի՞ հաշվին է այն գրանցվել:  -Արտահանման 21 տոկոս աճը, իհարկե, դրական ցուցանիշ է: Իսկ դա եղել է ի հաշիվ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի. 10 ամսվա ցուցանիշներով Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 52 տոկոսով: Իհարկե դրական դեր խաղաց նաեւ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների մոտ 20 տոկոսով աճը:  Մեր տնտեսության հիմնական նպատակը պետք է լինի հետեւյալը. որպեսզի ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դրա համար պետք է, որ պատրաստի արտադրանքի հարաբերությունը ՀՆԱ-ին լինի ոչ պակաս, քան 30 տոկոս: Իսկ եթե սրան գումարենք նաեւ ծառայությունների ոլորտը, ապա այդ ցուցանիշը պետք է մոտենա 50 տոկոսի: Միայն այս պարագայում կարող ենք ունենալ իրական տնտեսական աճ:  Մենք գտնվում ենք շրջափակման մեջ, բայց հստակ կարող եմ ասել, որ հարցերի լուծումը 80 տոկոսով կախված է ներքին խնդիրների լուծումից: Իհարկե մենք չունենք կախարդական փայտիկ, փոխարենը ունենք երկու մոգական կախարդական քառակուսիներ:  Հայտնի են այն կարեւորագույն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են տնտեսության զարգացման համար: 60-ական թվականներին գերմանացի տնտեսագետ Լյուդվիգ Երհարդը ձեւակերպեց տնտեսության կայուն աճ ապահովող դրույթներ, այսպես կոչված, մոգական քառակուսին: Սա բաղկացած է 4 սկզբունքից. ա) ՀՆԱ-ի աճ, բ) առեւտրային հաշվեկշռի դրական վիճակ. մեր երկրում դա արտահանման էական աճն է, գ) զբաղվածության աճ, դ) գների կայունություն. մեզ մոտ սա նշանակում է, որ գնաճը չպետք է գերազանցի 5,5 տոկոսը, ինչը սահմանված է պետական բյուջեի մասին օրենքով:  Այս 4 սկզբունքները պետք է կիրառենք՝ միաժամանակ հաշվի առնելով հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության փոխկապվածությունը, առանց որի արդյունքի չենք հասնի:  Մոգական երկրորդ` քաղաքատնտեսական քառակուսին սահմանվել է մեր կողմից, այն եւս բաղկացած է 4 սկզբունքներից. ա) կառավարության արդյունավետ գործունեություն, բ) ԿԲ-ի արդյունավետ գործունեություն՝ ուղղված ոչ միայն գների կայունությանը, այլեւ տնտեսության ու արտահանման աճի ապահովմանը, ինչը սահմանադրության պահանջն է, գ) այն կուսակցությունները, որոնք ձեւավորել են գործող կառավարությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, անվերապահորեն պետք է աջակցեն կառավարության ծրագրերին, այդ թվում՝ նաեւ 100 օրվա փաստաթղթին, դ) անհրաժեշտ է, որ կառավարության քայլերին աջակցի ժողովուրդը, նաեւ մասնագետները:  Վերջիններս հարկ եղած դեպքում պետք է մասնակցեն դրանց ճշգրտմանն ու հստակեցմանը: Կառավարության արդյունավետ գործունեությունը կարեւոր պայման է, բայց բավարար չէ, ուրեմն բոլոր կողմերի աջակցությունը պարտադիր է:  Ամփոփեմ. միայն այս երկու քառակուսիների գոյության պարագայում կարող ենք լուծել մեր խնդիրները, հակառակ դեպքում արդյունքի չենք հասնի: Պետք է հիշենք՝ որքան էլ մեզ համար արտաքին գործոնները բարենապաստ չեն, սակայն տնտեսության խնդիրները լուծվում են երկրի ներսում: Դա է ցույց տալիս նաեւ համաշխարհային փորձը:  ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ  Armworld.am [ http://www.armworld.am/detail.php?paperid=5477&pageid=165907〈= ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here