Սաֆարյան. Հայաստանի ինտելեկտուալ գաղափարական միտքն ի վիճակի է իր նպաստը բերել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը

0
362

«Վալդայ» բանավիճային ակումբն այսօր Ռուսաստանի անալիտիկ ռազմավարական մտածողության տարածման խոշորագույն և ամենակարևոր հարթակն է, և այն հանգամանքը, որ այս ակումբն իր գործունեությունն է ծավալում նաև Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանի ինտելեկտուալ գաղափարական միտքն ի վիճակի է ոչ միայն տեղային խնդիրներ լուծելու միայն Հայաստանի համար, այլ իր նպաստը բերել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Պաշտպնության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը և Վալդայ ակումբի ամենահեղինակավոր գործիչների գտնվելն այս քննարկմանը խոսում է այն մասին, որ Երևանն այս պահին դարձել է հետխորհրդային տարածքի ինտելեկտուալ, ռազմավարական մտածողության կրողների մայրաքաղաքը, և այն ի վիճակի է արձակելու իմպուլսներ, որոնք կարող են ընդունելություն գտնել Հայաստանի սահմաններից շատ հեռու», — ասաց Արամ Սաֆարյանը:

Նա նշեց, որ արտաքին քաղաքականության նախապատվությունների վերաբերյալ Վիգեն Սարգսյանի արտահայտած հայեցակարգը կիսում է ամբողջությամբ:

«Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների գրագետ ձևակերպումն էր, որը ընդունելություն գտավ ներկաներից բոլորի մոտ», — ասաց նա:

Սաֆարյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն իր թվարկած առաջնահերթություններով այսօր միանգամայն ընդունելի Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության կողմից:

Արամ Սաֆարյանն ընդգծեց, թե սա այն քիչ ոլորտներից մեկն է, որը չի կարող արկածախնդրային շահարկումների ենթարկվել ներքաղաքական բանավեճերի ընթացքում:

«Եթե ներքաղաքական բանավեճում մենք կասկածի տակ դնենք այս կարևորագույն առաջնահերությունների հերթականությունը, մենք կարող ենք երկիրը կանգնեցնել ցավալի իրողությունների և ողբերգական հեռանկարների առջև: Համոզված եմ, որ հայ հասարակության 80-90 տոկոս բավականաչափ պատասխանատու է հասկանալու համար, որ նույնիսկ նախընտրական շրջանում չի կարելի այնպես թափ տալ այս քաղաքական առաջնահերթությունների ծառը, որ մենք հայտնվենք դրա տակ և կրենք դրա վնասները», — ասաց Արամ Սաֆարյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here