Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան

0
361

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նման փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող պետության մեջ առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Այսօրվա աշխարհը ենթադրում է շատ ավելի արագ գործընթացներ, քան սրանից 10 տարի առաջ էր: Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ արտաքին քաղաքական գործընթացները շատ ավելի արագ զարգանան, եւ այս պայմաններում մեծանում է խորհրդարանականների դիվանագիտական գործառույթների դերը: Մենք պետք է փաստենք, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծագույն ներուժ ունի իրացնելու ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային բազմակողմ հարթակներում»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը ներկայիս կազմով ի զորու է բավականին արդյունավետ աշխատանք տանել խորհրդարանական համակարգում:

«Քաղաքական ուժերի տեսանկյունից այսպես լավ ներկայացված խորհրդարանում երկխոսության նորմալ գործընթաց է նկատվում. վերջին շրջանի անցուդարձից նկատելի է, որ գոնե կան իշխանություն եւ ընդդիմություն քննարկումները, ընդդիմությունը ակտիվ է կառուցողական քննադատությունների, առաջարկների տեսանկյունից: Այս պարագայում հնարավոր չէ , որ աշխատանքն արդյունավետ չլինի, եւ հատկապես՝ արտաքին քաղաքական, խորհրդարանական տիրույթում»,-եզրափակեց Միհրան Հակոբյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here