Քաղաքակրթություն՝ գլոբալ ու լոկալ

0
385

Եվրասիականության ակունքները և եվրասիական ինտեգրման կոնցեպտուալ հիմքերն էին փետրվարի 24-ին քննարկվում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության համատեղ կոնֆերանսում: Ներկայացվեց «Ռուսաստան-Հայաստան, եվրասիական ինտեգրացիան աշխարհաքաղաքական ենթատեքստում՝ մարտահրավերներ և հեռանկարներ» ծրագիրը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գնահատմամբ՝ 2015-ին անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանում շատերը համարում են Ռուսաստանի հետ կապերի ամրապնդում, իսկ «Եվրասիան» հասկանում են իբրև աշխարհագրական տարածք, որ պայմանավորված է ոչ այնքան մտածված ու արդյունավետ տեղեկատվական քաղաքականությամբ: Եվրասիան ամենամեծ մայր ցամաքն է՝ 54 միլիոն քառակուսի կիլոմետր՝ երկրագնդի ցամաքի 36 %-ը, 5 միլիարդ բնակչությամբ՝ երկրագնդի բնակչության 70 %-ը: Եվրասիայում 92 պետություններ են՝ աշխարհի 195 պետություններից, այստեղ է համաշխարհային տնտեսական ներուժի 70 %-ը: Այս տարածքում են ձևավորվել բոլոր հայտնի կրոնները՝ քրիստոնեությունը, բուդդայականությունը, հուդայիզմը, իսլամը՝ հունահռոմեական-բյուզանդական, հայկական, սլավոնառուսական, չինական, հինդուիստական, իրանական և մյուս քաղաքակրթությունների հիման վրա: Այսօր Եվրասիայի քաղաքակրթական-կրոնական քարտեզը նորացման կարիք ունի, բոլոր դեպքերում՝ էթնոկրոնական-քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական պատկերը խայտաբղետ է: Մայր ցամաքի խոշոր պետություններն ունեն հակասական հարաբերություններ, շահեր, աշխարհընկալման տարբերություններ, որի պատճառով այստեղ են մղվել մարդկության պատմությանը հայտնի մեծ պատերազմները: Այդ իրավիճակում ինտեգրումը դժվար է, շրջադարձային էին 20-րդ և 21-րդ դարերը: Գագիկ Հարությունյանը հանգամանալից վերլուծեց աշխարհում կատարված գաղափարախոսական փոփոխությունների ազդեցությունը՝ առանձնացնելով 1917-ի ռուսական հեղափոխությունը, որից հետո Ռուսական կայսրության հիման վրա ստեղծվեց ԽՍՀՄ-ը՝ սոցիալիստական գաղափարախոսությամբ, 1933-ին Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը, 1991-ին ԱՄՆ-ի հաղթանակը առաջին սառը պատերազմում և միաբևեռ աշխարհի ձևավորումը, որտեղ գերակայում էր ազատական գաղափարախոսությունը: Նրա գնահատականով՝ այդ գործընթացներն ավարտվեցին ձախողումով, և այսօր ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ: Այդ գաղափարախոսություններից որևէ մեկը վերջանականապես չի անհետացել, և Գագիկ Հարությունյանը համարում է, որ առավել օպտիմալ է նրանց ներդաշնակ համադրումը սոցիալիստական, ազատական, ազգային-պահպանողական «եռապետության» մեջ: Անդրադառնալով եվրասիականության ակունքներին՝ նա հիշեցրեց անցյալ դարի 20-ականները և ռուս վտարանդիների միջավայրը, որտեղ փորձ էր արվում իմաստավորել Ռուսաստանի զարգացման քաղաքական-սոցիալական, մշակութային զարգացումը: Նա ընդունեց, որ եվրասիական ինտեգրումը բազում խնդիրներ ունի և գլխավորը համարեց գիտության, տեխնոլոգիաների ու կրթության խնդիրներին անբավարար ուշադրությունը:

Պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ հարցին մոտեցավ այլ տեսանկյունից՝ եվրասիականության նախադրյալները և քաղաքակրթական հիմքերը: Ի սկզբանե նա սահմանեց «քաղաքակրթությունը» բաժանելով համաշխարհայինի և լոկալի: Համաշխարհային քաղաքակրթությունը մարդկության զարգացման փուլերն են, լոկալը՝ մարդկանց կայուն հանրությունը՝ միավորված հոգևոր և տարածքային սահմաններում կամ մշակույթների կայուն կոալիցիան: Հասկացությունները միավորում է քաղաքակրթությունը մշակույթի հետ նույնացնելը: Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ դա կարևոր է եվրասիական ինտեգրման համատեքստում, քանի որ հետխորհրդային երկրների սոցիոմշակութային-քաղաքակրթական ընդհանրության վերականգնումը տնտեսականից կարևոր գործոն է: Տնտեսական շահը վերածվում է ոչնչի, երբ պետությունների ու ժողովուրդների միջև քաղաքակրթական խզում է առաջանում:

