Քաղաքագետ. «ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ համագործակցությունը խոստանում է դրական տեղաշարժեր»

0
365

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի շրջանակներում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ: Այցի ընթացում Ս. Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ, որի ընթացքում գործընկեր երկու պետությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում փոխհամագործակցության վերաբերյալ հարցեր: Այդ թվում՝ կքնարկվի միջազգային, տարածաշրջանային արդիական խնդիրներ, հատկապես՝ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որին հաջորդել էր Ադրբեջանի արտգործնախարարի այցը, որի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը Հայստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ առանձին հանդիպումներում քննարկել էր ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

«Իրավունքի» հետ զրոյցում Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ անդրադառնալով ՀՀ նախագահի մոսկովյան այցի սպասելիքներին, նշեց որ ԼՂՀ հարցի կարգավորման խնդիրը մեկն է այն հարցերից, որոնք այսօր հայ-ռուսական համագործակցության եւ փոխգործակցության օրակարգում են. «Իմ կարծիքով՝ Մոսկվայում տեղի ունեցող այս բարձր մակարդակի հանդիպումները, եթե կարողանում են նպաստել, որպեսզի ԼՂՀ բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ շարժվի եւ վերսկսվի նորմալ բանակցային գործընթաց, ապա սա կարելի է համարել մեծ հաջողություն: Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատկերին, այս փորձերը շնորհակալ փորձեր են եւ պետք է հուսալ, որ դրանք կարող են օգտակար ավարտ ունենալ: Այս հանդիպումից պետք է սպասել նաեւ լուրջ հեռանկարներ մեր տնտեսության զարգացման համար: Եվրասիական տնտեսական միության անդամակցության երրորդ տարում արդեն ակնհայտ է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը խոստանում է դրանական տեղաշարժեր մեր տնտեսության բազմաթիվ ճյուղերի համար: Առաջինը գյուղատնտեսությունն է եւ վերամշակող արդյունաբերությունը, այստեղ Ռուսաստան արտահանմանն ուղղված արտադրությունների բազմապատկմանն ուղղակի այլընտրանք չկա: Հաջորդ ոլորտը ռազմարդյունաբերական համալիրն է: Մեր երկրում արդեն ունենք ընկալում, որ Հայաստանի տնտեսական կյանքի բարելավման որեւէ հնարավորություն առանց արդյունաբերական հետեւողական քաղաքականության իրականացման գոյություն չունի: Հետեւաբար միայն Ռուսաստանն է այն երկիրը, խոշոր ներդրողը, որը կարող է տեսականորեն եւ գործնականում շահագրգռված լինել Հայաստանի արդյունաբերական քաղաքականության զարգացմամբ: Հատուկ ուզում եմ նշել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ ունենք զարգացման ահռելի ռեսուրսներ եւ Ռուսաստանը նախապատվելի գործընկերների շարքում է: Եվրասիական տնտեսական միությունում մենք դարձել ենք Իրանի հետ բանակցող առաջատար երկիր, որովհետեւ միակ երկիրն ենք, որը սահման ունի ԻԻՀ հետ: Ռուսաստանը կարող է այս ոլորտում եւս ներդրումներ անել՝ զարգացնելու համար Իրանի եւ Հայաստանի միջեւ ստեղծվելիք ազատ տնտեսական առեւտրի գոտի: Այս ասպարեզը նաեւ լրջորեն հնարավոր է զարգացնել միայն Ռուսաստանի մեծածավալ ներդրումների շնորհիվ»:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here