Առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուծել արտաքին լուրջ խնդիրները. ՀՀԿ-ական

0
333

Խորհրդարանական կառավարաման մոդելում, որն իր ձևավորումը կավարտի 2018-ի ապրիլին, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների մոդելավորման համար այլ փիլիսոփայություն է պետք: Մի պայմաններում, որտեղ խորհրդարանի դերակատարությունը մեծանում է, մեծանում է նաև խորհրդարանի և խորհրդարանականների ընդգրկումը արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը: 

«Փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանի համար առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել՝ թողնելով դրանք միայն դասական դիվանագիտական խողովակներին: Այսօրվա աշխարհը ենթադրում է շատ ավելի արագ գործընթացներ, քան դեռ տասնամյակ առաջ էր և ՀՀ-ն չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- նշեց նա՝ կանխատեսելով խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը:

Հարցին՝ այս կազմով Ազգային Ժողովը ի զորու է ուժեղացնելու խորհրդարանական դիվանագիտությունը, Հակոբյանը նշեց, որ ուղղակի համոզված է դրանում, քանի որ ապրիլի 2-ից հետո ձևավորված խորհրդարանն արտացոլում է հայ հասարակության կամքը: Նրա խոսքով, դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ձևավորվել է ակտիվ երկխոսություն իշխանություն-ընդդիմություն հարթակում, իսկ հարևան Ադրբեջանի խորհրդարանում, մատնանշեց նա, ընդդիմություն առհասարակ չկա.

«Այս տեսքով խորհրդարանը շատ արդյունավետ գործելու է հատկապես արտաքին քաղաքական, խորհրդարանական դիվանագիտության տիրույթում»,- շեշտեց նա:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանն էլ նշեց, որ մինչև ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները արտաքին հարաբերությունների համակարգում աշխատող հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ, վերլուծաբաններ ու քաղաքագետներ իրենց առաջ խնդիր էին դրել ուսումնասիրել և հասկանալ՝ ի՞նչ լրացուցիչ նոր քայլեր կարելի է անել ուժեղացնելու համար մեր խորհրդարանական դիվանագիտությունը: Այս ամենի հիմքում նկատի ունենալով, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է դառնում ունենալ որակյալ, ուժեղ խորհրդարանական դիվանագիտություն՝ արդեն գործող միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու համար և եթե անհրաժեշտ է նաև նոր լրացուցիչ հարթակներ ստեղծելով, որտեղ Հայաստանի դիվանագիտական ու խորհրդարանական դիվանագիտության պոտենցիալը կկարողանան պատվավոր ներկայացնել ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծումը:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեծապես մեծանում է որակյալ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը, իսկ դրա համար ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերն ունենան հիմնավորված, գիտականորեն հղկված, քաղաքացիական տեսանկյունից անթերի քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներ, որոնք կկարողանան առաջ մղել միջազգային ասպարեզում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ ՀԿ-ները և ոչ պետական կազմակերպությունները, որոնք աշխատում են կառուցողական դաշտում և որոնց նպատակն է օգնել պետությանը լուծելու իր առջև դրված խնդիրները և բարելավելու երկրի իմիջը, այդ ուժերը կարողանան հարթակ ունենալ համագործակցելու խորհրդարանական ուժերի հետ և ստեղծելով որոշակի եռանկյունի՝ ԱԺ, ԱԳՆ և ոչ կառավարական կառույցներ, դրա մեջ հղկեն և բարձրացնեն ընդունվող քաղաքական որոշումների որակը»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով, խորհրդարանական դիվանագիտության ուժեղացման ուղղությամբ արդեն իսկ արվող քայլեր կան, ինչը ողջունելի է: Այն է՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ ստեղծվեց վերլուծական խորհուրդ, որի կազմում է նաև ինքը.

«Այն հանգամանքը, որ Ազգային Ժողովն ուզում է, որպեսզի երկրի ինտելեկտուալ պոտենցիալը ծառայի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթների հաջող իրականացմանը արդեն խոսում է այն մասին, որ կա համագործակցության ցանկություն: Սա խորհրդարանում նոր ձևչափ է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ թեև խորհրդարանն առաջին հերթին քաղաքական շահերի իրացման թատերաբեմ է, բայց կան խնդիրներ, որոնց համար պետք է օպերատիվ, որակյալ, կոմպետենտ լուծումներ՝ գրագետ խոսք և գործընկերների հետ գրագետ երկխոսություն: Եվ այստեղ է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների մեծացող դերը շատ օգտակար կարող է լինել:

 

 

Verelq.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here