Եվրասիական տարածքում հատուկ դեր ունի ռուսական քաղաքակրթությունը՝ Ռուսաստանը և Հյուսիսային Եվրասիան վիթխարի քաղաքակրթական ներուժ ունեն, որ պետական, սոցիալական ու անձնային զարգացման հզոր ռեսուրս է, սակայն եվրասիական էլիտաները հաճախ չեն տեսնում այդ ռեսուրսը և նվազեցնում են նշանակությունը: Հետխորհրդային յուրաքանչյուր պետության ներսում եվրասիական զարգացման ճանապարհի բազում հակառակորդներ կան: Հակաեվրասիական դիրքորոշումն առաջ է շարժում ոչ միայն նյութական շահը, այլև կեղծ գիտական առասպելաբանությունը, որոնցից է Իմանուիլ Վալերստայնի հայեցակարգը, որ աշխարհն ամբողջական համակարգ է, որի կենտրոնն Արևմուտքն է, կան կիսածայրամասեր ու ծայրամասեր: Պատմաբանի գնահատականով՝ այսօր կան նվազագույնը հինգ լոկալ քաղաքակրթություններ: 2017-ը շրջադարձային դարձավ բոլոր առաջատար աշխարհաքաղաքական սուբյեկտների համար՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի: Շատերի համար անակնկալ էր Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահ, որ դարձավ սկզբունքային փոփոխությունների սկիզբ աշխարհի գլոբալ մոդելում: ԶԼՄ-ները հաճախ էին ընդգծում, որ Թրամփը վարելու է սկզբունքորեն նոր քաղաքականություն, և աշխարհը բազմաբևեռության ճանապարհին է: Նոր բևեռներ են դառնալու տնտեսական, ժողովրդագրական մեծ ներուժով, մեծ տարածքով և մշակութային բարձր ներուժով սուբյեկտները: Դոլարի, եվրոյի, յուանի, իենի և ռուբլու գոտիները կարող են համընկնել սուբգլոբալ քաղաքակրթությունների սահմանների հետ: Արևմուտքի ներկայացուցիչները Ռուսաստանը համարում են արևելյան քաղաքակրթություն, որին պակասում են գործնականությունն ու որոշակիությունը, չի հաղթահարել իր մեջ վայրենությունն ու ասիականությունը: Արևելքի ներկայացուցիչները Ռուսաստանը համարում են արևմտյան քաղաքակրթություն՝ պայմանավորելով ոչ միայն ուղղափառությամբ, այլև փաստելով, որ Ռուսաստանը կորցրել է իր ավանդույթները, չի գնահատում ու չի պահպանում և հեղեղված է եվրոպական ստանդարտներով ու վարքականոններով: Ռուսաստանի միջակայքային վիճակը երկու աշխարհների՝ Արևելքի ու Արևմուտքի միջև, ռուսներին ստիպում է կասկածել Ռուսաստանի ինքնաբավության վրա իրենց քաղաքակրթական արժեքների ու նույնականության: Ռուսաստանը ոչ Արևելք է, ոչ Արևմուտք, ոչ էլ բուֆեր նրանց միջև՝ կարծում է Գրիգոր Բալասանյանը, այլ ինքնատիպ, ինքնուրույն քաղաքակրթություն խոր բովանդակությամբ, որի կոդը կոնկրետ բարոյական արժեքներն են:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ներկայացրեց եվրասիական ինտեգրման բովանդակային բնութագիրը, եվրասիական քաղաքակրթության ինքնատիպությունն ու ինքնաբավությունը: Պարզվեց՝ կան ժամանակակից աշխարհակարգի երկու սկզբունքորեն տարբեր մոդելներ՝ գլոբալացում ամերիկյան ձևով և բազմաբևեռ աշխարհի ձևավորում: Միաբևեռությունից բազմաբևեռության անցումը ուղեկցվում է տարբեր քաղաքական ու տնտեսական ցնցումներով: Գլոբալ ֆինանսական ճգնաժամը և գունավոր հեղաշրջումները արևմտյան քաղաքակրթության սահմաններից անդին ազդեցության ոլորտի ընդլայնման փորձեր են: Տարածաշրջանային ռազմավարական ալյանսների ձևավորումը հակակշիռ է տնտեսական գլոբալացման միտումներին: Մի դեպքում նպաստող գործոններ են ազատ առևտուրը