Քաղաքատնտեսական ռեվյու — 2017

0
355

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու  

 

Իրատեսական սպասելիք եւ հնարավորության վերին սահմանները 

Ամանորյա արձակուրդներից հետո կամաց-կամաց աշխուժացող հասարակական-քաղաքական եւ տնտեսական կյանքում հստակորեն գծագրվեց երկու սպասումների թեմա: Մեկը, եւ դա առաջինն է, հարցն է, թե ինչպե՞ս կընթանան գալիք խորհրդարանական ընտրությունները եւ ի՞նչ իշխանություն է ձեւավորվելու դրանց արդյունքում: Երկրորդ հարցը, եւ դա շաղկապված է առաջինի հետ, թե ինչպիսի՞ն կլինեն այս տարվա տնտեսական արդյունքները: Ավելի պարզ ասած, արժե՞ արդյոք սպասել տնտեսական իրավիճակի բարելավում: Այս երկու թեմաներով հասարակական քննարկումները փորձում են լավատեսության դրսեւորումներ գտնել վերջին տարիների տնտեսական դժվարությունների հաղթահարման համար եւ պատասխանել հարցերի հարցին. արժե՞ արդյոք հույսեր կապել Հայաստանում տնտեսական վիճակի բարելավման հնարավորության հետ: Այս հոդվածում մենք փորձել ենք միախառնված քաղաքական եւ տնտեսական գործընթացները վերլուծել, ձեւակերպելով հասարակության իրատեսական սպասելիքը:

Կասկածից վեր է, որ տնտեսական էական աճ արձանագրելու համար օդի-ջրի պես քաղաքական կայունություն է հարկավոր: Որովհետեւ միայն կայունության մթնոլորտում է հնարավոր լրջորեն խոսել նոր ներդրումների եւ տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ բարեփոխումների մասին: Ճիշտն ասած, ամեն ինչ տեսած մեր ժողովուրդը ուրախությամբ պատրաստ է սատարելու քաղաքական կայունության մթնոլորտի ձեւավորմանը, միայն թե վստահ լինի, որ այն իսկապես բերելու է տնտեսական վիճակի բարելավում: Մյուս կողմից, վստահության ճգնաժամի պայմաններում գնալով ուժգնանում են ձայները, թե երկրին արմատական փոփոխություններ են պետք, որովհետեւ սրանից վատ է՛լ չի լինի: Առայժմ այս դատողությունները գերիշխող չեն, որովհետեւ քաղաքական դաշտի բոլոր կարեւոր խաղացողները հակված են ավելի շուտ փոխպայմանավորվածություններ ձեռք բերելուն, իսկ արմատական փոփոխությունների կողմնակիցները առանձնապես մեծ ազդեցություն չունեն: Ընտրությունների այս տարում եթե լինեն քաղաքական ցնցումներ, ապա դրանք կփախցնեն լուրջ ներդրումներ անել ցանկացողներին: Բայց եթե ջանքեր չգործադրվեն հասարակությանը տեսանելի փոփոխություններ իրականացնելու համար, եւ դա չարվի պարզ գլխով ու ամուր ձեռքով, ներդրումներ, միեւնույն է, չեն լինի, եւ աղմկոտ ցնցումների արդյունքում ամեն ինչ կմնա նույնը: Որովհետեւ հասարակության աչքում դա կլինի ամենաընդունելի լուծումը:

Տողերիս հեղինակը արդեն մի քանի ամիս է, ինչ վերլուծաբանի աչքով փորձում է մտածող հանրությանը հրամցնել հետեւյալ հարցադրումը. կարո՞ղ է արդյոք բազմաչարչար Հայաստանի բնակչությունը մղել իր վերնախավերին տնտեսական թռիչքաձեւ զարգացում ապահովելու գերբարդ գործին: Կա՞ արդյոք մեր հասարակության մեջ այդքան ներուժ, կամք, գիտելիք եւ ցանկություն Հայաստանի տնտեսական էական զարգացման ուղին բռնելու համար: Իմՙ համարյա բոլոր զրուցակիցները, ում հետ քննարկել եմ այս թեման, սկզբում զարմանում են հարցադրման վրա, հետո ոգեւորվում են, իսկ վերջում տխրում, որովհետեւ անլուծելի թվացող հարցերը սկսում են ճնշել մտածող մարդու գիտակցության վրա: Օրինակՙ հնարավո՞ր է արդյոք ետ բերել եւ տնտեսության մեջ ներդնել Հայաստանից դուրս բերած, օֆշորներում եւ արեւմտյան բանկերում, թվում է, թե ապահով ներդրած գումարները: Ի՞նչ է պետք դրա համար: Ինչքանո՞վ դա հաջողվեց անել Ռուսաստանում: Ի՞նչ է պետք, որ Հայաստանի բիզնես վերնախավերը տոգորվեն լավատեսությամբ եւ քննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում նոր ներդրումներ անելու հնարավորությունները, իրենց այդ օրինակով «բարի գալուստ» ասելով օտարերկրյա ներդրումներին: Թե՞ վերջում կպարզվի, որ Հայաստանի մեծահարուստները սկզբունքորեն բավարարված են իրերի վիճակով, ուշադրությամբ հետեւում են քաղաքական անցուդարձին եւ ավելի շատ մտածում եղածը փրկելու, քան Հայաստանում եղածը բազմապատկելու մասին:

Գծագրվում է երկու ճանապարհ, մեկը, որ առավել իրատեսական է եւ որեւէ ցնցում չպահանջող, հնչում է այսպես. «գտնել Հայաստանի տնտեսության զարգացման համար դեռեւս չգործարկված ներուժ եւ Հայաստանի տնտեսությունը առաջ մղել այդ ներուժի ոչ մեծ, բայց հաստատ գործադրմամբ»: Մյուս ուղղությունը, որ պահանջում է ամուր ձեռք, շատ լավ մտածված արմատական բարեփոխումների ծրագիր եւ հասարակական ըմբռնում, հնչում է հետեւյալ կերպ. «հնարավո՞ր է արդյոք մտածել երկրի թռիչքաձեւ զարգացման մասին, հնարավո՞ր է գտնել դրա համար միջոցներ եւ լարել հասարակությանը այդ թռիչքը ապահովելու համար»: Հասկանալի է, որ երկրորդ մոտեցումը, այն էլ ընտրության տարում, քաղաքացիական ու քաղաքական սխրանքի պես բան է:

 

Տնտեսական տարվա իրատեսական սպասելիքը 

ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին մեր անդամակցության պայմաններում, տնտեսական զարգացման հնարավորություններ փնտրելիս, մեր հայացքը, բնականաբար, հառնում է դեպի Ռուսաստան: 2016 թ. ցույց տվեց, որ տնտեսական նույնիսկ ամենաաննպաստ կոնյունկտուրայի պայմաններում Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճեց երկնիշ թվերով եւ կազմեց պատմական մաքսիմումը: Ժամանակակից աշխարհի ազդեցիկ բեւեռների միջեւ ահագնացող մրցակցությունը, Ռուսաստան-Արեւմուտք քաղաքակրթական բախումը, արգելամիջոցների պատերազմը ստեղծեցին մի վիճակ, երբ Ռուսաստանում հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ սրությամբ դրվեց ինքնաբավ երկիր դառնալու հրամայականը: Անցած երկու տարիների ընթացքում Ռուսաստանն այդ դժվարին ճանապարհին այնպիսի հաջողություններ արձանագրեց, որ միայն զարմանալ կարելի է: Տնտեսական անվտանգության ապահովման ճանապարհին Ռուսաստանում, կարծես, նոր աչքով են նայում իրենց հարեւաններին, բարեկամներին ու դաշնակիցներին, փորձելով հասկանալ, թե ի վիճակի՞ են արդյոք նրանք բացի դաշնակցային եւ բարեկամական բեռը տանելուց, լինել նաեւ տնտեսական, պարենային, տեխնոլոգիական անվտանգությանը նպաստ բերողներ: Գուցե եւ զարմանալի է, բայց արգելամիջոցների պատերազմն է, որ Հայաստանի գյուղացու համար ստեղծեց հնարավորություն միրգն ու բանջարեղենը իր տան դռնից տանելու Ռուսաստան: Փորձագետները պնդում են, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները այդ ոլորտում դեռ էլի աճի տեղ ունեն եւ կարող են շարունակվել:

Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր երկրի արդյունաբերական եւ տեխնոլոգիական զարգացումը մոտակա տարիներին ապահովելու համար: Ասում են, որ դրա ճարտարագիտական հիմնավորումները պատրաստ են: Բայց դրա համար հարկավոր է, որ այդ գործը ձեռնարկողները հնարավորություն ունենան աշխատելու եւ ունենան ձեռքերի ազատություն: Որպեսզի այս գործը չդառնա նման այն բոլոր դեպքերին, երբ գործը մտահղանում է մեկը, խլում եւ նախաձեռնում է ուրիշը, դժկամորեն շարունակում է առաջ մղել երրորդը, իսկ չորրորդին բան չի մնում, քան գեղեցիկ հիմնավորումներով այդ գործը փակելը: Ասածս այն է, որ արդյունաբերության զարգացման մասին մտահոգ մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց ծրագրերը կյանքի կոչելու: Պետությունն ու հասարակությունը նրանց այդ հնարավորությունը պետք է տան: ՀՀ նախագահը Իրանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալը պետք է կրկնապատկել: Սա շատ լուրջ հայտարարություն է, եւ դրա տնտեսական հիմքերը ուսումնասիրելիս երեւում է, որ միանգամայն իրատեսական է: Հենց ընտրությունների ժամանակ կսկսի գործել Իրան-Հայաստան սահմանագլխին ստեղծված ազատ առեւտրի գոտին: Եվրասիական տնտեսական միության մեջ սրա նկատմամբ միանգամայն դրական վերաբերմունք կա, որովհետեւ տվյալ դեպքում համընկել են Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մյուս դաշնակիցների քաղաքական եւ տնտեսական շահերը: 2017 թ. սպասվում է Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճ (ավելի քան 300 հազար մարդ): Եթե ընտրական գործընթացները քաղաքական ցնցումների չհանգեցնեն, Երեւանը բոլոր հնարավորություններն ունի զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդներ գրանցելու:

Բոլորն են խոսում երկրի առջեւ ծառացած գլխավոր ներքին սպառնալիքների մասին. չդադարող արտագաղթ, մեծացող աղքատություն, տնտեսության անկում: Զարմանալի է, որ մեր հասարակության եւ ոչ մի հատված, ոչ մի խավ, ոչ մի քաղաքական խմբավորում, ոչ մի շահառու իրեն մեղավոր չի համարում իրերի այս վիճակի համար: Մենք պետք է ի վիճակի լինենք ոչ թե մեղավորներին գտնելու ու պատժելու, այլ հավաքական ուժերով խնդիրներ ձեւակերպելու եւ դրանք լուծելու: Կար ժամանակ, երբ այդ հիմնախնդիրները ձեւակերպելը կարող էր քաղաքացիական համարձակություն դիտվել: Բայց այսօր այդ իրողությունների շարադրությունը առանձնապես ոչինչ չի ասում: Կարո՞ղ է արդյոք մեր քաղաքական վերնախավը երկխոսության, մրցակցության եւ ուժերը չափելու սպասվող գործընթացում հայ հավաքական հանճարի մի բռնկումով, մասնագետների ներգրավմամբ ձեւակերպել մեր անելիքը մոտակա տարիներին:

 

Թռիչքաձեւ զարգացման մասին մտածելիս 

Մեր անվանի տնտեսագետներից մեկը առաջարկել է լրջորեն մտածել տարեկան 7% տնտեսության աճ գրանցելու հնարավորությունների մասին: Հետաքրքրական է, հնարավո՞ր է արդյոք 10 տարի տարեկան 7% աճ գրանցելով կրկնապատկել Հայաստանի ՀՆԱ-ն եւ երկիրը դուրս բերել հետամնացների շարքից դեպի զարգացողների շարք: Կգտնվե՞ն արդյոք խոշոր կատեգորիաներով մտածող քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտնականներ եւ կազմակերպիչներ, ովքեր կոգեւորվեն այս կամ սրա նման գաղափարով եւ կլծվեն դրա իրականացմանը: Ի վիճակի՞ է արդյոք քաղաքական վերնախավը մի հզոր կամքի գործադրմամբ նվազեցնելու կոռուպցիայի մակարդակը, բացելու ազատ ստեղծագործ մտքի ծավալման ուղին, առաջնորդելու հասարակությանը սրընթաց զարգացման դժվարին ուղիով: Եվ արդյոք հայ ժողովուրդը իր պատմական զարգացման հայտնի առանձնահատկություններով հանդերձ պատրա՞ստ է ողջունելու նման անհատականություններին եւ գնալու նրանց հետեւից: Հասարակության մեջ քննարկվող ամենաբարդ ու անկեղծ թեմաներից մեկը սա է: Որովհետեւ չլինի, թե մեծ-մեծ սպասելիքների ճանապարհին մեծ աղմուկով ու աղաղակով ինչ-որ բաներ ասենք, գործը բերենք հասցնենք վիճաբանություններից դեպի ցնցումներ, իսկ հետո ամեն ինչ թողնենք իր տեղում եւ ասենք մեզ, որ ամենահարմարը հենց սա է: Պարզ է մի բան. մեզ զարգացման դեղատոմսեր են պետք, եւ ափսոս կլինի, եթե գալիք նախընտրական բանավեճերը չձեւակերպեն նման դեղատոմսեր:

 

 

Azg.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here