«Անցած 25 տարիները ցույց են տվել, որ ՌԴ-ն է մեր գլխավոր առևտրատնտեսական գործընկերը»

0
308

«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, մասնավորապես` հայ-ռուսական համագործակցության խորացման հարցում, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նախեւառաջ նշեց, որ Հայաստանում կան հիմնական քաղաքական ուժեր, որոնց քաղաքական դիրքորոշումը եւ կեցվածքը սկզբունքային է:

–Այն, որ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, եւ Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսն ունեն ավանդաբար ձեւավորած ուժեղ հարաբերություններ Ռուսաստանի քաղաքական ուժերի հետ, գաղտնիք չէ: Բայց այն, որ նրանց կողքին մյուս քաղաքական ուժերն այդ ասպարեզում ավելի համեստ ներդրում ունեն, շատ ափսոս է, որ այդպես է: Ի վերջո, նրանք էլ կարող էին ներգրաված լինել ռուս գործընկերների հետ համագործակցությանը: Մինչդեռ բազմաթիվ քաղաքական գործիչներ փորձում են խուսափել այս թեմաներով խոսելիս, որովհետեւ կա՛մ չունեն ասելիք, կա՛մ չունեն գործընկեր, որի հետ պրակտիկ քաղաքականության մեջ կարող եմ համագործակցել: Ընդհանրապես, կոչ եմ անում Հայաստանի առաջին տասնյակում գտնվող կուսակցություններին Ռուսաստանում փնտրել եւ գտնել գործընկերներ, որոնց հետ միջկուսակցական կապերը զարգացնելով` կկարողանան մեր երկու քաղաքական դաշտերը մոտեցնել իրար:

Պարոն Սաֆարյան, այնուամենայնիվ, շատ քաղաքական ուժեր նախընտրում են առաջնորդվել բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ: Ի վերջո, ո՞րն է ճիշտ ուղին Հայաստանի Հանրապետության համար: 

– Մենք ապրում ենք շատ դժվար օրերում, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթանում է քաղաքակրթական հակամարտություն: Այդ քաղաքակրթական բախումը, որին 15 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, այսօր տեղի է ունենում: Իսկ Ռուսաստանում չափազանց զգայուն են վերաբերվում իրենց մերձավոր դաշնակիցների քաղաքական գործառույթներին: Մենք ձեզ հետ ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ Մերձբալթիկայից մինչեւ Կասպից ծովն ընկած ամբողջ շրջանում տարբեր ուժերի ազդեցության տակ կարող են բռնկվել աշխարհայացքային կողմնորոշումների միջեւ կոնֆլիկտներ: Հետեւաբար, ես կանգնած եմ համոզված այն դիրքերում, որ աշխարհաքաղաքական նախապատվությունների առճակատումը Հայաստանում լի է անկանկախետեսելի հետեւանքներով, ինչը կարող է մեծ դժբախտություն բերել մեր երկրրի համար: Ահա թե ինչու բաց, պարզ եւ թափանցիկ պետք է լինել մեր հիմնական քաղաքական գործընկերների համար` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արեւմուտքում: Այդ ազնիվ կեցվածքն ու համագործակցության պատրաստակամությունը կենսական անհրաժեշտության խնդիր է Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավի համար, ով էլ որ այդ վերնախավը լինի:

Ի դեպ, նախընտրական քարոզարշավի այս ընթացքում բավական ակտիվացել է ամերիկյան եւ արեւմտյան դիվանագիտական կորպուսը: Ինչպե՞ս եք վերաբերվում մեր ներքաղաքական գործերին այսպես բացահայտ խառնվելուն: 

– Զերծ կմնամ այս մասին արմատական դատողություններ անելուց: Ինձ հայտնի է, որ արեւմտյան դիվանագետները հիմա շրջում են հիմնական քաղաքական ուժերի գրասենյակներով եւ հանդիպումներ են ունենում նրանց հետ: Բայց, միեւնույնն է, մեր բնակչության 80 տոկոսը, եւ սա հաստատ թիվ է, Հայաստանի արդյունաբերական քաղաքականության զարգացումը, որպես մեր երկրում առկա տնտեսական դժվարությունների հաղթահարման միջոց, կապում է միայն Ռուսաստանի հետ: Սրտանց կուզենայի, որ ԱՄՆ-ն, որը Հայաստանի փորձառու գործընկերն է, մեր տնտեսության մեջ այնպիսի ներդրումներ աներ, ինչպիսին անում է Ռուսաստանը: Բայց, ցավոք, անցած 25 տարիները ցույց է տալիս, որ Ռուսաստանն է մեր գլխավոր առեւտրատնտեսական գործընկերը, մեր տնտեսության մեջ գլխավոր ներդրողը եւ մեր ռազմավարական ճյուղերի զարգացման օգտին միակ հանդես եկողը: Եթե իմ այս հայտարարությունը պետք է ընկալվի այնպես, որ առիթ տա մեր արեւմտյան գործընկերներին մտածելու, որ Հայաստանի սիրտը շահելու համար արժե նաեւ մեծացնել ներդրումների ծավալը եւ տնտեսական օգնության ձեռք մեկնել մեր ժողովրդին` իր համար այս դժվարին պահին, դրանից, ուղղակի, երջանիկ կլինեմ:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here