և առևտրական արգելքները վերացնելու միջազգային կազմակերպությունների քայլերը, մյուս դեպքում՝ առանձին պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությունը կամ տնտեսության ոլորտներ և պետական աջակցության քաղաքական տարրերին: Տարածաշրջանայնացման արդյունք է ԵԱՏՄ-ի ձևավորումը: Եվրասիական գաղափարը տարբեր ընկալումներ ունի: Արևմուտքում ԵԱՏՄ-ն ընկալվեց միանշանակ ոչ դրական, Արևելքում սկսեցին առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության հնարավորություններ որոնել: Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրացիոն գործընթացները արդյունավետ փոխգործակցում են, բայց հետխորհրդային երկրներին մեկն ընտրելու կոչեր են անում՝ եվրաինտեգրումն ընդդեմ ԵԱՏՄ-ի: Փոխլրացնող տնտեսական ինտեգրումը հանկարծ անընդունելի դարձավ միաժամանակ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի համար: Տնտեսագետը այն կարծիքին է, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը այլընտրանք չի թողնում: Դա ժամանակի պահանջն էր և համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու միակ ճանապարհը: Կառույցի ներսում ճիշտ կազմակերպման և ուժերի արդյունավետ դասավորման դեպքում ԵԱՏՄ-ն կարող է դառնալ հետխորհրդային տարածքում տարածաշրջանայնացման կարևորագույն դրսևորում՝ ի հակակշիռ տնտեսական ու քաղաքական գլոբալացման: Զարգացման գիտականորեն հիմնավորված ծրագրերի ու կշռադատված որոշումների, արդյունավետ քաղաքականության դեպքում ԵԱՏՄ-ն կարող է դառնալ համաշխարհային տնտեսության նոր ուժային կենտրոն: Դա կարագացնի բազմաբևեռ աշխարհի ձևավորումը՝ բազմաթիվ խաղացողների ակտիվ մասնակցությամբ:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ ներկայացրեց եվրասիական ինտեգրման հիմնական ձևաչափերը, նշանակությունը, բովանդակությունը և գործառնությունը: Նա մանրամասն պատմեց հետխորհրդային տարածքում քաղաքական ու տնտեսական կազմավորումների մասին: ԱՊՀ-ից ՀԱՊԿ ու ԵԱՏՄ: Պարզվեց՝ ԱՊՀ-ում երկխոսությունն ու փոխգործակցությունը պետությունների մի մասին հնարավորություն տվեցին անցնել ավելի սերտ համագործակցության՝ ինտեգրացիոն գործընթացների: Այդպես ստեղծվեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որ ապահովում է խորհրդարանների հումանիտար կապերն ու մոդելային օրենքների ընդունումը: ՀԱՊԿ-ի պաշտոնական նպատակներն են «խաղաղության ամրապնդումը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը, անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը», նպատակներ, որոնց հասնելիս պետությունները գերակայություն են տալիս քաղաքական միջոցներին: ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այլ ռազմաքաղաքական միություն, որ իր գոյության ընթացքում ոչ մի անգամ չի մասնակցել ռազմական գործողությունների: Ստեղծվել է 1992-ի մայիսին, Տաշքենդում ստորագրված համաձայնագրով՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի նախագահների մասնակցությամբ: 1993-ին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Ադրբեջանը, Վրաստանը, ՈՒզբեկստանը հետագայում հեռացան: 1994-ին ՀԱՊԿ-ն ուներ 9 անդամ, այսօր՝ 6: 2004-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ին տվեց դիտորդի կարգավիճակ:

