Ինչպե՞ս ավելի հզորացնել Հայաստանը՝ օգտագործելով եվրասիական ինտեգրացիան. Սաֆարյանը գիտի

0
338

Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները երկար քննարկումների արդյունքում՝ հայ-ռուսական հարաբերությունների, եվրասիական դաշտում գործընթացների, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում իրենց աշխատանքային փորձի արդյունքում ունեն որոշ առաջարկներ, որոնք մինչև սեպտեմբեր ներկայացվելու են Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը:

Եթե դրանք ընդունվեն, ապա շատ լավ և մենք էլ կաջակցենք, իսկ եթե չեն ընդունվի, ապա միևնույն է՝ դրանք օգտակար են, որպես առաջարկություն, քանի որ դրանց նպատակն ազնիվ է՝ հզորացնել Հայաստանը»,- ասաց նա ու ներկայացրեց առաջարկները:

Առաջին. Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կարծում են, որ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին կից կարելի է ստեղծել գիտա-փորձագիտական խորհուրդ: Սաֆարյանի խոսքով՝ այդպիսի խորհրդի ձեռնարկման աշխատանքներ եղել են դեռ 2008-2009թթ-ի ընթացքում, սակայն այն կարևոր չի դիտարկվել և գործընթացն ընդհատվել է: Բայց որակյալ փորձագետներից, լուրջ գիտնականներից, հասարակական դաշտում ճանաչված ու սիրված մարդկանցից բաղկացած այդ փորձագիտական խորհուրդը, ըստ բանախոսի, կարող է էապես ուժեղացնել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը, նպաստել նրա սոցիալական հենարանի ձևավորմանը և նպաստել ընդունվող որոշումների, առաջարկությունների, երաշխավորությունների որակի բարձրացմանը.

«Նույնը կարելի է անել նաև Ռուսաստանում՝ ՌԴ խորհրդարանի երկու պալատներում գործող ռուս-հայկական բարեկամության խմբերին կից, հավաքելով մեկ տանիքի տակ նշանավոր փորձագետների, վերլուծաբանների, հասարակական գործիչների, որոնք մասնագիտորեն գիտեն Հայաստանն ու Հարավային Կովկասը և պատրաստ են հայ գործընկերների հետ կառուցողական երկխոսության: Եվ նրանց մասնակցությամբ անցկացնել տարին երկու անգամ նիստեր»,- հնչեցրեց առաջին առաջարկն Արամ Սաֆարյանը:

Երկրորդ. Եվրասիական փորձագիտական ակումբի կարծիքով՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը կարող է օգտագործել հաջողված փորձը և ՀՀ և ՌԴ խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնել տարին մեկ անգամ Երևանում և Մոսկվայում: Այդ փորձը, մատնանշեց Սաֆարյանը, վերցված է Սերբիայի օրինակից, որտեղ վերջին տարիներին շատ լուրջ քննարկումներ էին ընթանում՝ ՌԴ հետ նոր բարիադրացիական հարաբերությունները ծառայեցնել ռուսական ներդրումների աճին սերբական տնտեսության մեջ, և ահա Սերբիան հարմար գտավ, որ իր խորհրդարանում տարին մեկ անգամ գումարվի սերբ-ռուսական խորհրդարանականների համատեղ նիստ, որին կմասնակցեն նաև ներդրումային վարկային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները.

«Մենք կարծում ենք, որ մեր երկիրը, որը հռչակել է նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, որին օդի ու ջրի պես պետք է լուրջ, նոր ներդրումներ, իրավունք ունի հայացքը նախևառաջ ուղղելու իր ռազմավարական դաշնակցի ՝ ՌԴ ուղղությամբ, գտնելու այդտեղ պետական և ոչ պետական սեկտորի նոր, էական շոշափելի ներդրումներ: Եվ այդ ներդրումները ստանալու ճանապարհին կարևոր քայլ է նաև մեր առաջարկած երկու խորհրդարանների տնտեսական հանձնաժողովների տարեկան մեկ անգամ արվող նիստը, որը կդառնա լուրջ խթան նոր ներդրումներ ներգրավելու համար»:

Երրորդ. ՌԴ գիտության ակադեմիայի համակարգում դեռ 2010-ական թվականների սկզբին ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերով խորհուրդ, որը գլխավորում էր ակադեմիկոս Գլազևը և որի նպատակն էր համակարգել գիտական հետազոտություններն ու ակադեմիական պոտենցիալը՝ ծառայեցնելու համար եվրասիական ինտեգրման խնդիրներին:

«Կարծում ենք, որ ՀՀ Ազգային գիտությունների ակադեմիայում ժամանակն է ստեղծել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին նվիրված խորհուրդ, որը նպատակ կունենար համակարգել ՀՀ ակադեմիայում և համալսարանական ակադեմիական գիտության ներուժը ինտեգրացիայի խնդիրները լուծելու, ինտեգրացիոն նոր պոտենցիալ հայտնաբերելու և այն Հայաստանի ուժեղացմանը ծառայեցնելու խնդիրները: Խորհուրդը կարող է համագործակցել ՌԴ գիտությունների ակադեմիայի և եվրասիական տարածքի մյուս ակադեմիական կենտրոնների հետ»,- նշեց նա:

Արամ Սաֆարյանի խոսքով, առաջիկա ամիսները լուրջ փնտրտուքների ժամանակ են լինելու և լավ կլիներ, եթե արևմտյան դաշտում աշխատող հայաստանյան հասարակական կազմակերպությունները նույնպես մտածեին այս ամենի մասին, նկատի ունենալով, որ նոյեմբերին ՀՀ-ն շրջանակային համաձայնագիր է ստորագրելու ԵՄ հետ: Կարևոր է գտնել պատասխաններ հետևյալ հարցերի՝ ի՞նչ նոր ձևաչափերով կարելի է ուժեղացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, ի՞նչ նոր ներկայանալի կառույցներ ու հարթակներ կարելի է ստեղծել, որոնք կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, օրինակ, Եվրոպայում և կարողանային նսպատել եվրոպական ներդրումների ծավալների զգալի աճին հայկական տնտեսության մեջ.

«Ես համոզված եմ, որ նոր ներդրումների փնտրտուքը լինելու է առաջիկա մեկ-երկու տարիների ՀՀ իշխանությունների ամենակարևորագույն խնդիրներից մեկը. Առանց լուրջ, շոշափելի ներդրումային մթնոլորտի փոփոխության և ներդրումների աճի մենք շատ դժվար ենք լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրները: Լուրջ հիմքեր կան մտածելու, որ մոտակա տարիներին ԵԱՏՄ տարածքի երկրների տնտեսությունները լուրջ աճ են արձանագրելու, իսկ որպեսզի ապահովվի արագընթաց ու առաջընթաց մեր տնտեսությունում, պետք է փորձել գտնել նոր ճանապարհներ՝ նոր գործընկերներ, նոր ներդրումներ, նոր գործընթացներ»,- հավելեց նա:

 

 

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here