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հարցրի.

Ի՞նչ տվեց եվրասիականությունը մեզ

-Բառացիորեն օրերս Մոսկվայում լույս տեսավ ՌԴ Սոցիալական ծրագրերի աջակցության հիմնադրամի աջակցությամբ տպագրված «Եվրասիական ինտեգրացիա» կրթական-լուսավորչական ծրագրի 12 դասախոսություններից բաղկացած ժողովածուն, որ ունի ինտերնացիոնալ հեղինակային կազմ՝ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, նրա տեղակալ Սերգեյ Բիլյակովը՝ Մոսկվայից, Երևանից՝ տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը և ես: Վեց ամիս մենք աշխատել ենք միմյանց հետ, և մեր աշխատանքի արդյունքը այսօր երևում է Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում ծրագրի դասավանդման արդյունքներից: Անդրեյ Սերգեևը՝ Սոցիալական ծրագրերի աջակցության հիմնադրամի նախագահը, անցյալ գարնանը Հայաստանի բուհերի ղեկավարների հետ հանդիպումներում հրավիրում էր նրանց համագործակցության «Եվրասիական ինտեգրում» ուսումնական առարկայի որակյալ դասավանդման հնարավորություններ ստեղծելու հարցում: Ի պատիվ Երևանի պետական համալսարանի ղեկավարության՝ ստեղծվեց ամբիոնի վարիչներից կազմված խորհուրդ, որ ուսումնասիրեց մեր ներկայացրած ծրագիրը ու հավանություն տվեց: 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակում «Եվրասիական ինտեգրում» առարկան դասավանդվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մասնագիտական մագիստրատուրայում, այս կիսամյակում՝ միջազգային հարաբերությունների մասնագիտացման մագիստրատուրայում՝ այն ծրագրով ու դասագրքով, որը ստեղծվել է եվրասիական ինտեգրման թեմայով և ավարտվում է քննությամբ: Անցած կիսամյակում առարկան ուսանողների շրջանում մեծ հաջողություն ունեցավ, ուսանողները հանդես են եկել ռեֆերատներով, գրվել են գիտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր: Մենք շարունակում ենք դասավանդումը արդեն այս դասագրքով և ուրախ ենք, որ դա հետաքրքրվողներին եվրասիական ինտեգրման տարբեր տեսանկյուններն ուսումնասիրելու հնարավորություններ է տալիս:

Այս քննարկման ժամանակ շատ խոսվեց եվրասիական ինտեգրման քաղաքակրթական նշանակության մասին: Ի՞նչ կապ ունի Հայաստանը

-Ես խորապես հակված եմ կարծելու, որ Հայաստանը եվրասիական քաղաքակրթական տարածքի մաս է: Ես բոլորովին չէի ուզի, որ այս տարածքից Հայաստանը ինքնամեկուսացմամբ դուրս մնա, որովհետև այլընտրանքները՝ Մերձավոր Արևելքը, Միջին Արևելքը, լավ ոչինչ չեն խոստանում: Մեր տնտեսական շահերը պահանջում են ինտեգրվել և ուժեղանալ Ռուսաստանի և մյուսների հետ, բայց առաջին հերթին՝ Ռուսաստանի: Մեր ինտեգրացիոն գործընթացի երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ եթե իսկապես ուզում ենք արտահանող երկիր դառնալ, ուզում ենք գիտությունը և գիտական ներուժին հիմնված տնտեսությունն առաջ մղել, այսօր դա հնարավոր է միայն եվրասիական տարածքում, ուրիշ որևէ գործընկեր որևէ շահագրգռություն չի ցուցաբերել այդ ոլորտներում մեր զարգացմանը նպաստելու համար: Ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի: Այսօր մեր առաջ բացված են հնարավորություններ, որոնցից պետք է, անկասկած, օգտվենք:

Դա մեզ հետամնացության չի՞ դատապարտում

-Մեր ՀՆԱ-ի ցածր ցուցանիշները, աղքատության ահռելի թվերը, ահագնացող արտագաղթը, ինտելեկտուալ մտքի վիճակի վատացումը վերջին 25 տարիներին ցույց էեն տալիս, որ Հայաստանի առաջ շատ խնդիրներ են դրված: Ես հույս ունեմ, որ Հայաստանի ընտրական գործընթացները, բացի կուսակցությունների իշխանություն ստանալու մերկանտիլ խնդիրներից, հնարավորություն կտան այնպիսի բանավեճ բացել մեր երկրում, որից կհարստանանք մտքով և վերջապես կհասկանանք՝ հնարավո՞ր է մեր երկրի թռիչքաձև զարգացում, որը կբավարարի մեր գոյությանը և ինքնապաշտպանությանը, թե՞ ոչ:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ 

Հ. Գ. Սիրում եմ, երբ որևէ խնդիր քննարկելիս փորձում են սկիզբը գտնել, հետո հետևանքները ուսումնասիրել: ՈՒրբաթօրյա զեկույցները, որ տեղակայված են soyuz.info կայքում, մտածելու են մղում և ամբողջության մեջ ունեին վիճելի ու կատեգորիկ արձանագրումներ, որոնց հետ չհամաձայնելը տրամաբանության հարց է: Բայց կար մի կետ, որ դառնացնում էր՝ հետաքրքիր, բազմազան, հակասական՝ զեկույցներում կար ընդհանրություն. հարցը քննարկվում էր ստատիկ ելակետով, աշխարհը փոփոխական է, հնարավոր չէ անշարժացնել մի վիճակ ու ելքեր որոնել. երբ գտնվում են, պարզվում է՝ ելակետը այլևս չկա, այսինքն՝ ելք չկա: Իրականում գլոբալ ու լոկալ աշխարհում հնարովի են միայն փակուղիները:

 

 

Irates.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here